Մանվել Գրիգորյանի փաստաբանը պահանջել էր դատարանից պարտավորեցնել ՀՀ իշխանություններին իր պաշտպանյալին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, ինչպես նաև տեղափոխել Ֆրանսիայում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն հետագա ստուգման և բուժման նպատակով:
«Այս ընթացքում կառավարությունը արդեն կատարեց ըստ էության առաջին պահանջը, և Գրիգորյանը տեղափոխվեց քաղաքացիական հիվանդանոց: Այդ դրվագով, ըստ էության, արդեն բավարարվեց հարցը, օրակարգից դուրս եկավ: Ինչ վերաբերում էր արտերկիր տեղափոխելուն, կառավարությունը գրավոր ընթացակարգով էր դիմել այդ հարցով Եվրոպական դատարանին, գրեց, որ ինքը այդ պարտավորությունները անձին բուժելու հետ կապված կատարում է պատշաճ և հղում արեց քաղաքացիական հիվանդանոցում վերջինիս բուժվելու հանգամանքին», - ասաց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
Նա նշեց, որ, չնայած մերժմանը, Եվրոպական դատարանի որոշումից հիասթափված չէ, քանի որ իրավունք ունեն նորից դիմելու ՄԻԵԴ՝ եթե իր պաշտպանյալը նորից զրկվի պատշաճ բուժում ստանալու իրավունքից․ - «Վրդովվելու բացարձակ ո՛չ կարիք եմ տեսնում, ո՛չ էլ․․․ վերջին հաշվով ողջամիտ եմ տեսնում դատարանի նման դիրքորոշումը, որովհետև մեր պահանջը նա էր, որ անձը, չգտնվելով քաղաքացիական հիվանդանոցում, ունի բազմաթիվ լուրջ խնդիրներ հիվանդության հետ կապված, և այդ պահանջը ըստ էության բավարարվել է պետական լիազոր մարմինների կողմից»:
Մի շարք ծանր հոդվածներով մեղադրվող նախկին պատգամավորի փաստաբանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Եվրոպական դատարանի այս որոշումը նշանակում է, որ հիմնավոր չի եղել իրենց պահանջը, թե Գրիգորյանին անհրաժեշտ է անհապաղ Ֆրանսիա տեղափոխել։
Բաղդասարյանը պատասխանեց․ - «Այստեղ հնարավոր չէ էֆեկտիվ բուժել այնքանով, որքանով համապատասխան տեխնիկական միջոցները Հայաստանում գոյություն չունեն: Մենք հիմա էլ ենք այդ կարծիքին: Բայց այնքանով, որքանով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տվել է հնարավորություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը անձին նորմալ բուժելու, խնդիր չկա, թող բուժեն: Հետագայում, բնականաբար, նորից լինելու է էպիկրիզ, նորից լինելու է բժշկական կարծիք, որից հետո, եթե եղավ նույն դիրքորոշումը, որ էֆեկտիվ չէ, հնարավոր չէ, մենք իրավունք ենք վերապահելու մեզ, այդ հնարավորությունը տվել է մեզ դատարանը, նորից դիմելու իրենց»:
62-ամյա Մանվել Գրիգորյանը, ով, ըստ բժիշկների, լուրջ առողջական խնդիրներ ունի, այժմ բուժվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում։
«Միջինը, եթե չեմ սխալվում, օրեկան ստանում է հարյուր և ավել միավոր ինսուլին, որը արդեն բարձր ցուցանիշ է՝ բխող բացասական հետևանքներով», - փոխանցեց փաստաբանը:
Գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործը քննելու է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
Դատավոր Մարտիրոսյանը նախկինում կայացված բազմաթիվ աղմկահարույց վճիռների հեղինակ է, բազմաթիվ իրավապաշտպաններ նրան մեղադրել են ընդդիմադիրներին ազատազրկելով՝ նախկին իշխանության պատվերը կատարելու մեջ։
Փաստաբանը չցանկացավ պատասխանել՝ դատավորի առնչությամբ մտահոգություններ ունե՞ն, թե՞ ոչ․ - «Ձեռնպահ կմնամ կոնկրետ դատավորի անձի հետ կապված կարծիք հայտնելուց։ Ուղղակի այս գործի շրջանակներում բազմիցս պաշտպանական կողմը բարձրաձայնել է (միջանկյալ դատական ակտերի հետ կապված նկատի ունեմ), որ տեղի է ունենում ընտրովի արդարադատություն: Հուսանք, որ դատաքննությունը գոնե մինիմալ ձևով կգնա օբյեկտիվ»: