Volterman-ի առաքումները կրկին ուշանում են. հեղինակները ենթադրում են, որ վերջնաժամկետը մայիսը կլինի

Volterman «խելացի» դրամապանակը

Հայկական առաջին «խելացի» դրամապանակի՝ Volterman-ի իր պատվերին մեկ տարուց ավելի է սպասում է ծրագրավորող Արմեն Գրիգորյանը։ Մինչդեռ նախնական պատվերներն ընդունած հեղինակները խոստացել էին, որ արտադրանքը գնորդին կհասնի երկու-երեք ամսից:

«Ոնց հասկանում եմ՝ անորոշ սպասում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը՝ մանրամասնելով․ - «Ընկերոջս որպես նվեր էի պատվիրել ծնունդին, ծնունդը փետրվարի 12-ին էր, ես էն հաշվարկով էի պատվիրել, էն ժամանակ իրենք նշել էին, որ մոտավորապես պատրաստ կլինի մարտի վերջ-ապրիլի սկիզբ, <...>, բայց հիմա, փաստորեն, նենց ստացվեց, որ էս երկրորդ ծնունդին էլ դեռ չի հասել»:

Նման երևույթներն ի վերջո կհանգեցնեն նոր ստարտափերի հանդեպ վստահության կորստին, կարծիք հայտնեց Գրիգորյանը և շարունակեց՝ հայկական ընկերությունը այլ պատկերով պետք է հանդես գար շուկայում։

«Դաժե եթե էդ պատվերը չգա էլ, ես էդքան դրանից չեմ նեղվի, ինչքան նրանից եմ նեղվում ու առհասարակ կնեղվեմ, որ սենց էլ մնա ամեն ինչ, էլի, այսինքն՝ մեր հայկական ֆիրման անուն հանի որպես ընկերություն, որը ինչ-որ բան խոստացավ՝ չարեց, ձգձգեց, խաբեց, էս կողմ, էն կողմ․․․ Միևնույն ժամանակ շատ լավ հասկանալով, որ իրենք, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ անում են, որ իրավիճակը շտկվի, և այլն, և այլն», - ընդգծեց Արմեն Գրիգորյանը:

Իր դրամապանակը չի ստացել նաև Գարեգին Համբարձումյանը, ով ավելի վաղ էր պատվիրել` դեռ 2017-ին: «Երկու տարում հնարավո՞ր չէր, եթե հատիկ-հատիկ նույնիսկ անեին՝ օրը մի հատով, չգիտեմ, չի կարա ուղղակի էնպես լինի․․․ Զուտ փնթի վերաբերմունք է ընդամենը, կամ երևի փող չեն ուզեցել ծախսեն՝ դա էլ կա, հաշվարկները միանշանակ սխալ են եղել, էլի», - «Ազատության» հետ զրույցում նշեց Համբարձումյանը:

Թե ինչու պատվերները դեռ չեն հասել պատվիրատուներին, նախագծի հեղինակ Ազատ Թովմասյանն «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց. այն մարդիկ, որոնք նախնական պատվերները ստացել էին, ունեցել էին դժգոհություններ, և ընկերությունն այս ընթացքում փորձել է դրամապանակների խնդիրները շտկել, սկսել են զրոյից։

«Հիմա էլ՝ էս փուլում էլ, մենք իրեն դեռ ավելի զարգացնում ենք, դեռ իրեն ավելի ու ավելի էնպես ենք սարքում, ինչ որ ի սկզբանե մենք երազում էինք, կամ ուզում էինք, որպեսզի լիներ: Թե նախկինում ունեինք մեկ-երկու օր լիցքավորման հզորությունը պահելու ժամկետ, տևողություն, էս նոր նախագծման արդյունքում իրենք կարան հասնեն մինչև 15-օրյա, այսինքն՝ 15 օր կարաք ձեր դրամապանակը չլիցքավորեք: Իր արտաքին տեսքի վերաբերյալ, կաշվի վերաբերյալ որոշակի փոփոխություններ արեցինք, ու, բնականաբար, ինչպես նշեցի, մեր սոֆթային, ծրագրային խնդիրները մենք ունեինք: Ծրագրային խնդիրները, կարելի է ասել, վերջացել են», - ասաց Թովմասյանը:

Հարցին, թե հնարավոր չէ՞ր արդյոք նախապես փորձարկել և խնդիրներին ծանոթ լինել, նա պատասխանեց. - «Էնքանով հնարավոր չէր, քանի որ մենք համապատասխան էդ ծավալի գիտելիքներ չունեինք, ժամանակի ընթացքում սկսեցինք ունենալ: Այսինքն՝ նախագծումից սկսած մասսայական արտադրության փորձ Հայաստանի Հանրապետությունում մենք որևէ մեկին չկարողացանք գտնել, որ ինքը նման փորձ է ունեցել: Լոգիստիկայի հարցերով մենք մասնագետներ Հայաստանում չունենք իրականում, որ լոգիստիկան կարողանան ճիշտ կազմակերպել, մենք անգամ շիփինգի, այդ լոգիստիկայի հետ կապված բազում էլի խնդիրներ ենք ունեցել: Այսինքն՝ ամեն մի փուլի ընթացքում մենք առանձին-առանձին խնդիրներ ենք ունեցել: Դա պատճառաբանում եմ հետևյալով, որ փորձի պակասն է, քանի որ մենք ստարտափ ենք՝ մենք զրոյից ամեն ինչը սկսել ենք ինքնուրույն անել»:

Ինչ վերաբերում է ընկերության հեղինակազրկմանը, իհարկե, դա կարող է լինել, ասում է նախագծի հեղինակը, սակայն պնդում՝ ժամանակի ընթացքում կվերականգնեն վարկանիշը և վստահելի կդառնան։ «Այսինքն՝ մենք հիմա մեր աշխատանքով ցույց ենք տալիս, որ մենք, այո, ստեղծում ենք, այո, ստեղծել ենք, ունենք, մի քիչ ինքը լավը սկզբում չէր, հիմա է՛լ ավելի լավացրել ենք իրեն ու գնալով դեռ իրեն է՛լ ավելի շատ լավացնելու ենք ու բոլորին մեր պարտավորվածությունները անելու ենք», - վստահեցրեց Ազատ Թովմասյանը:

Ըստ նորարարության հեղինակների՝ եթե դրամապանակը որևէ տեղ մոռանաք կամ այն գողանան, խելացի համակարգն ազդանշան կուղարկի ձեր հեռախոսին ու կլուսանկարի դրամապանակը բացող ենթադրյալ գողին կամ այն առաջինը հայտնաբերողին։ Volterman-ը նաև բջջային հեռախոսները լիցքավորելու հնարավորություն է տալու։ Այն փողն ապահով պահելուց զատ՝ նաև Wi-Fi ազդանշան տարածելու հնարավորություն է ունենալու, նաև՝ հիշողության այլընտրանքային բանկ՝ հեռախոսի աշխատանքը չծանրաբեռնելու համար։

Ազատ Թովմասյանը ցույց տվեց պատրաստի դրամապանակները։ Ասաց՝ աշխարհի տարբեր երկրներից ունեն շուրջ 15 հազար պատվեր, որից մոտ 300-ն է Հայաստանից։ Այս փուլում արդեն 5 հազար դրամապանակ են ուղարկել պատվիրատուներին, շաբաթական ամենաքիչը 500 հատ են ուղարկում, և նա ենթադրում է, որ ամենաուշը մինչև 2019-ի մայիսի վերջը բոլոր պատվիրատուները կստանան իրենց «խելացի» դրամապանակները։