Հայաստանը երկիր է, որն իր ուրույն ճանապարհն է անցնում. ԱՄՆ դեսպան

Այսօր «Ազատության» հյուրն էր Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին։ Ստորև ներկայացնում ենք զրույցի թարգմանությունը։

«Ազատություն». - Շնորհակալություն մեր բյուրո այցելելու համար: Ուզում եմ հարցազրույցը սկսել՝ հարցնելով Ձեր մասին: Ձեր թեկնածությունը հաստատելու շուրջ լսումները ԱՄՆ Սենատում այնքան էլ հեշտ չէին՝ ինչպես և նախորդ դեսպանների դեպքում: Կարո՞ղ եք պատմել այդ լսումների մասին, ի՞նչ կցանկանայիք առանձնացնել մեր լսարանի համար:

Թրեյսի. - Ես բարձր եմ գնահատում ինձ տրված հնարավորությունը՝ լսումների ժամանակ, խոսելու ԱՄՆ - Հայաստան հարաբերությունների համատեքստում ԱՄՆ կառավարության առաջնահերթությունների մասին, և ինչպես սենատոր Մենենդեսը և սենատոր Քորքերը՝ հանդիսանալով խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության ավագ ներկայացուցիչներ, հստակորեն մատնանշեցին՝ մենք գործընկերներ ենք, և երբ դեսպան է նշանակվում, նա ներկայացնում է բոլոր ամերիկացիներին: Կարծում եմ այստեղ առանցքային է այն հարցը, և այս մասին խոսվել է նաև լսումների ժամանակ, որպեսզի մենք ջանքեր գործադրենք Հայաստանի ժողովրդավարական օրակարգին աջակցելու ուղղությամբ: Ի՞նչ է դա նշանակում․ դա նշանակում է աջակցել քաղաքացիական հասարակությանը, դա նշանակում է ուժեղացնել անկախ լրատվամիջոցները: Իմ հաստատման լսումները դեսպան դառնալու գործընթացի կարևոր մասն էին:

«Ազատություն». - Կարո՞ղ եք մի փոքր պատմել Ձեր մասին, Ձեր նախկին գործունեության մասին՝ որպես դիվանագետ:

Թրեյսի. - Ես առաջին անգամ եմ նշանակվում դեսպանի պաշտոնում և շատ հպարտ եմ, որ ԱՄՆ դեսպան եմ նշանակվել Հայաստանում: Սրանից առաջ իմ վերջին արտասահմանյան ծառայությունը եղել է Մոսկվայում, որտեղ ես փոխդեսպանի պաշտոնն էի զբաղեցնում: Ես նաև աշխատել եմ Կենտրոնական Ասիայում՝ Թուրքմենստանում, Ղազախստանում և Ղրղըզստանում: Այս երկրները, իհարկե, Հայաստանի համար ոչ շատ հեռու հարևաններ են: Ես նաև Աֆղանստանում և Պակիստանում եմ աշխատել: Եվ, կարծում եմ, մի բան կարող եմ ասել բոլոր այդ նշանակումների մասին և այն մասին, թե ինչ փորձառություն եմ ես բերում իմ այժմյան պաշտոնում՝ դա իմ վճռականությունն է՝ աշխատելու իշխանությունների, ինչպես նաև հայաստանյան հասարակության բոլոր ներկայացուցիչների հետ՝ ամրապնդելու և խորացնելու մեր համագործակցությունը և հարաբերությունները:

«Ազատություն». - Հետաքրքիր է, ես չգիտեի, որ Դուք աշխատել եք նախկին Խորհրդային Միության այդքան շատ երկրներում: Եվ, փաստորեն, Դուք գիտեք բոլոր այս երկրների ընդհանուր խնդիրը՝ մենք նույն՝ խորհրդային ժառանգությունն ունենք, և դա նշանակում է, որ Դուք շատ լավ եք պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում հետխորհրդային տարածքը, ինչպիսին են հետխորհրդային երկրները:

Թրեյսի. - Այն, որ ես ընդհանուր պատկերացում ունեմ, ինչպես Դուք ձևակերպեցիք՝ այս տարածաշրջանի ընդհանուր ժառանգության մասին, իհարկե օգտակար է, բայց ես նաև տեսել եմ, որ Խորհրդային Միության փլուզումից հետո յուրաքանչյուր երկիր իր առանձնահատուկ ճանապարհն է անցնում, և Հայաստանը, կարծում եմ, հենց այդպիսին է՝ երկիր, որն իր ուրույն ճանապարհն է անցնում: Եվ բավական է հիշել անցյալ տարվա իրադարձությունները, որպեսզի պարզ դառնա, թե ինչպիսի հաջողությամբ է Հայաստանն անցնում իր այդ ճանապարհը:

«Հնարավորություն, դրական էներգիա, ոգևորություն»

«Ազատություն». - Այժմ եկեք խոսենք Հայաստանի նոր կառավարության մասին: Դուք արդեն գրեթե բոլորի հետ հանդիպել եք, այդ թվում՝ վարչապետի, հնարավորություն եք ունեցել խոսել նրանց հետ: Ինչպիսի՞ն է Ձեր առաջին տպավորությունը այդ մարդկանց՝ այդ երիտասարդ իշխանությունների մասին:

Թրեյսի. - Լեզվիս ծայրին միանգամից մի քանի բառ է գալիս՝ օրինակ՝ հնարավորություն, կամ՝ դրական էներգիա, ոգևորություն: Եվ, կարծում եմ, դա մեծապես համապատասխանում է մեր ընդհանուր օրակարգին, որն է՝ ժողովրդավարության զարգացումը: Եվ ես կարծում եմ, որ դա շատ առումներով անչափ կարևոր է՝ երկրի անկախությունը ամրապնդելու համար:

Եվ հետո՝ մեր զրույցներում քննարկել ենք բազմաթիվ հարցեր, թե ինչպես կարող ենք լուծել համատեղ հետաքրքրություն ներկայացնող խնդիրները, ինչպես օրինակ՝ կոռուպցիան արմատախիլ անելը, թեկուզ միջանձնային հարաբերությունների մակարդակում, որը անչափ կարևոր է: Այստեղ՝ Հայաստանում անչափ շատ է տաղանդավոր մարդկային ռեսուրսը․․․ Այնպես որ, մեր քննարկումները հարցերի բավականին լայն շրջանակ են ընդգրկել՝ Հայաստանի կառավարության առաջնահերթությունները և ծրագրերը, և այդ հարցում Միացյալ Նահանգների հնարավոր աջակցությունը:

«Մենք խրախուսում ենք կառավարության ձեռնարկած քայլերը»

«Ազատություն». - Այժմ եկեք խոսենք կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին: Նրանք կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ շատ վճռական քայլեր են ձեռնարկում, բազմաթիվ մարդիկ են ձերբակալվել, նրանց կոռուպցիոն մեղադրանքներ են ներկայացվել: Նրանք նաև ակտիվ քայլեր են ձեռնարկում հարկերի կրճատման, փոքր և միջին ձեռնարկատիրության համար բարենպաստ միջավայր ստեղծելու, մատչելի ու ավելի էժան վարկային միջոցներ ներգրավելու ուղղությամբ: Այժմ մարդիկ կարող են բանկերից վարկային միջոցներ ստանալ շատ ավելի ցածր տոկոսադրույքներով: Ինչպիսի՞ն է այս իշխանությունների իրականացրած քայլերի Ձեր նախնական գնահատականը: Նրանք ճի՞շտ քայլեր են իրականացնում, կա՞ն սխալներ, որոնք կարող եք մատնանշել:

Թրեյսի. - Հայաստանի իշխանությունների հետ մեր աշխատանքը կենտրոնացած է օրենքի գերակայությունը ամրապնդելու, իրավապահ համակարգը հզորացնելու, դատական համակարգը ուժեղացնելու վրա և ապահովելու այդ ինստիտուտների հաշվետվողականությունը ժողովրդի առաջ, դրանց գործունեության թափանցիկությունը բարձրացնելու վրա: Եվ դրանք այն ոլորտներն են, որոնցում մենք համագործակցում ենք իշխանությունների հետ և այդ գործընթացը մեզ հույսեր է ներշնչում: Կարծում եմ, այս ուղղությամբ դեռ աշխատանք կա անելու, և ցանկացած իշխանություն, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, այս ուղղությամբ անելիք ունի:

Դուք հիշատակեցիք հարկերը, և դա վերաբերում է թե՛ գործարար միջավայրին, թե՛ յուրաքանչյուր քաղաքացու: Իմ գնահատմամբ, շատ կարևոր է, որ կառավարությունը պայմաններ ստեղծի բիզնեսի համար, որպեսզի դաշտը լինի ազատ, թափանցիկ, կանխատեսելի: Կարծում եմ բիզնեսի համար դա է կարևոր, որպեսզի երկիրը գրավիչ դառնա, որպեսզի նրանք հաջողության հասնեն: Այս առումով, կարծում եմ, սա ևս մի ոլորտ է, որտեղ մենք խրախուսում ենք կառավարության ձեռնարկած քայլերը:

«Չեմ ուզում կարծիքներ հայտնել ընթացող դատական գործընթացների մասին»

«Ազատություն». ֊ Տիկին դեսպան, մենք գիտենք, որ մի շարք մեծ հնչեղության դատական գործընթացներ են ընթանում, անգամ երկրի Երկրորդ նախագահին է մեղադրանք ներկայացվել սահմանադրական կարգը տապալելու փորձի համար։ Հավանաբար Դուք հետևում եք այս դատական գործընթացներին։ Ձեր գնահատմամբ, Հայաստանի իշխանությունները այս հարցում գործում են Սահմանադրությանը համապատասխա՞ն, թե՞ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների գործողություններում ինչ֊ինչ խախտումներ եք տեսնում։ Դուք այստեղ, առհասարակ, ինչ֊որ խնդիր տեսնո՞ւմ եք։

Թրեյսի. ֊ Չեմ ուզում կարծիքներ հայտնել ընթացող դատական գործընթացների մասին։ Բայց ես տեսնում եմ, որ այս կառավարությունը ցանկություն է հայտնել ուժեղացնել ինստիտուտները, որոնք առանցքային դեր են խաղում օրենքի գերակայության հաստատման հարցում։ Այդ ինստիտուտներն են՝ դատարանները, Ոստիկանությունը, Արդարադատության նախարարությունը և այլ կառույցներ, որոնք կարևոր են կառուպցիայի հաղթահարման գործընթացի նկատմամբ վերահսկողություն սահմանելու տեսանկյունից։ Այդ առումով, մենք շարունակելու ենք խրախուսել այս իշխանությունների ջանքերը՝ այդ ուղղությամբ բարեփոխումներ իրականացնելու հարցում։ Եվ կարծում եմ, որ դրա հետևանքով կստեղծվի մի իրավիճակ, երբ ազատ, արդար դատական գործընթացներ տեղի կունենան, իսկ մարդկանց վստահությունը դատական համակարգի հանդեպ կաճի։

«Ազատություն». ֊ Եվ դուք նաև աջակցելու եք ամերիկյան փորձագիտական կարողություններով։

Թրեյսի. ֊ Մենք, անշուշտ, ներդնում ենք մեր փորձը դատական համակարգում և շարունակելու ենք դա անել։

1998 թվականից ի վեր ԱՄՆ֊ը տրամադրել է ավելի քան 2 միլիարդ դոլարի աջակցություն

«Ազատություն». ֊ Տիկին դեսպան, վարչապետը շատ բարեկամաբար է տրամադրված դեպի Միացյալ Նահանգները և Եվրամիությունը, սակայն մենք բոլորովին վերջերս լսեցինք նաև նրա քննադատությունը Միացյալ Նահանգների հասցեին։ Նա ասում էր, որ թեև ԱՄՆ֊ը ողջունել է Հայաստանի նոր իշխանություններին, այդ գովեստը չի ուղեկցվել Հայաստանին ուղղված ֆինանսական աջակցությամբ։ Ես մի փոքր վերաձևակերպեցի, բայց նրա ասածի էությունը դա էր։ Ի՞նչ կարող եք ասել վարչապետի այս հայտարարության մասին, Դուք դա ինչպե՞ս կմեկնաբանեիք։ Նա օգնությո՞ւն է խնդրում, թե՞ սա պարզապես քննադատություն է։

Թրեյսի. ֊ Ես շատ հպարտ եմ այն փաստով, որ 1998 թվականից ի վեր Միացյալ Նահանգները Հայաստանին է տրամադրել ավելի քան 2 միլիարդ դոլարի աջակցություն՝ զարգացնելով այն գործընկերային հարաբերությունները, որ մենք այսօր ունենք։

2018 թվականին մենք տրամադրել ենք 26.7 միլիոն դոլար, բայց միայն թվերով հնարավոր չէ ամբողջական պատկերացում կազմել ամերիկյան օգնության մասին։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը իրականացնում է բազմամյա ծրագրեր, որոնք այս պահին գործում են, և դրանց շրջանակներում տրամադրում է 66 միլիոն դոլարի հասնող աջակցություն։

Եվ ես նաև հպարտ եմ, որ Միացյալ Նահանգներն առաջին երկիրն էր, որը աջակցություն է ցուցաբերել ընտրությունների անցկացման գործում անցյալ տարվա ապրիլյան֊մայիսյան զարգացումներից հետո։ Մենք միակ երկիրն էինք, որը աջակցություն է ցուցաբերել անցյալ տարի անցկացված քաղաքային ընտրություններին։ Այնպես որ, կարծում եմ, մենք դա գործով ենք ապացուցել, և մենք քննարկում ենք հայաստանյան իշխանությունների հետ, թե մենք որ ոլորտներում կարող ենք շարունակել աշխատանքը և ես միայն լավ գործընկերային հարաբերություններ եմ տեսնում այստեղ։

«Մենք կցանկանայինք, որ Փաշինյան ֊ Ալիև շփումները շարունակվեին»

«Ազատություն». ֊ Եկեք խոսենք Լեռնային Ղարաբաղի մասին։ Սա Հայաստանի առջև հառնած կարևորագույն խնդիրներից մեկն է։ Եվ մենք գիտենք, որ Փաշինյանն առաջարկում է նոր երկխոսություն սկսել ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև։ Նա ցանկանում է խաղաղ գործընթացի մաս կազմել և նա անգամ ասել է, որ պատրաստ է անձամբ դիմել ադրբեջանցի ժողովրդին։ Մյուս կողմից, նա ասել է, որ ցանկանում է վերականգնել բանակցությունների սկզբնական ֆորմատը և Լեռնային Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղանի մոտ։ Սակայն, որքան հասկանում եմ, ադրբեջանական կողմը պատրաստ չէ ընդունել այս առաջարկը։ Ի՞նչ կարող եք ասել այս ուղղությամբ վերջին զարգացումների մասին։

Թրեյսի. ֊ Ինչպես գիտենք, այսօր Մոսկվայում տեղի է ունենալու արտգործնախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ, որին մաս է կազմում նաև Միացյալ Նահանգները։ Ես տեսնում եմ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում որոշակի՝ շատ դրական զարգացումներ են տեղի ունեցել, և ցանկանում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել դրանց վրա։ Վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև մի քանի՝ շատ լավ շփումներ են տեղի ունեցել, որոնք գնահատում եմ դրական և կառուցողական։ Մենք տեսնում ենք, որ Շփման գծում միջադեպերը նվազել են։

«Ազատություն». ֊ Արդեն մի քանի ամիս է՝ սահմանին զոհեր չեն եղել։

Թրեյսի. ֊ Այո, և դա հենց այս երկու առաջնորդների շփումների և երկխոսության արդյունքն է։ Մենք կցանկանայինք, որ դրանք շարունակվեին։ Բայց սա շատ բարդ բանակցային գործընթաց է, և մենք շարունակելու ենք աշխատել հակամարտության կողմերի հետ՝ փորձելով հասնել հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը։ Որովհետև, ի վերջո, Միացյալ Նահանգների տեսանկյունից՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կարող է մեծ դեր խաղալ ո՛չ միայն Հայաստանի, այլ ամբողջ տարածաշրջանի բարգավաճման և կայունության հարցում։

«Մենք Թուրքիայի հետ քննարկում ենք հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ տարածաշրջանի ապագայի հետ կապված»

«Ազատություն». ֊ Իսկ ի՞նչ կասեք Հայաստան ֊ Թուրքիա հարաբերությունների մասին։ Մենք գիտենք, որ կառավարությունը արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է երկխոսություն սկսել Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի, բայց մյուս կողմից որևէ արձագանք չկա։ Կարծում եք, որ ինչ֊որ բան տեղի կունենա՞ ապագայում, թե ոչ։

Թրեյսի. ֊ Մի փոքր դժվար է ենթադրություններ անել կամ կանխատեսել։ Ես, իհարկե, հույս ունեմ, որ Միացյալ Նահանգները կարող է խրախուսել այնպիսի շփումներ կողմերի միջև, որոնք կօգնեն խաղաղ հագուցալուծման հասնել Լեռնային Ղարաբաղում, ինչը, իհարկե, կարող է նաև օգնել Հայաստանի և Թուրքիայի միջև կամուրջներ ձգելուն և ընդհանուր միջավայրը բարելավելուն։

«Ազատություն». ֊ Տիկին դեսպան, մենք ինչ֊որ խողովակներ ունե՞նք՝ Միացյալ Նահանգների միջոցով Թուրքիայի հետ այս թեմայով բանակցելու համար։ Հաշվի առնելով այժմ Թուրքիայում ստեղծված բարդ իրավիճակը՝ այդ խողովակները բա՞ց են։

Թրեյսի. ֊ Մենք Թուրքիայի հետ քննարկում ենք հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ տարածաշրջանի ապագայի հետ կապված մեր մտահոգությունների և այստեղ կայունության հաստատման և բաց հարաբերությունների ձևավորվման մեր ցանկությունների մասին։ Այդ համատեքստում մենք, իհարկե, խոսում ենք Թուրքիայի հետ։

ԱՄՆ ֊ Հայաստան հարաբերությունների մասին. «Մենք շատ ավելին կարող ենք անել»

«Ազատություն». ֊ Եկեք խոսենք ԱՄՆ ֊ Հայաստան հարաբերությունների մասին։ Իհարկե, հարաբերությունները շատ լավն են, և մենք գիտենք, որ Միացյալ Նահանգներում, Կալիֆորնիայում հայկական մեծ սփյուռք կա։ Բոլոր նախադրյալները կան, երկու երկրները էլ ավելի մերձեցնելու՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով, բայց այս գործընթացը, կարծես թե, մի փոքր դանդաղ է ընթանում։ Ի՞նչ կարող եք ասել, մեր հարաբերությունները բարելավվո՞ւմ են, թե՞ որոշակի լճացում կա։

Թրեյսի. ֊ Ճիշտ հակառակը։ Ես կարող եմ մի օրինակ բերել. տառացիորեն երեկ երեկոյան ես մի միջոցառման մասնակցեցի, որը կոչվում էր «Հաքատոն»։ Այն անցկացվում էր Երևանի պետական համալսարանի Նորարարական տեխնոլոգիական լուծումների կենտրոնում՝ Հանրային լրագրության ակումբի հետ համագործակցությամբ։ Այս միջոցառմանը մասնակցում էին ձեռներեցներ, ՏՏ մասնագետներ, պետական պաշտոնյաներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր միասին փորձում էին բաց կառավարմանն ուղղված լուծումներ գտնել՝ ստեղծելով ծրագրային հավելվածներ, որոնք կարող են գործածվել շարքային քաղաքացիների կողմից՝ պետական ծառայություններից ավելի լավ օգտվելու համար։ Եվ Միացյալ Նահանգները այս միջոցառման գործընկերն էր և ֆինանսավորում էր այն։ Եվ ես կարծում եմ, որ սա մանրակերտն է այն գործընկերության, որը մենք ունենք և որը ապացուցում է, որ մենք շատ ավելին կարող ենք անել։ Այնպես որ, ես շատ լավատես եմ մեր հարաբերությունների հարցում։

«Ազատություն». ֊ Կարծում եք, որ այս հեղափոխությունից հետո, հարաբերությունները է՛լ ավելի կբարելավվե՞ն, քան նախկինում էր։ Այսինքն՝ հույս ունեք, որ հարաբերություններն ավելի արա՞գ կզարգանան։

Թրեյսի. ֊ Ես բնույթով լավատես եմ։ Հենց դրանում է կայանում դիվանագետի աշխատանքը՝ մենք միշտ լուծումներ և ուղիներ ենք փնտրում, որպեսզի բարելավենք իրավիճակը։ Այնպես որ այս հանգամանքը նկատի ունեցեք իմ խոսքերի ենթատեքստում։ Եվ չնայած ես կարճ ժամանակ է, որ այստեղ եմ, կա մի բան, որը ինձ լավատեսություն է ներշնչում. դա այն տաղանդն է, որ ես տեսնում եմ Հայաստանում, այն դրական էներգիան՝ կառավարությունից դուրս… և հետո, այս կառավարությունը մինչև այժմ աներկբայորեն արտահայտել է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու և բիզնեսի համար գրավիչ միջավայր ստեղծելու պատրաստակամությունը, և բավականին հետևողական է այդ հարցում։ Իհարկե, կարիք կա ամրապնդելու նախորդ տարվա ձեռքբերումները, բայց, ինչպես արդեն ասացի՝ առջևում կան հնարավորություններ և ես Հայաստանում տեսնում եմ այդ հնարավորությունները։

«Ես շատ ուրախ եմ լինել Հայաստանում»

«Ազատություն». ֊ Տիկին դեսպան, ո՞րն է Ձեր առաջին տպավորությունը Հայաստանից։ Դուք բոլորովին վերջերս եք եկել։ Եվ հետո՝ Դուք պատրաստվո՞ւմ եք հայերեն սովորել։

Թրեյսի. ֊ Իմ առաջին տպավորությունները՝ որ Հայաստանը բարեկամական, հյուրասեր, գեղեցիկ երկիր է։ Իմ ժամանելուց հետո ես առիթն օգտագործել եմ մի փոքր զբոսնելու։

Ինչ վերաբերում է իմ հայերենին՝ ես այդ ուղղությամբ աշխատելու եմ, բայց երևի ոմանք արդեն տեսել են իմ տարածած տեսանյութը, որտեղ ասել եմ հայերենով՝ «ես շատ ուրախ եմ լինել Հայաստանում»։