«Իմ քայլից» Գայանե Աբրահամյանը չի բացառում՝ իշխանական խմբակցությունը կարող է և դեմ քվեարկել նախագահի ներկայացրած Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամի թեկնածուին։ Որոշում դեռ չունեն, կարծում է՝ ոչ թե ազատ, այլ միասնական կքվեարկեն:
Գոռ Հովհաննիսյանի ընտրվել-չընտրվելը մեծամասնություն ունեցող «Իմ քայլից» է կախված․ թեկնածուին ընտրվելու համար առնվազն 79 կողմ քվե է հարկավոր, այս խորհրդարանում առանց 88 հոգանոց իշխանական խմբակցության այդ ձայները հնարավոր չէ ապահովել:
«Այդ դիրքը այնքան կարևոր է, որ մենք չպետք է խուսափենք իրական դիրքորոշում արտահայտելուց, այսինքն եթե կարծում ենք, որ արժանի թեկնածու չէ, ապա որքան էլ լինի մերժումը, դրանից չենք կարող խուսափել։ Այո, չեմ բացառում, որ հնարավոր լինի նաև կրկին մերժում», - նշեց Աբրահամյանը։
ՍԴ անդամի թեկնածուն մինչև ընտրությունը հանդիպեց խորհրդարանական բոլոր երեք խմբակցությունների անդամներին՝ անցած շաբաթ ԲՀԿ-ի, այսօր էլ՝ «Լուսավոր Հայաստանի» և «Իմ քայլի»: Դատավորի ընտրության հարցը կլինի վաղը մեկնարկող քառօրյայի օրակարգում։
Հանդիպումը Աբրահամյանը արդյունավետ գնահատեց թեկնածուի մասին կարծիք կազմելու տեսանկյունից. «Կար ոչ այնքան ամբողջական պատասխաններ, կարող եմ ասել՝ որոշակիորեն դիվանագիտական պատասխաններ։ Ես, այնուամենայնիվ, տեսնում եմ ոչ միայն իրավաբանի և ոչ միայն իրավունքի կամ սահմանադրագետի պաշտոնին, այլ որոշակիորեն նաև քաղաքական դիրքորոշում ունեցող անձի։ Որոշակիորեն նաև քաղաքական դիրքորոշում ունեցող անձի, որը տարիների ընթացքում, այսինքն ոչ թե հիմա քաղաքական դիրքորոշում ունենալու, այլ ընդհանրապես տարիների ընթացքում որոշակի դիքորոշում հայտնելու»։
Պատմեց՝ անձամբ իրեն հետաքրքրել է, թե թեկնածուն ի՞նչ դիրքորոշում ունի ընտրություններին վերաբերող ՍԴ որոշումների մասին: Բարձր դատարանը Հայաստանում անցկացված որևէ ընտրություն Սահմանադրությանը հակասող չի ճանաչել, արդյո՞ք ժամանակի իշխանության շահերն է սպասարկել։
Թեկնածուի պատասխանից պատգամավորը դժգոհ է մնացել՝ խուսափողական էր, իսկ ահա մեկ այլ հարցի կոնկրետ պատասխան տվել է՝ արդյո՞ք 2008-ի մարտի 1-ի իրադարձությունները սահմանադրական կարգի տապալում էին. նման մեղադրանք առաջադրված է նախկին իշխանության մի քանի բարձրաստիճան պաշտոնյայի, նրանց թվում՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
«Ասվում էր, որ եթե զոհվել է և խախտվել է մարդկանց կյանքի իրավունքը, ապա կարող ենք որոշակիորեն կարծել, կամ կասկածել, որ եղել է նաև սահմանադրական իրավունքի խախտում և տապալման հնարավորություն», - ընդգծեց Աբրահամյանը։
«Լուսավոր Հայաստանի» հետ հանդիպումից հետո էլ «Ազատության» հետ զրույցում ՍԴ անդամի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը ասաց՝ չի կիսում Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կարծիքը, թե անձեռնմխելիությունը երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք է։
«Ես չգիտեմ՝ նա պիտի կալանքի տակ մնա, թե չէ, բայց ես գիտեմ, որ անձեռնմխելիությունը չի նշանակում, որ անձի նկատմամբ չի կարելի իրականացնել քրեական հետապնդում, եթե օրենքով սահմանված կարգով կասկած կա, որ նա հանցանք է կատարել։ Ես չեմ պատկերացնում մի սահմանադիր, որը ողջամտորեն նախատեսի կարգավորում, թե ինչ-որ մեկը երկրում՝ անկախ պաշտոնից, կարող է անխոչընդոտ կերպով հանցագործություններ կատարել ու հետո հանգիստ հեռանալ», - նշեց Հովհաննիսյանը։
Քոչարյանը կարծում է, որը ինքը Մարտի 1-ի գործով ենթարկվում է քաղաքական հետապնդման: Մինչդեռ Գոռ Հովհաննիսյանը պնդեց․ - «Ես գիտեմ, որ հետապնդվում է կոնկրետ հանցագործության համար»։
Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը ներկայացրել է նախագահ Արմեն Սարգսյանը, ընդ որում՝ սա այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու նախագահի երրորդ փորձն է․ նախկին խորհրդարանը նրա առաջադրած երկու թեկնածուներին չընտրեց։
Այս անգամ ՍԴ անդամի թեկնածուի հավակնորդներ էին նաև հայտնի փաստաբան, Եվրոպական դատարանում Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և փաստաբան Մարտին Մանուկյանը: Բայց նախագահ Արմեն Սարգսյանը նախընտրեց առաջադրել Հովհաննիսյանին:
Հանդիպումներից հետո խմբակցություններից ոչ մեկը չի հստակեցրել՝ ինչպես են քվեարկելու: «Լուսավորում» հանդիպումից տպավորված էին, փոխանցեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ընդդիմադիրների հետ այսօրվա հանդիպմանը, ասաց թեկնածուն, չեն շրջանցել իշխանության թևերի տարանջատման հարցը։
Հարցին՝ կիսո՞ւմ է «Լուսավոր Հայաստանի» կարծիքը, թե Հայաստանում պահպանվում է սուպերվարչապետական համակարգը, Հովհաննիսյանը արձագանքեց. - «Եթե «Լուսավոր Հայաստանը» Սահմանադրությունը մեկնաբանում է այն իմաստով, որ վարչապետը օգտվում է շատ լայն լիազորություններից, էդ պարագայում, չէ, չեմ կիսում։ Անգամ եթե Սահմանադրության տեքստի հիման վրա գնահատելով մենք կարող ենք ասել՝ սուպերվարչապետական Սահմանադրություն է, դա ամենևին չի պարտադրում, որ մենք իրական կյանքում ունենանք սուպերվարչապետական իրականություն։ Սահմանադրական դատարանը կարող է զսպել դա»։
Գոռ Հովհաննիսյանն իրավագիտության դոկտոր է, սահմանադրական իրավունքի մասնագետ, ապրում և աշխատում է Գերմանիայում։ Հեռավորության վրա եզրակացրել է՝ Հայաստանում իրավունքի զարգացման տեմպերը գոհացուցիչ չեն։ Բարեկեցիկ կյանքը թողել-եկել է, իր ձևակերպմամբ՝ Հայաստանին օգտակար լինելու համար։
«Ազատության» հարցին, թե արդյոք չընտրվելը սև բիծ կդառնա իր կարիերայում, Հովհաննիսյանն արձագանքեց․ - «Չեմ կարծում, որովհետև ես ընդամենը իմ օգնությունն եմ առաջարկում։ Խորհրդարանը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է ընդունել իմ օգնության առաջարկը, թե՞ ոչ»։