Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց նախագահին Սահմանադրությամբ տրված անձեռնմխելիութան հիմքով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու բողոքը։
Նախկին նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանը պնդում է, որ սահմանադրական կարգի տապալման մեղադրանք ներկայացնելով՝ խախտվել է երկրորդ նախագահի անձեռնմխելիության իրավունքը: Ըստ պաշտպանների՝ վարույթ իրականացնող մարմինը չի հիմնավորել, թե Ռոբերտ Քոչարյանի ո՛ր գործողությունները չեն բխել նախագահի կարգավիճակից:
Փաստաբանական խումբը բողոքարկելու է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ ակնկալիքով, որ վերաքննիչ դատարանը կճանաչի երկրորդ նախագահի իրավունքների խախտման փաստը և վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցնի: Փաստաբանը որոշման հրապարակմանը ներկա չէր և ավելի ուշ «Ազատության» հետ հեռախոսազրույցում նշեց, որ դատարանի որոշումը ստանալուց հետո նոր միայն կանդրադառնան հիմնավորումներին: Իսկ նման որոշումը, ասում է, սպասելի էր՝ «հաշվի առնելով վերջին 7-8 ամիսների ընթացքում դատարանների վարքագիծը ակնհայտ երևացող փաստերի շուրջ»:
«Ամեն դեպքում, եթե մեր դատարաններն այսօր պատրաստ չեն ինչ֊որ որոշում կայացնել, դա չի նշանակում, որ մենք էլ պետք է ձեռքներս ծալենք՝ որևէ գործողություն չանենք պաշտպանության նկատառումներով», - հավելեց փաստաբանը, - «Ի վերջո՝ եթե մեր ներդատական ատյանները չբավարարեն, Եվրոպական դատարան կգնանք»:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Երեկ վերաքննիչը ուժի մեջ թողեց առաջին ատյանի որոշումը Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ, այս որոշումը ևս բողոքարկվելու է:
Փետրվարի 15֊ին ՀՔԾ–ն հայտարարեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ավարտի մասին։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Փաստաբաններն ասում են՝ դատավարությունը ամենայն հավանականությամբ կմեկնարկի մայիսի կեսերին: