Լեռնավանում ավագանու բոլոր անդամները հրաժարականի դիմումներ են գրել

Լոռու մարզի Լեռնավան գյուղն առանց ավագանու է մնացել։ Արդեն երկու ամիս է գյուղում ոչ մի որոշում չի կայացվում և չի կայացվի մինչև հունիսին նշանակված ավագանու ընտրությունները։

Ավագանու յոթ անդամները՝ թոշակառուներ Ռազմիկը, Գրիգորն ու Ստյոպան, հողագործ Նորոն, գործազուրկ Դավիթը, տրակտորիստ Վարդանն ու միակ երիտասարդը՝ ուսանող Համլետը դիմումներ են գրել այն բանից հետո, երբ գյուղում խոսակցություններ են ծավալվել չարաշահուների, սխալ որոշումների, գյուղի բյուջեն յուրացնելու մասին։

«Խոսակցություններ կա, որ փողեր ենք կերել իբր թե, սոցօգնություն ենք տվել, սրան-նրան, կիսվել ենք հետները: Ինչի՞ համար ավել-պակաս խոսակցություն լինի», - ասաց նրանցից մեկը:

Թե ինչ գումարներ են յուրացրել, ինչպես են յուրացրել, ավագանու նախկին անդամները դժվարանում են պատասխանել: Ասում են՝ եթե անգամ յուրացումներ են եղել, իրենք դրանցից տեղյակ չեն եղել․ - «Մարդկանց տված է 25-30 հազար դրամ, իրանք գնում, բանկից ստանում են: Ո՞նց կարաս էդ փողը դու ուտես: Անձեռնամխելի փող ա: Ստուգողներ թող գան տակից վերև ստուգեն․․․ Կամ բերենք տեղը դնենք՝ եթե կերել ենք, եթե չենք էլ կարա տեղը դնենք, թող տանեն մեզ դատեն»:

Լեռնավանում ամեն ինչ սկսվեց, երբ ավագանու կազմում հայտնվեց երիտասարդ ուսանող Համլետը և որոշեց ընդդիմանալ տարիներ շարունակ նույն ոճով անցնող ավագանու նիստերին։ Ապա գյուղի երիտասարդները ոտքի կանգնեցին՝ վեր հանելով համայնքի խնդիրները։

Համլետը վստահ է՝ գյուղում փող կա, այն ճիշտ տնօրինող չկա։ Նրա պնդմամբ, եղել են նաև որոշումներ, որոնց տակ անգամ իր ստորագրությունն է կեղծվել:

Գյուղապետ Վաչագան Վարդանյանը բացառեց ստորագրություններ կեղծելու հանգամանքը։ Երիտասարդ ավագանու անդամը, մինչդեռ, մատնացույց արեց արտագնա աշխատանքի մեկնած մեկ այլ ավագանու անգամի․ - «Էն ավագանին է որոշել, որ Ռուսաստա՞ն էր»:

Ավագանու անդամների պնդմամբ՝ համայնքի բյուջեից սոցօգնություններ են տրամադրվել սխալ մարդկանց, ընդհուպ մինչ գյուղապետարանի աշխատակիցների ազգականներին։

Վաչագան Վարդանյանը հերքում է․ - «Կարող ա էդ պահին էդ մարդուն պետք ա էղել էդ 20 հազարը: Աշխատել ենք ոչ մեկին չմերժենք»:

Գյուղացիների խոսքով՝ երբեմնի Դոլարաշեն անունը ստացած Լեռնավանում այսօր անգամ դրամ չկա։ Բոլորն արտագնա աշխատանքի են մեկնել։

Ռեպորտաժն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․