Դավիթ Սանասարյանը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է իրեն քրեական գործով կասկածյալ ներգրավելու լուրերը

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց լրատվամիջոցների լուրերը, համաձայն որոնց, նա որպես կասկածյալ է ներգրավվել Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) քննվող քրեական գործով, որն առնչվում է ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերին։

«Ազատության» հարցին՝ իրեն ներգրավե՞լ են որպես կասկածյալ, Սանասարյանը պատասխանեց՝ նախաքննական գաղտնիք է, և հավելեց՝ գործին չվնասելու համար չի կարող որևիցե տեղեկություն տալ։

Իսկ հարցին, թե կանչե՞լ են իրեն հարցաքննության, Սանասարյանն արձագանքեց՝ այս փուլում ոչինչ չի ասելու. «ԱԱԾ-ից տեղեկացեք»։

Պետական վերահսկողական ծառայության Դավիթ Սանասարյանը հավելեց՝ ինքն է կոչ արել ԱԱԾ-ին նախաքննության փուլում զգույշ լինել, և գործին չվնասելու համար ինքն էլ չի կարող տեղեկություն տալ։

«Կսպասենք մինչև ԱԱԾ-ն պաշտոնական տեղեկատվություն հայտնի։ Ես շահագրգռված եմ, որ ամբողջությամբ այս գործը բացահայտվի, և որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն», - փոխանցեց Սանասարյանը։

ԱԱԾ-ն ավելի վաղ կալանավորել էր Սանասարյանի ղեկավարած ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանին, գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանին ու «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանին՝ հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործով: Ավելի ուշ Գևորգ Խաչատրյանն ազատ է արձակվել կալանքից՝ նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։

Ըստ ԱԱԾ-ի՝ ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, առերևույթ անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-19 թվականների ընթացքում ապօրինի կերպով միջամտել են առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների համար բժշկական սարքավորումների ձեռքբերման, գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առևտրային կազմակերպության հաղթանակը:

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ կալանավորված աշխատակիցները որակյալ մասնագետներ են, բայց եթե ապացուցվի նրանց մեղքը, թող պատժվեն։ Սանասարյանը նշել էր՝ գերեզմանոցում էլ լինի, պայքարելու է մենաշնորհի դեմ։

ՊՎԾ պաշտոնյաները մեղադրվում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Պաշտոնյաներն իրենց առաջադրված մեղադրանը չեն ընդունում, պնդում են՝ օրենքի շրջանակներում մենաշնորհի դեմ են պայքարել։