Հենրիխ Մխիթարյանը և «Արսենալ» ֆուտբոլային ակումբը կստանան ՈւԵՖԱ-ի լիակատար աջակցությունը, որպեսզի հայ ֆուտբոլիստը Բաքու մեկնելու վիզա ստանա, եթե «Արսենալ»-ը հասնի Եվրոպայի լիգայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ: Այս մասին ՈւԵՖԱ-ի մամուլի խոսնակն ասել է ESPN սպորտային կայքին:
Եզրափակիչ խաղն անցկացվելու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ մայիսի 28-ին:
ESPN-ը հիշեցնում է, որ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում Մխիթարյանը խաղադաշտ դուրս չէր եկել Բաքվի «Ղարաբաղ» թիմի հետ «Արսենալ»-ի խաղում: «Ղարաբաղ»-ի մարզիչ Կուրբան Կուրբանովն ասել էր, թե լոնդոնյան ակումբը վախեցել էր Բաքու գալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագի հետ:
2015 թվականին ևս Մխիթարյանը Բաքու չէր մեկնել Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում ադրբեջանական «Գաբալա» թիմի հետ խաղալու համար: Գերմանական ֆուտբոլային ակումբն ասել էր, թե Մխիթարյանին որոշել են թողնել Գերմանիայում «անվտանգության նկատառումներից» ելնելով, չնայած ադրբեջանական կողմը խոստացել էր նրան վիզա տրամադրել:
ESPN-ը նաև նշում է, որ, այդուհանդերձ, Հայաստանը 2015-ին մարզիկներ էր ուղարկել Բաքու՝ Եվրոպական առաջին խաղերին մասնակցելու համար:
ՈւԵՖԱ-ն հիմա հայտարարել է, որ բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի Մխիթարյանը վիզա ստանա, եթե «Արսենալ»-ը հասնի եզրափակիչ: «ՈւԵՖԱ-ի համար դա ընդունված կարգ է՝ աջակցության նամակներ հղել ազգային ֆեդերացիաներին, ակումբներին, կամ դեսպանատներին, ֆուտբոլիստներին վիզա տրամադրելու համար, թույլատրելով, որ նրանք խաղան ՈւԵՖԱ-ի առաջնության հանդիպումներում», - ասել է ՈւԵՖԱ-ի մամուլի խոսնակը:
Եվրոպայի լիգայի առաջնության կիսաեզրափակիչ մտնելու պայքարում ապրիլի 18-ին «Արսենալ»-ը խաղալու է Իտալիայում` «Նապոլի» թիմի դեմ: Առաջին հանդիպմանը սեփական հարկի տակ «Արսենալ»-ը հաղթել է 2:0 հաշվով: