Եվրոպական դատարանը մերժել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով ներկայացված միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը, հայտնում է Արդարադատության նախարարությունը։
Մանվել Գրիգորյանի փաստաբանը պահանջել էր դատարանից միջանկյալ միջոց ձեռնարկել՝ պարտավորեցնելով Հայաստանի իշխանություններին Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, ինչպես նաև նրան անհապաղ տեղափոխել Ֆրանսիայում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն՝ հետագա ստուգման և բուժման նպատակով:
Արդարադատության նախարարությունից նաև հայտնում են, որ Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչը սահմանված ժամկետում ներկայացրել էր կառավարության դիրքորոշումը Եվրոպական դատարան՝ մատնանշելով և տրամադրելով համարժեք բուժօգնության տրամադրման փաստը հաստատող բոլոր անհրաժեշտ տվյալները: Մասնավորապես նշվել էր, որ Գրիգորյանը կալանքի ողջ ընթացքում ստացել էր համապատասխան բժշկական օգնություն, պարբերաբար ստուգվել և ստացիոնար բուժում էր ստացել քաղաքացիական հիվանդանոցներում:
«Հիմք ընդունելով ներկայացված տեղեկատվությունը և բավարար համարելով ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերը՝ Եվրոպական դատարանը մերժել է միջանկյալ միջոց կիրառելու պահանջը», - ասված է հաղորդագրությունում:
6-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
2018-ի հունիսին Մանվել Գրիգորյանը կալանավորվեց, սակայն դեկտեմբերին ազատ արձակվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։ Նրա խափանման միջոց կալանավորումն առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով։ Փաստաբանների փոխանցմամբ՝ Գրիգորյանին ազատ արձակելու որոշման հիմքում դատարանը դրել էր 62-ամյա գեներալի տասնյակից ավելի հիվանդությունները։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համոզմամբ, սակայն, Գրիգորյանը պետք է մնա կալանքի տակ։ Հունվարի 22-ին Վերաքննիչ դատարանը բավարարեց Գրիգորյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը, և նա կրկին կալանավորվեց։
Նշենք, որ ծանր հոդվածներով մեղադրվող և կալանքի տակ գտնվող Գրիգորյանի փաստաբանները դիմել էին Ստրասբուրգի դատարան՝ հայտնելով, որ մի շարք հիվանդություններ՝ մասնավորապես շաքարային դիաբետ և թոքերի քաղցկեղ ունեցող իրենց պաշտպանյալը քրեակատարողական հիմնարկում պատշաճ բուժօգնություն չի ստանում։
Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը 4 հարց էր ուղղել Գրիգորյանի առողջական վիճակի և բուժման վերաբերյալ։ Մասնավորապես, դատարանը հարցրել է՝ արդյո՞ք դիմորդը պետք է հրատապ PET տոմոգրաֆիա, ուռուցքաբանական հետազոտություն և բրոնխոֆիբրոսկոպիա անցնի: Եթե այո, արդյո՞ք դիմորդը կարող է Հայաստանում անցնել վերոնշյալ հետազոտությունները: Բացասական պատասխանի դեպքում, կա՞ն արդյոք այլընտրանքային հետազոտության մեթոդներ, որոնք դիմողը կարող է անցնել:
Դատարանը նաև հարցրել էր Հայաստանի կառավարությանը, թե արդյոք դիմումատուի առողջական վիճակը պահանջում է նրան անմիջապես տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։
Եվրոպական դատարանը մինչև ապրիլի 3-ը ժամանակ էր տվել Հայաստանի կառավարությանը հարցերին պատասխանելու և տեղեկատվություն ներկայացնելու համար: Մինչդեռ Հատուկ քննչական ծառայությունը մարտի վերջին հայտարարեց, որ 62-ամյա Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով նշանակվել են ինչպես առաջնային, այնպես էլ միջգերատեսչական համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ:
«Թե´ առաջնային և թե´ հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացություններով, Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին», - ասել էր ՀՔԾ խոսնակը։