Բացառիկ ձևաչափ ունեցող այս ինքնատիպ համերգին մասնակցում են Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, և Fifth Season խումբը, որի կազմում են անվանի երաժիշտներ Վահագն Հայրապետյանը, «Գրեմմի»-ի մրցանակակիր Արտո Թունչբոյաջյանը, Մակար Նովիկովն ու Սամ Սարյանը:
Համերգային ծրագիրն ընդգրկում է Արտո Թունչբոյաջյանի և Վահագն Հայրապետյանի նոր, ինքնատիպ ստեղծագործությունները:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը երաժիշտներն ընդգծում էին, որ այս համերգով մի նոր երաժշտական ճանապարհ են բացում հատկապես երիտասարդների համար:
Վահագն Հայրապետյան․ - «Երևի թե այս համերգը հենց այդ ճանապարհի սկիզբն է, որովհետև անկեղծ մի պլատֆորմ ենք սարքում վաղվա երիտասարդ երաժիշտների, ստեղծագործողների միտքը բաց անելու համար: Վախը պիտի չլինի: Օրինակ, Ալան Հովհաննես: Ինքը աշխարհի ձայն ա հանել իր երաժշտության մեջ, չի վախեցել մի տեղ սխալ նոտա լինի: Որովհետև ինքը տենց չի մտածում: Էդ վախը պիտի հանենք մեր մեջից»:
Արտո Թունջբոյաջյանը համոզված է, որ համերգը անտարբեր չի թողնի ոչ մեկին․ - «Շատ տաղանդավոր երիտասարդներ կան, բայց ցավալի է, որ նրանք չեն կարող մի տեղ գտնեն, որ իրենց մտքերն առաջարկեն: Շատ ուրախ եմ, որ երիտասարդները շատ մոտ են իրենց ստեղծագործելու վստահությունը ունենալու համար»:
Հայաստանի պետական նվագախմբի ղեկավար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ երաժշտության զարգացման ընթացքը անվերապահորեն կապված է նորարարությունների հետ, և ահա իրենք փորձում են նաև այդ ճանապարհով գնալ․ - «Ամբողջ երաժշտության պատմությունն է էքսպերիմենտ, նույնիսկ այս Fifth Season խմբի հետ համագործակցությունը: Մենք կամերային նվագախումբ ենք, դասական նվագախումբ ենք, և մեզ մոտ մաքուր գրված նոտաներ են, մենք նվագում ենք հստակ պարտիտուրա: Բայց միաժամանակ, այն, ինչ իրենք պետք է ավելացնեն այդ նոտաների վրա, մեզ համար մինչև վերջին վայրկյանը մնալու է գաղտնի: Երաժշտությունը փիլիսոփայական մոտեցում է ձայնին, դա ինքնըստինքյան արդեն փիլիսոփայություն է: Մենք մնում ենք դասական, բայց միշտ մենք գնում ենք դեպի նորությունը: Նորությունը միշտ էլ հետաքրքիր է, որովհետև նույն այս դասական երաժշտությունը այսօրվա ժամանակակից կոմպոզիտորների, դա նորություն է»:
«Ազատություն» հարցին, թե արդյոք կան հետագա համագործակցության հեռանկարներ, Մարտիրոսյանն արձագանքեց․ - «Սա մեր առաջին փորձն է: Տեսնենք: Եթե ստացվում է, եթե բոլորս էլ հաճույք ենք ստանում դրանից, իհարկե սկսում ենք շարունակել աշխատել: Մենք Վահագնի հետ արդեն քանի անգամ աշխատել ենք, և երբ Վահագնն ասեց, որ ուզում են մեզ հետ աշխատել, մեծ ուրախությամբ համաձայնեցին»: