Ազգային ժողովի նիստը մեկնարկեց թեժ մթնոլորտում

ՀՀ ԱԺ նիստ, արխիվ

Ազգային ժողովի հերթական նիստն այսօր մեկնարկեց թեժ մթնոլորտում: Կրքերը բորբոքվեցին «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի շուրջ: ԲՀԿ-ն առաջարկում էր զինվորին առաջնագծում մարտական հերթապահություն թույլատրել ներկայիս 6 ամսվա փոխարեն մեկ տարվա զինվորական փորձառություն անցնելուց հետո:

«Մենք ընդունում ենք, որ առաջնագծում չպիտի ծառայեն 18 տարեկան զինվորներ, առաջնագծում պիտի ծառայեն բացառապես և միայն պայմանագրային զինվորները։ Հարցը քննարկել ենք պայմանագրային զինվորների հետ, հարցը հանգամանալի քննարկել ենք նաև ռազմական ոլորտի մասնագետների հետ», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Ազգային ժողովի իշխող մեծամասնություն «Իմ քայլը» խմբակցությունում սա խնդրի լուծում չեն համարում: Առայժմ միայն պայմանագրային զինծառայողներով առաջնագիծը պահել չեն կարող, հիմնավորեց իշխանական պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Ինչ-որ տեղ ճիշտ է, որ պայմանագրային զինծառայող լինեն, բայց մեր պայմանագրային զինծառայողների ոչ մակարդակը, ոչ էսօր հնարավորությունը, ոչ էլ աշխատավարձը չի կարող ապահովել մեր պետությունը։ Մենք էսօր պիտի ամեն ինչ անենք, պատրաստ լինենք պատերազմի, պարզ ասում եմ հենց էս բարձր ամբիոնից, վախենալու ու քաշվելու բան չկա», - նշեց Միքայելյանը։

Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովը նախագծին բացասական եզրակացություն էր տվել, նախագիծը նիստի օրակարգում էլ չընդգրկվեց՝ իշխող մեծամասնությունը դեմ քվեարկեց: ԲՀԿ-ից արձագանքեցին կոշտ ելույթներով: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը պատասխանեց ԲՀԿ-ականներին՝ նրանց մեղադրելով պոպուլիստական ելույթների համար:

«Էսօր մենք լսում ենք ելույթներ Գևորգ Պետրոսյանից՝ ողջամտության մասին, Նաիրա Զոհրաբյանից՝ զոմբիների մասին, ԲՀԿ-ի մասին, որ դեմ է եղել նախկինին, լո՞ւրջ եք ասում, ժողովուրդ։ Ակնհայտ է, որ մարտավարությունը ընտրված է սաբոտաժ անելու», - ասաց Դանիելյանը։

Պատասխանը չուշացավ: Նաիրա Զոհրաբյանը մոտեցավ ամբիոնին. «Համազասպ, մի քիչ զուսպ եղեք, մի եղեք էդքան մեծամիտ, ամեն օր պարտական եղեք Նիկոլ Փաշինյանին և Սասուն Միքայելյանին և ևս մեկ-երկուսին՝ Արարատ Միրզոյանին, որ Դուք այսօր այստեղ ուղղակի նստած եք, նստած եք զուտ պատահականորեն»։

ԲՀԿ-«Իմ քայլը» փոխհրաձգությանը հաջորդեց «Լուսավոր Հայաստան»-«Իմ քայլը» լեզվակռիվը, երբ «Իմ քայլից» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը փորձեց պատասխանել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի մեղադրանքներին, թե իշխանությունը գողանում է իրենց գաղափարները: Հայրապետյանի ելույթին զուգահեռ՝ «Լուսավոր Հայաստանից» Գևորգ Գորգիսյանն ու Մարուքյանը տեղերից ռեպլիկներ հնչեցրեցին, ինչը ավելի սրեց իրավիճակը: