Պորոշենկոն համաձայնել է մասնակցել ապրիլի 19-ի բանավեճին

Ապրիլի 19-ի երեկոյան Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում նախատեսված հեռուստաբանավեճն ըստ ամենայնի կկայանա: Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի նախընտրական շտաբն այսօր պաշտոնապես տեղեկացրել է, որ իրենց թեկնածուն ուրբաթ օրը Կիևի ժամանակով ժամը 19-ին կժամանի մարզադաշտ:

Ավելի վաղ Պորոշենկոյի թիմակիցները հայտարարում էին, թե Ուկրաինայի Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որպեսզի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուների դեբատները կայանան Հանրային հեռուստատեսության տաղավարում: Ապրիլի 14-ին Պորոշենկոն արդեն իսկ ժամանել էր «Օլիմպիյսկի», սակայն նրա մրցակիցը` կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին շարունակում էր պնդել, որ դեբատները պետք է կայանան բացառապես մարզադաշտում և բացառապես քվեարկությունից երկու օր առաջ` ապրիլի 19-ին: Այժմ արդեն կողմերի դիրքորոշումներն աստիճանաբար մերձենում են:

Երեքշաբթի երեկոյան հայտնի դարձավ, որ Պորոշենկոյի և Զելենսկու նախընտրական շտաբերը համաձայնության են եկել մարզադաշտի վարձակալության պայմանների շուրջ:

Դրանից հետո, սակայն, կողմերը կրկին սկսեցին վիճել դեբատների կազմակերպման տեխնիկական մանրամասների շուրջ, ինչի հետևանքով կեսգիշերին մոտ Վլադիմիր Զելենսկին ստիպված եղավ հատուկ հեռուստաուղերձով հանդես գալ:

«Այժմ ես գտնվում եմ «Օլիմպիյսկի» մարզադաշտում: Պետք է ասեմ, որ բանավեճի շուրջ բանավեճը շարունակվում է:Մենք այստեղ արդեն իսկ բեմ էինք կառուցել, սակայն այսօր տեղեկացանք, որ խոտածածկի մյուս կողմում Պորոշենկոյի շտաբի նախաձեռնությամբ սկսել են ևս մեկ բեմ կառուցել: Որտե՞ղ եք տեսել նման բանավեճ, երբ ամեն մի թեկնածուն իր առանձին բեմը ունի: Նրանք շարունակում են տարանջատել մարդկանց՝ ինչու են դա անում, ես չեմ հասկանում», - ասում էր Զելենսկին` կոչ անելով Ուկրաինայի քաղաքացիներին ուրբաթ երեկոյան ժամանել «Օլիմպիյսկի» մարզադաշտ և հետևել նախագահության թեկնածուների բանավեճի ընթացքին:

Ուկրաինացի սոցիոլոգների պնդմամբ, սակայն, ապագա բանավեճը հազիվ թե լրջորեն ազդի ընտրազանգվածի տրամադրությունների վրա: Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի փոխտնօրեն Անտոն Հրուշեցկու համոզմամբ՝ գործող նախագահը հաղթանակի որևէ շանս չունի:

«Ինչ վերաբերում է այն ընտրողներին, որոնք արդեն իսկ կողմնորոշվել են, ապա նրանց 72 տոկոսը պատրաստվում է քվեարկել Վլադիմիր Զելենսկու, 25 տոկոսը` Պետրո Պորոշենկոյի օգտին: Եվս 2 տոկոսը մտադիր է իր քվեաթերթիկն անվավեր դարձնել», - նշում է Հրուշեցկին:

Կիևում գործող մեկ այլ սոցիոլոգիական ծառայության` «Ռեյտինգ» հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման համաձայն ևս Վլադիմիր Զելենսկու վարկանիշն ավելի քան կրկնապատիկ բարձր է Պետրո Պորոշենկոյի կողմնակիցներից թվից:

Ապրիլի 5-10-ը Ուկրաինայի ավելի քան 3 հազար բնակիչների շրջանում անցկացված հետազոտության համաձայն՝ Զելենսկու օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 51, իսկ Պորոշենկոյի օգտին՝ միայն 21 տոկոսը: Ընտրողների ևս 18 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, ամեն տասներորդ ուկրաինացի ընտրողն էլ, հարցման համաձայն, առաջիկա կիրակի չի քվեարկելու:

Կիևի շարքային բնակիչների համոզմամբ՝ Զելենսկու անխուսափելի թվացող հաղթանակի գլխավոր պատճառը ուկրաինացիների շրջանում առկա խորը հիասթափությունն է:

«Այս ամենը կարելի է բացատրել այն մեծ հիասթափությամբ, որ առկա է Պետրո Պորոշենկոյի նախագահության առաջին ժամկետից: Մեծ հույսեր կային, որոնք այդպես էլ չարդարացան: Այդ իսկ պատճառով բողոքավոր ընտրազանգվածը քվեարկում է Զելենսկու օգտին», - Reuters-ի թղթակցի հարցին ի պատասխան նշում էր Կիևի բնակիչ Մաքսիմ Մելնիչուկը:

Առաջիկա կիրակի քվեարկությանը մասնակցելու են նաև Դոնբասում` շփման գծի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների զինծառայողները: Զելենսկու հնարավոր հաղթանակը նրանցից շատերին ևս չի զարմացնում:

«Նախկին կալանավոր նախագահ ունեցել ենք, հրուշակագործ-գործարար նախագահ ունենք: Այնպես որ, եթե նոր դեմքեր լինեն, սարսափելի չէ», - նշել է ուկրաինական բանակի մի զինծառայող: