Սկանդալ՝ Թուրքիայում մեկնարկած ՆԱՏՕ֊ի Խորհրդարանական վեհաժողովի սեմինարի ժամանակ

Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկած ՆԱՏՕ֊ի խորհրդարանական վեհաժողովի Rose֊Roth 99֊րդ սեմինարի ժամանակ սկանդալային միջադեպ է տեղի ունեցել:

Ֆրանսիացի պատգամավոր Սոնիա Կրիմին արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի հնչեցրած քննադատությանը, թե Ֆրանսիայի նախագահի կողմից ապրիլի 24-ը Հայող ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու որոշումը անտեսում է ՄԻԵԴ-ի և Ֆրանսիայի սահմանադրական դատարանի որոշումները և սահմանափակում իրենց քաղաքացիների խոսքի ազատությունը:

«Պատմությունը հաղթողների կողմից է գրվում, այնպես չէ՞: Մի շարք երկրներում Քուրդիստանի բանվորական կուսակցությունը ահաբեկչական չի համարվում, բայց ձեզ համար այդպես է: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այս հանգամանքին», ֊ հայտարարել է Կրիմին:

Ֆրանսիացի խորհրդարանականին հակադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ հայտարարելով, որ Ֆրանսիան վերջին երկիրն է, որը կարող է Թուրքիային դաս տալ ցեղասպանության ու պատմության հարցում:

«Ֆրանսիայի նման երկրներն իրենց տեր են երևակայում, այլ երկրների քննադատում են, նվաստացնում ու ցանկացած որոշում ուզածի պես ընդունում են: Այդ պատճառով էլ, երբ Թուրքիայի կամ այլ երկրի կողմից քննադատություն են լսում, շոկ են ապրում: Փորձում են Թուրքիային դաս տալ միջազգային իրավունքի, օրենքի գերակայության մասին: Դուք խոսում եք ժողովրդավարությունից, խոսքի ազատությունից: Արդյո՞ք Մակրոնի որոշումը չի հակասում Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի որոշումներին: Պատմության վերաբերյալ թերի տեղեկությունների հիման վրա որոշում կայացնելու միակ պատճառը պոպուլիզմն է: Ցավոք, ձեր նախագահը պարտվել է պոպուլիզմին: Ֆրանսիան ամենավերջին երկիրն է, որ կարող է Թուրքիային դաս տալ ցեղասպանության և պատմության հարցում: Որովհետև Ռուանդայում, Ալժիրում տեղի ունեցածը չենք մոռացել: Ֆրանսիան նախ թող իր մութ պատմությանը նայի, չփորձի մեզ դաս տալ: Դուք այդպես շարունակեք վերևից նայել, մենք էլ կշարունակենք ձեզ արժանի պատասխան տալ»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Չավուշօլղուն:

Ֆրանսիացի երկու պատգամավորները Թուրքիայի ԱԳ նախարարի այս խոսքերին ծափերով են արձագանքել, ապա ցուցադրաբար լքել դահլիճը:

«Ես էլ ձեզ եմ ծափահարում, բրավո: Տեսնում ենք, թե ինչքան նրբանկատ ու հարգալից եք: Ձեզ դուր չի գալիս լսել ճշմարտությունը, մենք էլ կշարունակենք ճշմարտությունը ասել, հաշտվելու եք դրա հետ», ֊ ասել է նախարար Չավուշօղլուն:

Ավելի ուշ Թուրքիայի մեջլիսի նախագահ Մուստաֆա Շենթոփը միջադեպին անդրադարձել է՝ մեջբերելով ֆրանսիական մի ասացվածք: ֊ «Բացակաները միշտ էլ սխալ են», ֊ իր Թվիթերում գրել է Շենթոփը: