Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կբողոքարկեն Վերաքննիչ դատարանի որոշումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, օգոստոս, 2018թ․

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի ապրիլի 11-ի որոշումը նախօրեին տրամադրվել է պաշտպանական խմբին: Պաշտոնաթող նախագահի փաստաբանները հայտնում են, որ բողոքարկելու են այն:

«Վերաքննիչ դատարանը չի փոփոխել առաջին ատյանի դատական ակտը, հաստատված է համարել կաշառքի դրվագով հիմնավոր կասկածի, ինչպես նաև խուսափելու հիմքի բացակայությունը: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին, որով առաջին ատյանի դատարանը մարտի 15-ին բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, ապա այս մասով պաշտպանական խումբը համամիտ չէ դատարանի որոշման հետ և գտնում է, որ դատարանը չի կայացրել իր լիազորություններից բխող որոշում, ինչպես նաև պատճառաբանված անդրադարձ չի կատարել պաշտպանների ներկայացրած բողոքներին», - ասված է Քոչարյանի պաշտպանական խմբի հաղորդագրությունում:

Առաջիկա օրերին պաշտպանական խումբը վճռաբեկ բողոք կներկայացնի:

Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբանները բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի մարտի 15-ի որոշումը, որով բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ և մերժվել էր գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ պաշտպանական խմբի միջնորդությունը: Առաջին ատյանի դատարանն արձանագրել էր նաև, որ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է:

Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Նրա, ինչպես նաև Մարտի 1-ի գործով մյուս մեղադրյալներ Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է, փաստաբաններն ասում են՝ ամենայն հավանականությամբ գործը դատարան կուղարկվի մայիսի կեսերին: