«Բարգավաճ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծին. Մելքումյան

«Բարգավաճ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծին, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Այս կառուցվածքը չունի տարրական արդյունավետություն», - ասաց Մելքումյանը՝ շարունակելով. - «Տնտեսական հեղափոխություն այս կառուցվածքով չեք կարող անել և ԲՀԿ-ն միանշանակ դեմ է քվեարկելու այս նախագծին»:

Կառավարության կառուցվածքային փոփոխությունների այս նախագծով 5 նախարարություն կրճատվելու է՝ նախկին 17-ի փոխարեն կգործի 12-ը: Կկրճատվի առաջին փոխվարչապետի պաշտոնը՝ երեքի փոխարեն երկուսը կմնան: Կրթության, Սպորտի և Մշակույթի նախարարությունները կմիավորվեն: Գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Սփյուռքի նախարարությունը կլուծարվի, դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում կլինի Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ՝ 25 հաստիքով: Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կշարունակեն գործել վարչապետի ենթակայության ներքո:

Այս համակարգը նախկին ընդդիմությունը բնութագրում էր որպես սուպերվարչապետական: