Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները։ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի փոխանցմամբ՝ սեպտեմբերից մինչ այսօր գյուղում որևէ կրակոց չի եղել։ Զարմացել են, սահմանին հրադադարի ռեժիմը պահպանվում է․ - «Որևէ կրակոց չկա: Էդ հրադադարը ամբողջությամբ պաշտպանվում ա: Ի զարմանս մեզ, էս քանի ամիս ա նորմալ ա, խաղաղություն ա»:
Գյուղացիներն այս տարի, նախորդ տարվա համեմատ, ավելի շատ հողատարածքներ կմշակեն ամբողջությամբ ադրբեջանական նշանառության տակ գտնվող Չինարիում։
Գյուղապետի խոսքով՝ այս տարի նոր այգիներ են տնկվել․ - «Բավականին առաջընթաց կա մեր մոտ պտղաբուծության պահով: Արտահանեցինք անցած տարի թուզը դեպի Ռուսաստանի Դաշնություն, ու մարդիկ ոգևորված էս տարի մոտավորապես մի տասը հեկտարի կարգի արդեն նոր այգիներ են հիմնել, ճնշող մեծամասնությունը` թուզ: Հիմնականում պտղի վրա են աշխատում: Կամաց-կամաց խաղաղության դեպքում արդեն կաշխատենք արդեն էն վտանգի տակ գտնվող հողերը բերենք հին տեսքի և օգտագործենք»:
Երկու օր առաջ Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ բանակցություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները արձանագրել էին, որ հակամարտող կողմերը շահագրգրված են շփման գծում իրավիճակի կայունացմամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ։
Կողմերը նաև պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել, որպեսզի հնարավոր լինի կալանավորված անձանց մտերիմների այցելությունը։
Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, Ադրբեջանում երեք հայեր են պահվում՝ Արսեն Բաղդասարյանը, Զավեն Կարապետյանը և 2018 թվականի հուլիսին Ադրբեջանի տարածքում հայտնված ու մոտ մեկ ամիս առաջ 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանը: Նրանց պաշտոնական Բաքուն համարում է դիվերսանտ: Հայկական կողմը հերքում է Ադրբեջանի պնդումները:
Տավուշի մարզի Բերդավան գյուղից Կարեն Ղազարյանի հայրը՝ Արմեն Ղազարյանն «Ազատությանը» փոխանցեց, որ լսել են արտգործնախարարների պայմանավորվածության մասին, բայց դեռ որևէ գործնական քայլ չի իրականցվել Ադրբեջանում ազատազրկման դատապարտված որդու հետ շփումները կազմակերպելու առումով: Հոր խոսքով, անցած տարվա հուլիսից մինչև այսօր որևէ տեսակի շփում չեն ունեցել Կարեն Ղազարյանի հետ: Թեև նրան Կարմիր Խաչի միջոցով նամակներ են ուղարկել, բայց որդուց պատասխան չեն ստացել:
«Ոչ մի անգամ մենք չենք շփվել», - ասաց Արմեն Ղազարյանը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Ազատությանը» փոխանցեց, որ փոխադարձ շփումների մասին առայժմ ոչինչ չեն կարող հրապարակել․ - «Մեր կազմակերպությունը պատրաստակամ է իր անկախ, անկողմնակալ միջնորդի դերում աջակցել կողմերին և իրենց մարդասիրական հեռանկարներին»:
Հայկական կողմում այս պահին չորս ադրբեջանցի կա: Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը ձերբակալվել են 2014 թվականին Լեռնային Ղարաբաղի տարածքում: Լեռնայի Ղարաբաղի դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով մի շարք ծանր հանցանքների, այդ թվում սպանության համար:
Երրորդ ադրբեջանցին Էլնուր Հուսեյնզադեն է, նա ձերբակալվել է 2017 թվականին Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի մոտակայքում: Չորրորդը 33-ամյա Էլվին Արիֆօղլու Իբրագիմովն է, որին այս տարվա մարտին հայտնաբերել էին հայ դիրքապահները Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում:
Նախարարները մոսկովյան հանդիպումից հետո նաև մարդկանց շփումների, լրագրողների փոխայցելությունների համար համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ գործնական աշխատանք սկսելու պատրաստակամություն էին հայտնել։ Իսկ երեկ Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան ռուսաստայան Կոմերսանտին ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է ընդունել հայաստանցի լրագրողներին։
«Բաքվում մշտապես տրամադրված են եղել պայմանների ստեղծմանը, որոնք կնպաստեին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերական փոխըմբռնման ձևավորմանն ու ամրապնդմանը», - հայտարարել է Աբդուլաևան։