«Բոլորի պես ես էլ հավասար եմ օրենքի առաջ»․ վարչապետի մորեղբոր որդին՝ իրեն առնչվող քրեական գործի մասին

Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականին առնչվող քրեական գործը, որը փոխանցվել է Ազգային անվտանգության ծառայությունից:

Վարչապետի ազգականը «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի փոխտնօրենն է փետրվարից: Նա կասկածվում է փաստաթուղթ կեղծելու մեջ: Ըստ Քննչական կոմիտեի նախնական տվյալների, պարզվել է, որ այս տարվա փետրվարին նա «Դիլիջան» ազգային պարկի կադրերի բաժին է ներկայացրել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի կեղծ դիպլոմի պատճեն՝ «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ, ինժեներ-մեխանիկի որակավորմամբ, և նշանակվել է տնօրենի տեղակալ:

Այս դեպքի մասին առաջինն իր ֆեյբուքյան էջում բարձրաձայնեց վարչապետ Փաշինյանը՝ գրելով հետևյալը․ - «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստանն է, և վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»:

Փաշինյանն այսքանով սահմանփակել էր ասելիքը:

«Ազատությանը» հաջողվեց կապ հաստատել վարչապետի ազգականի հետ: Պարզվում է, խոսքը նրա մորեղբոր որդու՝ Մամիկոն Հովհաննիսյանի մասին է:

Մամիկոն Հովհաննիսյանն ասաց, որ մինչև քննության ավարտը չի ցանկանում մանրամասն խոսել թեմայի մասին: Իր ազգական վարչապետից դժգոհություն չունի: Փաշինյանի պնդումների վերաբերյալ էլ առարկություն չունի, համաձայն է՝ օրենքի առաջ բոլորն են հավասար:

«Շատ լավ եմ վերաբերվում: Երբ որ օրենքը խախտում են, բոլորն էլ պետք է պատասխան տան: Ես էլ հավասար եմ օրենքի առաջ: Բոլորի պես, բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պես», - ասաց Հովհաննիսյանը:

Իր ազգականին առնչվող գործի մասին երեկ գործադիրի ղեկավարը խոսել էր նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերահաժողովի բարձր ամբինոից:

Անդրադառնալով հետհեղափոխական Հայաստնում կոռուպցիայի դեմ պայքարին՝ Փաշինյանն ասել էր, որ իր մերձավորներին էլ չի խնայում․ - «Առաջինը ես, իմ ընտանիքը, հարազատներն այս առումով պետք է լինեն առանձնահատուկ ուշադրության ներքո: Ես շատ կարևոր եմ համարում, որ թափանցիկությունն այսօր Հայաստանում կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որը չեմ ասի, թե 100 տոկոսով կայացել է, բայց մեծ քայլերով գնում է առաջ: Ցանկանում եմ ասել, որ ընդամենը 10 օր առաջ իմ մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Չեմ ուզում նրա անմեղության կանխավարկածը խախտել, բայց այս փաստը և այն, որ գործը կքննվի լիարժեք օրինականության և օբյեկտիվության պայմաններում, ևս մեկ ապացույց է, որ մենք վստահորեն գնում ենք այդ ճանապարհով»:

Փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հոդվածով ապրիլի 4-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Այս հոդվածով նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով կամ ազատազրկում առավելագույնը երկու տարի ժամկետով: