Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օր հաստատելու մասին հրամանը։
Փաստաթղթի համաձայն այդ օրը Փարիզում կազմակերպվելու են հիշատակի միջոցառումներ: Որոշման կատարման համար պատասխանատու է Ֆրանսիայի վարչապետը։
Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելը Էմանյուել Մակրոնի՝ ֆրանսիահայ համայնքին տված նախընտրական խոստումն է, անցյալ փետրվարին նա հայտարարել է, որ որոշումը կայացրել է:
«Ֆրանսիան այն երկիրն է, որը նայում է պատմությանը առանց այն սքողելու։ Ֆրանսիան առաջիններից էր, որը դատապարտեց հայ ժողովրդի 1915 թվականի կոտորածները՝ իբրև մարդկության դեմ գործված ոճիր, երկար պայքարից հետո՝ 2001 թվականին, ընդունելով այն մի օրենքով, որը այնպես, ինչպես ես հանձն էի առել, ապրիլի 24-ին, կհռչակվի իբրև Հայոց ցեղասպանության նշանավորման ազգային օր», - հայտարարել էր Էմանյուել Մակրոնը: