Քաղաքապետարանում «Սանիթեքի» հետ աշխատանքների համակարգման պատասխանատու Հարություն Խաչատրյանի խոսքով, իրենք ամեն օր առավոտից մայրաքաղաքի տարբեր կետերից կուտակված աղբի լուսանկարներ են ստանում․ - «Խնդիրը նրանում է, որ պայմանագրով սահմանված պարտավարությունը, այսինքն՝ մեր աղբարկղը 80 տոկոսից ավելի լցված պետք է չլինի: Բայց արդեն մենք ենթադրում ենք, որ սա ոչ թե 80, այլ ավելին է, և այստեղ պարզ է, որ աղբահանությունը հաստատ մի քանի օր չի իրականացվել»:
Լուսանկարներն անմիջապես ուղարկում են «Սանիթեք»։ Պայմանագրով ընկերությունը պարտավոր է արագ արձագանքել ու լուծել խնդիրը, սակայն «Սանիթեքը» երկար ժամանակ է՝ չի արձագանքում։ Բնակիչներն էլ արդեն տևական ժամանակ է՝ բողոքում են, զանգում ընկերություն։
Քաղաքապետարանում ամեն օր փաստագրում են «Սանիթեքի» թերացումներն ու չկատարած աշխատանքերը։
Ըստ Հարությունյուն Խաչատրյանի՝ այդ տվյալները կարող են հիմք ծառայել «Սանիթեքի» հետ կնքված պայմանագիրը խզելու համար․ - «Որոշակի իրավական հիմքերը պետք է փաստարկված լինեն, որպեսզի խնդիրը վերջնական հասնի պայմանագրի լուծմանը, դա հնարավորություն տա, որպեսզի մենք կարողանանք այդ գործընթացը սկսել»:
Քաղաքային իշխանությունները նաև «Սանիթեքին» այլընտրանքային տարբերակ են փնտրում։ Սանմաքրման երկրորդ օպերատորը կարող է հենց քաղաքապետարանը դառնալ։ Մինչ այդ, քաղաքապետարանի՝ 24 նոր աղբատար բեռնատար մեքենաների ձեռքբերման գործընթացը կասեցված է՝ դատական գործընթացների պատճառով։
«Մրցույթը իրականացվել է գնումների մասին օրենսդրությանը ամբողջությամբ համապատասխան: Կազմակերպություններից մեկը, որը անմիջական մասնակցություն չէր ունեցել գնումներ պրոցեսին, բողոքարկեց դա», - փոխանցեց Խաչատրյանը:
Իրավական գործընթացի ավարտից հետո միայն քաղաքապետարանը կարող է գործի դնել նոր աղբատար մեքենաները։
Այսօր «Ազատությունը» փորձեց մեկնաբանություններ ստանալ նաև «Սանիթեքից», սակայն մեր հարցերին ծանոթանալուց հետո խուսափեցին պատասխանել։
Շաբաթ օրը ընկերությունը, հայցելով երևանցիների ներողամտությունը, տեղեկացրել էր, թե քաղաքապետարանի հետ քննարկումները «շատ մոտ են հանգուցալուծմանը»: Ըստ «Սանիթեքի, այդ քննարկումները պետք է հանգեցնեն քաղաքի անխափան ու բարձր մակարդակի աղբահանությանը։