«Բանաձևի ընդունումով Պատգամավորների պալատն ընդգծեց՝ հայերի դեմ իրականացվածը հենց ցեղասպանություն է». Իտալիայում ՀՀ դեսպան

Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորիա Բաղդասարյան, արխիվ

Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը ողջունել է երեկ՝ ապրիլի 10-ին Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից ձայների 382 կողմ, 43 ձեռնպահ, 0 դեմ հարաբերակցությամբ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունումը։

Ըստ դեսպանության ֆեյսբուքյան էջի, Բաղդասարյանը, շնորհակալություն հայտնելով Պատգամավորների պալատում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին, նաև առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակ իշխող «Լեգա» կուսակցության անդամ, պատգամավոր Պաոլո Ֆորմենտինիին և 34 համահեղինակներին։

«Պատգամավորների պալատը, հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ընդգծեց, որ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվածը հենց ցեղասպանություն է, և կոչ արեց Իտալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրան միջազգային հնչեղություն հաղորդել։ Այս քայլով իտալական կողմը վերահաստատեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին՝ իր ներդրումն ունենալով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ճանապարհին», - ասել է դեսպանը։

Իտալիայի տեղական իշխանությունների հարյուրավոր մարմիններ ավելի վաղ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Աշխարհի մոտ երեք տասնյակ երկրներ՝ այդ թվում Ուրուգվայը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Կանադան, Արգենտինան, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանը, ամերիկյան 50 նահանգներից 49-ը, տարբեր երկրների տարածաշրջանային, քաղաքային իշխանություններ, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ու կառույցներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: