Փաստաբանը պնդում է, որ Ալեքսանդր Սարգսյանը Եվրոպայում է «առողջական խնդիրներից ելնելով»

Խարդախության մեջ մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանը Եվրոպայում է: Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը հանգստանում է: Տեղեկությունը փոխանցեց նրա որդին՝ Հայկ Սարգսյանը:

«Ազատության» հարցին՝ Հայկ Սարգսյանը խոսո՞ւմ է հոր հետ և ինչպե՞ս է վիճակը, պատասխանեց. «Հա, ոնց չէ։ Նորմալ է [առողջական վիճակը]»։

Հարցին էլ, թե որտե՞ղ է գտնվում, պատասխանեց. «Եվրոպայում»։

Թե ինչ նպատակով է Եվրոպայում և մտադի՞ր է վերադառնալ, Հայկ Սարգսյանը նշեց. «Հանգստանալու։ Մտադիր է, ոնց մտադիր չէ»։

Մինչդեռ ԱԱԾ-ն հայտարարել էր, թե Ալեքսանդր Սարգսյանը առողջական խնդիրների պատճառով է գնացել արտերկիր: Կառույցի ղեկավար Արթուր Վանեցյանը ասել էր՝ նա Ազգային անվտանգության ծառայության գիտությամբ է լքել երկիրը և ստորագրություն տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում կժամանի Հայաստան։

Հայկ Սարգսյանը ասաց նաև, որ հայրը արտերկրում հանդիպել է իր եղբորը՝ Նարեկ Սարգսյանին, ում իրավապահները մեղադրանք էին ներկայացրել անցած ամռանը, երբ վերջինիս՝ Երևանի կենտրոնում գտնվող բնակարանում ապօրինի զենք ու թմրանյութեր էին հայտնաբերել: Ֆրանկլին Գոնսալեսի անձնագրով Նարեկ Սարգսյանը անցած դեկտեմբերին ձերբակալվել էր Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, սպասվում է, որ նրան կարտահանձնեն հայաստանյան իրավապահ մարմիններին:

Ավելի ուշ, Ալեքսանդր Սարգսյանի փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց. «Պաշտոնապես հայտնում եմ, որ Ալեքսանդր Սարգսյանը առողջական խնդիրներից ելնելով ներկայումս գտնվում է Եվրոպայում: Ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանի կողմից այսօր լրագրողի հարցին ի պատասխան տրված տեղեկություններին, թե Ալեքսանդր Սարգսյանը գնացել է հանգստանալու, ապա այդ մասին զրուցել եմ վերջինիս հետ, ով տեղեկացրել է՝ չի ցանկացել հանրայնացնել այն հանգամանքը, որ հայրը առողջական խնդիրներ ունի»։

Հայկ Սարգսյանը, ում մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար, «Ազատությանն» ասաց՝ իր գործով քննության ընթացքը «նորմալ» է գնահատում։

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն, փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց. «Օբյեկտիվ քննության դեպքում՝ արդարացի»։

Այսօրվա դատական նիստին Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը իր պաշտպանյալի անձնագիրը վերադարձնելու միջնորդություն ներկայացրեց:

Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանն առարկեց՝ նշելով, որ անձնագիրը վերադարձվում է, երբ քրեական հետապնդումը դադարեցվում է, ասաց՝ «չի բացառվում, որ անձնագիրը վերադարձնելով Հայկ Սարգսյանը կարող է թաքնվել գործի քննությունից»։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը և վերադարձնել Հայկ Սարգսյանի անձնագիրը, հաշվի առնելով հանգամանքը, որ գրավի դիմաց ազատ է արձակվել: Եթե Հայկ Սարգսյանը խախտի այդ պայմանը, ապա գումարը կբռնագանձվի, իսկ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցն էլ կփոխվի կալանքով։

Դատավոր Աննա Դանիբեկյանը դեռ սեպտեմբերի 10-ին էր որոշել 50 միլիոն գրավի դիմաց կալանքից ազատ արձակել Հայկ Սարգսյանին։

Դատական նիստից հետո՝ «Ազատության» հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է Հայաստանը լքել, Հայկ Սարգսյանը բացասական պատասխան տվեց։