Ղարաբաղյան հարցով մոսկովյան բանակցությունները փակ են ընթանում

Մոսկովյան բանակցությունները փակ են։ Ռուսաստանի արտգործնախարարությունում այսօր անցել են ղարաբաղյան խնդրի կարգավորմանը նվիրված մի շարք հանդիպումներ. առավոտյան նախ հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները, այնուհետև կայացել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ ձևաչափով բանակցությունները, որին այնուհետև միացել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։

Հավելենք, որ մինչ այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ընդունել էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։

Ռուսական արտաքին քաղաքականության գերատեսչության տարածած կարճ հաղորդագրության համաձայն, Կարասինի հետ հանդիպմանը քննարկվել է բանակցային գործընթացի ներկայիս փուլն ու համանախագահող երեք երկրների ջանքերի կոորդինացումը։

Ավելի վաղ ռուսական ՏԱՍՍ գործակալությունը գրել էր, որ այսօրվա հանդիպումն անցնում է Ադրբեջանի և Հայաստան ղեկավարների՝ Վիեննայում մարտի 29-ին կայացած «առաջին պաշտոնական բանակցությունների լույսի ներքո»։

Որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներն առաջիկայում պետք է հանդիպեն, հայտնի էր դարձել Վիեննայում մարտի 29-ին կայացած հանդիպումից անմիջապես հետո։ Իսկ ապրիլի 6-իմ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, որ հանդիպումը Մոսկավում անցնելու է եռակողմ ձևաչափով՝ Մնացականյանի հետ հանդիպմանը ներկա է լինելու նաև Սերգեյ Լավրովը։

Հիշեցնենք՝ Վիեննայում կայացած բանակցություններից հետո նախ Հայաստան վարչապետն էր զանգել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ներկայացրել բանակցությունների ընթացքը, իսկ հաջորդ օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր զանգել Պուտինին։

Լավրովը հանդիպմանը մասնակցում է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի արտգործնախարար, հանդիպման նախօրեին հայտարարել էր Հայաստանի արտգործնախարարաության խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հիշեցնենք՝ Վիեննայում կայացած հանդիպմանը հետևել էր Մինսկի խմբի համանախագահների հաղորդագրությունը, որում, մասնավորապես, նշված էր, որ բանակցություններին Ալիևն ու Փաշինյանն ընդգծել են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը և հետագայում կոնկրետ ու շոշափելի քայլերի ձեռնարկումը՝ բանակցային գործընթացում խաղաղ լուծում գտնելու նպատակով։

Համանախագահների տարածած հաղորդագրությունում նշված էր նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են մի շարք քայլեր մշակել հումանիտար ոլորտում և շարունակել ուղիղ երկխոսությունը։

Ռուսաստանը, որոշ փորձագետների կարծիքով, ղարաբաղյան բանակցություններում նորից ուզում է ստանձնել գլխավոր միջնորդի դերը, ինչպես դա եղել է 2009-ից 2011 թվականներին, երբ Ռուսաստանի այդ տարիների նախագահ Դմիտրի Մեդվեդևը նախաձեռնել էր Հայաստան և Ադրբեջանի նախագահների շուրջ տասը հանդիպում։

Մեդվեդևի նախաձեռնությունը, հիշեցնենք, տապալվեց Կազանում 2011 թվականին, երբ վերջին պահին Իլհամ Ալիևը հրաժարվեց ստորագրել արդեն համաձայնեցված փաստաթուղթը։