«Ժողովրդավարական երկրի ղեկավարին ոչ հարիր պահվածք է»․ Մարուքյանը՝ Նորագավիթի մաքսատանը տեղի ունեցածի մասին

«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը զրուցում է «Ազատության» հետ, Ստրասբուրգ, 11-ը ապրիլի, 2019թ․

«Սա ժողովրդավարական երկրի ղեկավարին ոչ հարիր պահվածք է», - այսօր Ստրասբուրգում «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության և խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ գնահատելով երկու օր առաջ Նորագավիթի ավտոմաքսատանը տեղի ունեցածը:

Երեքշաբթի օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այցելելով Նորագավիթի ավտոմաքսատուն, աշխատասենյակներից մեկում տեսավ հայկական եռագույնը՝ կեղտոտ վիճակում և ցածր պատվանդանին, ու հրահանգեց աշխատանքից հեռացնել աշխատասենյակում ծառայություն իրականացնող աշխատակիցներին։ Որոշ իրավապաշտպաններ պնդում են, որ կառավարության ղեկավարը չարաշահել է լիազորությունները և ոչ միայն օրենք է խախտել, այլև բարոյական առումով ճնշում է գործադրել աշխատակցի վրա:

«Ես համաձայն եմ իրավապաշտպանների հետ, որովհետև գոյություն ունի օրենք, կարգուկանոն, և վարչապետի հրահանգները չէին համապատասխանում գործող օրենքներն, այսինքն՝ մաքսային ծառայության մասին օրենսդրություն, աշխատանքային օրենսդրություն: Բայց մյուս կողմից, ես կարծում եմ նաև պետք է էստեղ ոչ միայն օրենքի մասը նայենք, այլ որ վարչապետը բռնկվեց, և չպիտի բռնկվեր և հանգիստ հասկանար, թե դրոշը որտեղ է դրած, ինչու, ով է բերել և ով է պատասխանատու սենյակի համար: Որովհետև շատ հնարավոր է, որ այդ բռնկման արդյունքում անմեղ մարդիկ են տուժում, և տուժեց անմեղ մարդ: Եվ էս առումով, ես կարծում եմ, որ նման ոճը՝ քաղաքացու հետ խոսելու, և պահվածքը պատիվ չի բերում մեզ, և չպետք է էդ ձևով մենք խոսենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ», - ասաց Մարուքյանը՝ շեշտելով․ - «Տեսեք, մի կողմից՝ իշխանությունը, մի ձեռքով, Քաղաքացու օր է հռչակում, մյուս ձեռքով՝ քաղաքացու հետ նման ձևով խոսում է»:

Նշելով, որ պետական խորհրդանիշները պետք է հարգվեն, ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հավելեց․ - «Բայց քաղաքացին, մարդը բարձրագույն արժեք է, և կարծում եմ՝ մարդը առաջնային է: Եվ նաև պետք է հասկանալ՝ վերջին հաշվով, էդ տղան մեղավո՞ր է էդ հարցում, թե՞ ոչ, որևէ մեկը էդ հարցում խորամուխ չեղավ: Այսինքն՝ բռնկում, ինչ-որ, լավ փիառ, չգիտեմ, բոլորը ասեցին՝ «վախ, ուխ, հալալա ա քեզ», բան, բայց դա րոպեական փիառ ա, դրա արդյունքում, բնականաբար, մենք ոչինչ չենք շահում:

Պետք է ճշտել՝ տվյալ աշխատակի՞ցն է արդյոք անարգել դրոշը, իսկ «եթե անգամ անարգել է, չի նշանակում, որ իրեն պետք է մենք անարգենք», նշեց Մարուքյանը՝ շարունակելով․ - «Ինքը մարդ է, քաղաքացի է, և էս առումով նաև պետքոչ թե թույլ օղակին կպներ, այլ հենց պետին էդտեղ աշխատանքից ազատեր, եթե ինչ-որ բանից դժգոհ էր, ոչ թե, ասենք, շարքային, չգիտեմ, լեյտենանտ էր, եթասպա էր, հա՞: Դե պետին թող ազատեր, էլի, այսինքն՝ ինչի՞ էր էդ տղային ազատում, էդ տվյալ մաքսակետի պատասխանատուին պետք է ազատեր, եթե էդպես է»:

«Եվ նաև ոճը, հա՞, այսինքն՝ էդ ոճը որևէ մեկին դուր չի գալիս՝ ինչ-որ կարճ փիառ է, կարող է շատերը, ովքեր բարձր քաղաքացիական գիտակցություն չունեն, ասեն՝ «էդ ինչ լավ ա, էդ ինչ հզոր ա», էդ Լուկաշենկո սթայլ է, էլի, պետք չի նման բաներ անել», - շեշտեց «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը:

Նրա համոզմամբ՝ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը «պետք է տեղում ազատեր էդտեղի մաքսակետի ղեկավարին, կամ վարչապետը ասեր, որ, այ, մաքսակետի պատասխանատուն պետք է ազատվի, ոչ թե շարքային օղակի աշխատողը, էս է խնդիրը»:

«Եվ ես չեմ կարծում, թե հիմա Հայաստանում առաջնահերթ պրոբլեմն այն է, որ, օրինակ, դրոշները լավ տեղերում չեն դրած, դրա համար ենք մենք վատ ապրում: Դա էլ է կարևոր, հանրային քաղաքացիական գիտակցության խնդիր է: Այ էդ գիտակցությանը չեկած՝ իշխանությունները արտահերթ նիստում բերում խորհրդարանում Քաղաքացու օր են հռչակում՝ մի հատ էդ գիտակցությանը հասեք, նոր Քաղաքացու օր հռչակեք: Թե չէ դուրս է գալիս, որ չար թագավորը գնացել է, բարի թագավոը էկել է, հիմա բարի թագավորի գալու օրը Քաղաքացու օր ենք հռչակում», - նշեց Էդմոն Մարուքյանը՝ ամփոփելով․ - «Ես չեմ կարծում, որ էդ բռնկվելով, նման ոճով մենք պետք է երկիրը շարժենք առաջ: Սա ժողովրդավարական երկրի ղեկավարին ոչ հարիր պահվածք է, և բնական է, որ քննադատության պետք է արժանանար՝ թե՛ իրավապաշտպան հանրության, թե՛ նաև մեր կողմից»: