Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը ձերբակալված է և հեռացված պաշտոնից։ Այդ մասին պետական հեռուստաընկերության եթերում ապրիլի 11-ին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարը։
«Ես՝ որպես պաշտպանության նախարար և Անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ, հայտարարում եմ, որ մենք հեռացրել ենք այս ռեժիմին և ձերբակալել դրա ղեկավարին։ Նա ձերբակալվել և պահվում է անվտանգ վայրում», - հայտարարել է պաշտպանության նախարարը։
Նրա խոսքով, երկու տարվա անցումային շրջանում երկիրը ղեկավարելու է ռազմական խորհուրդը՝ մինչև ընտրություններ անցկացնելը։
Նա արտակարգ դրություն է հայտարարել, ասել, որ ամբողջ երկրով մեկ հրադադար է հաստատվում, Սահմանադրությունը չի գործում, Սուդանի օդային տարածքը 24 ժամով փակվում է, սահմանային անցակետերը փակվում են մինչև հետագա հայտարարությունները։
Սուդանի մայրաքաղաքից ստացվող լուրերի համաձայն՝ բանակը հսկում է կարևոր օբյեկտները։
Պաշտոնանկ արված Օմար ալ-Բաշիրը երեք տասնամյակ Սուդանի նախագահն էր, նա կասկածվում է երկրի արևմուտքում՝ Դարֆուրում իրականացված մարդկության դեմ հանցագործությունները կազմակերպելու մեջ։
Նրա նկատմամբ միջազգային դատարանը հետախուզում է հայտարարել, նրա նախագահության շրջանում Հարավային Սուդանն անջատվեց և անկախ պետություն դարձավ։
Օմար ալ-Բաշիրի դեմ արդեն մի քանի ամիս բազմամարդ բողոքի ցույցեր էին անցկացվում։ Անցած դեկտեմբերից սոցիալական պահանջներով սկսված բողոքի ակցիաները վերածվեցին հակակառավարական հզոր ցույցերի։
Այս տարվա հունվարին Ռուսաստանի արտգործնախարարությունը խոստովանել էր, որ ռուսական մասնավոր ռազմականացված ընկերության ներկայացուցիչներ կան Սուդանում՝ նշելով, որ մասնավոր ընկերությունը կապ չունի Ռուսաստանի պետական մարմինների հետ։
Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել էր, թե մասնավոր ընկերության ներկայացուցիչները վարժեցնում են Սուդանի զինվորականներին և իրավապահ մարմինների աշխատակիցներին։ Նրանց գործունեությունը դրանով սահմանափակվում է։
Զախարովայի մեկնաբանությունը հաջորդել էր բրիտանական մամուլի լուրերին, թե ռուս վարձկաններն օգնում են Սուդանի իշխանություններին՝ ճնշելու զանգվածային բողոքի ցույցերը։