Համայնքի 23 տարվա ղեկավարին հրաժարականի հասցրած մի խումբ բնակիչներ կրկին հավաքվել էին, հիմա էլ դպրոցի տնօրեն Հոռոմսիմ Սարգսյանի հրաժարականն են պահանջում․ նա նախկին գյուղապետի դուստրն է ու այժմ ձերբակալված Նարեկ Մելքոնյանի մայրը:
Շաբաթ առավոտյան Զարթոնքում դեռևս գործող համայնքապետի կողմնակիցների ու նրա հրաժարականը պահանջողների միջև միջադեպ էր գրանցվել, որի ժամանակ Նարեկ Մելքոնյանը կրակոցներ էր արձակել բողոքող համագյուղացիների ուղղությամբ: Այսօր ակցիայի դուրս եկածները պնդում էին, որ իրենց երեխաներին դպրոց չեն տանելու, քանի որ տնօրենը իր հոր դեմ պայքարած ընտանիքների երեխաներին սպառնում է, հայհոյում:
Դպրոցում ստուգումներ սկսելու պահանջով Քրիստինե Ղուկասյանն էր նամակ ուղարկել մարզպետարան: Նա ասում է, որ դրանից հետո են սկսվել ճնշումներն իր ու իր դպրոցահասակ երեխայի նկատմամբ․ - «Ասել են՝ մաքրվի ստեղից, ոտդ ստեղ չտենանք: Էրեխուն ոտերդ կջարդենք»:
Քրիստինեն պնդում է, թե դպրոցում բազմաթիվ չարաշահումներ են արվում. մինչև հեղափոխությունը դրամահավաքից աչք չեն բացել, հիմա էլ համայնքապետի ազգականները չեն հեռանում դպրոցից․ - «Գյուղապետի երկու աղջիկներն են, գյուղապետի թոռներն են, գյուղապետի խնամիներն են»:
Զարթոնքի դպրոցի տնօրենը հեռանալու նպատակ չունի: Այո, հեռացած գյուղապետի դուստրն է, բայց մի՞թե դա պատճառ է․ - «Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ: Ես պատրաստ սպասում եմ ստուգումների»:
Նա կտրականապես հերքեց, թե ճնշումներ են եղել իր հոր հրաժարականը պահանջող ցուցարարների երեխաների նկատմամբ:
Տնօրենի քույրը դպրոցում աշխարհագրություն է դասավանդում, Երևանից գնում-գալիս է։ Հոռոմսիմ Սարգսյանն ասաց, թե կապ չունի, որ իրենք գյուղապետի աղջիկներն են․ մրցույթ է եղել, այլ հավակնորդ չի ներկայացել, ի՞նչ կա:
Այսօր դպրոցի 240 աշակերտներից 87-ը բացակա էին, ուսուցիչները՝ հուզված:
«Հիմա բոլորս էլ մտահոգ վիճակում ենք: Չեմ ասում լարված, բայց մտահոգ վիճակում ենք», - ասաց ուսուցչուհիներից Սիրվարդ Սարգսյանը:
Առավոտյան դպրոցում էլ ակցիայի փորձ է եղել: Տնօրենն ասաց իր ձերբակալված որդուն պաշտպանելու համար աշակերտական խորհուրդն է ոտքի եղել, վստահեցրեց, որ ինքն այդ ամենի հետ կապ չուներ:
Զարթոնքի միջադեպի հետևանքնով, Նարեկ Մելքոնյանից բացի, ձերբակալված է նաև ցուցարարներից Վարդան Պողոսյանի որդին:
Դպրոցի պահակը Վահան Հովսեփյանը խաղաղության կոչ է անում․ - «Խնդրում եմ, քնելուց առաջ մտածեք, գոնե էդ քյորփա էրեխեքի մասին մտածեք»:
Ցուցարարները նահանջելու միտք չունեն: Ասացին՝ դպրոցի տնօրենի հրաժարականն այնքան են պահանջելու, մինչև հեռանա, երեխաներին դպրոց չեն ուղարկելու:
Որոշեցին նաև Արմավիրի մարզպետին հեռակա կարգով հուշել, թե ում նշանակի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար․ - «Սուրեն Պողոսյանն ա, որին մենք բոլորս միաձայն պաշտպանում ենք»:
Սուրեն Պողոսյանն էլ ասաց, որ մեծ դժվարությամբ ցուցարարների թեկնածուն դառնալու համաձայնություն է տվել, և եթե նշանակվի, պիտի փորձի միավորել Զարթոնքը․ - «Սիրո և համերաշխության մթնոլորտ պետք է լինի: Ուրիշ ոչ մի բան»:
Այս հավաքը հենց գյուղապետարանի դռների մոտ էր։ Հրաժարական ներկայացրած համայնքապետը իրերը դեռ չի հավաքել: Աշխատակազմում լարված են ՝ մարդը հեռացավ, ինչու գյուղում չեն հանդարտվում։
Վիլգեմ Պետրոսյանը վրդովված էր՝ բոլոր հարսանիքներին գյուղի միասնության համար է բաժակ բարձացրել, հիմա ասում է՝ Զարթոնքը բաժան -բաժան արեցին․ - «Կա որ ախպերը գյուղապետի կողմն ա, քուրը՝ հակառակ կողմը»: