Զելենսկին, Ռուսաստանի հետ նրա բիզնես-կապերը, Յանուկովիչի հետ շփումները, քաղաքականությամբ զբաղվելու որոշման պատճառը

Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Ո՞վ է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի առաջատար թեկնածու Վլադիմիր Զելենսկին, ինչպե՞ս է հայտնի դարձել, ի՞նչ բիզնեսներ ունի, այդ թվում՝ ուկրաինայի հետ հակամարտող Ռուսաստանում, ի՞նչ քաղաքական հայացքներ և պլաններ ունի ընտրություններում հաղթելու դեպքում:

41-ամյա Զելենսկին հայտնի է դարձել որպես կատակերգու դերասան, նրան մեծ հռչակ է բերել հատկապես «Ուրախների և հնարամիտների» ակումբը, որտեղ հանդես գալու համար Զելենսկին վեց տարի ապրել է Մոսկվայում:

Ռուսաստանում նա նաև նկարահանվել է մի շարք ֆիլմերում, մի քանի անգամ ամանորյա հաղորդումներ վարել դաշնային հեռուստաեթերներում, մասնակցել ռուսաստանյան առաջատար շոուների:

Մտերիմ է ռուսաստանյան էստրադայի աստղերից շատերի հետ։ Նախագահ դառնալու Զելենսկու մտադրությունն, օրինակ, անձամբ ողջունել են Մաքսիմ Գալկինը, Ֆիլիպ Կիրկորովը:

Ուկրաինայի նախագահի թեկնածուն ռուսաստանյան միայն շոուբիզնեսի ներկայացուցիչների հետ չէ, որ շփումներ է ունեցել: Նրա արվեստի սիրահարներից է վարչապետ Դմիտրի Մեդվեդևն, ում հետ դերասանը պատիվ է ունեցել շփվելու Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի առանձնատանը։

Զելենսկու հումորը, սակայն, Ռուսաստանում ոչ բոլորն են գնահատում. դերասանը 2016 թվականին ստիպված էր ներողություն խնդրել Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովից վերջինիս մասին իր կատակներից մեկի համար:

Կադիրովին՝ ընդառաջել, իսկ ահա Ուկրաինայի ղեկավարին նա չի զիջել։ Դերասանի խոսքով՝ Վիկտոր Յանուկովիչը փորձել է համոզել, որպեսզի «Ինտեր» հեռուստաընկերությունը, որն այդ ժամանակ ղեկավարում էր դերասանը, գովաբանի իրեն, սակայն ստացել է բացասական պատասխան:

Յանուկովիչը, իբր, անգամ հարյուր միլիոն դոլար է առաջարկել, սակայն Զելենսկին հավաստիացնում է, թե հրաժարվել է։ Շոումենը թերևս կարող էր իրեն թույլ տալ հրաժարվել այդ կլորիկ գումարից, քանի որ իր ունեցվածքով չի զիջում երկրի մեծահարուստներին:

Ըստ ներկայացված փաստաթղթերի, դերասանն առանձնատուն, բնակարաններ, հողատարածքներ, շենք-շինություններ ունի մայրաքաղաք Կիևում, ինչպես նաև թանկարժեք մեքենաներ և ժամացույցներ:

Վերջերս հայտնաբերվել է նաև նրա հսկայական առանձնատունն իտալական քաղաքներից մեկում՝ ռուսաստանցի օլիգարխներ Ռոման Աբրամովիչի և Օլեգ Դերիպասկայի առանձնատների հարևանությամբ:

Լրագրողները նաև նրան պատկանող այլ ունեցվածք են գտել, որը դերասանը թաքցրել էր։ «Ազատության» ուկրաինական ծառայությունը պարզել է, որ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնել ցանկացող Զելենսկին, մասնավորապես, թաքցրել է Ուկրաինայի հետ հակամարտող Ռուսաստանում իրեն պատկանող երեք կինոստուդիաները, իսկ չորրորդի բաժնեմասերը:

Կինոստուդիաների արտադրանքն, որոնք ցուցադրվում են Ռուսաստանի դաշնային հեռուստաալիքներով, Զելենսկուն ֆինանսական մեծ եկամուտներ են բերում։ Լրագրողները նաև պարզել են, որ շոումենին պատկանող ընկերությունները նյութական աջակցություն են ստացել նաև Ռուսաստանի մշակույթի նախարարությունից:

Մինչ այս հետաքննությունը, Զելենսկին հավաստիացնում էր, թե 2014-ին ռուսաստանյան իր բիզնեսը վաճառել է, խզել կապերը ռուսաստանցի ծանոթ-բարեկամների հետ և դադարեցրել բոլոր շփումները:

Դերասանը հավաստիացնում է թե, շփումները դադարեցրել է նաև Ուկրաինայի նախկին իշխանություններին մոտ կանգնած օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու հետ:

Դերասանին պատկանող «Կվարտալ 95» ստուդիայի արտադրած հեռուստասերիալներն ու շոուները հենց Կոլոմոյսկուն պատկանող «1+1» հեռուստաընկերությամբ են հեռարձակվում:

Զելենսկին պնդում է, որ ուկրաինական իշխանությունների հետ խնդիրներ ունեցող, և ուկրաինայում իր ունեցվածքի մի մասից զրկված օլիգարխի հետ բացառապես գործարար հարաբերություններ ունի, այլ ոչ թե քաղաքական, ինչի մասին խոսում են ընդդիմախոսները։

Մինչդեռ «Ազատության» ուկրաինական ծառայությունը նաև պարզել է, որ Զելենսկին վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 13 անգամ մեկնել է Ժնև և Թել-Ավիվ, որտեղ բնակվում է Կոլոմոյսկին: Ամեն երկրորդ ուղևորության ընթացքում նրան ուղեկցել է օլիգարխի իրավաբան Անդրեյ Բոգդանը, ով դարձել է Զելենսկու նախընտրական շտաբի իրավական հարցերով խորհրդականը:

Լրագրողները պարզել են նաև, որ Զելենսկին հաճախ այդ քաղաքներ է մեկնել մասնավոր օդանավով և օլիգարխի բիզնես-գործընկերների հետ:

Հակառակորդների ճամբարներում մտավախություն կա, որ Զելենսկին հաղթելու դեպքում կդառնա Կոլոմոյսկու խամաճիկը՝ ստիպված լինելով սպասարկել օլիգարխի բիզնես շահերը, ինքը՝ դերասանը, հակադարձում է՝ ոչ թե օլիգարխների այլ ընդհակառակը աղքատներին փրկելու է գալիս:

Զելենսկին սիրում է կրկնել, որ իր գաղափարախոսությունն է՝ «հարուստ ուկրաինացի»: Նա ասում է, որ չի կարողանում իրեն երջանիկ զգալ աղքատների շրջապատում և աղքատության դեմ պայքարը քաղաքականությամբ զբաղվելու իր որոշման հիմնական պատճառն է։

Արտաքին քաղաքական հարցերի մասին, սակայն, կատակերգու դերասանը այնքան էլ ոգևորությամբ չի խոսում։

«Ղրիմի մասին մենք կարող ենք միայն հիշել, առ այժմ հիշել», - իր հարցազրույցներից մեկում ասել էր դերասանը։

Ինչ վերաբերում է Դոնբասին շոումենը կողմ է Կիևին չենթարկվող շրջանները ինտեգրելուն՝ թոշակ սահմանել տեղի բնակիչների համար, ռուսալեզու հեռուստաընկերություններ բացել, ինչպես նաև պայմանավորվել թեկուզ սատանայի հետ, միայն թե մարդիկ չմահանան։

Զելենսկին առաջարկում է Դոնբասում խաղաղության պայմանները որոշել հանրաքվեով կամ օնլայն քվեարկության արդյունքում: Նա առաջարկում է նաև հանրաքվե անցկացնել Ուկրաինայի ` ՆԱՏՕ- ի և Եվրամիությանն անդամակցելու հարցերով։

«Ես չեմ կարող լինել հյուր մի տեղ, որտեղ ինձ չեն սպասում», - Եվրամիության մասին խոսելիս ասել է Զելենսկին: