«Մտադիր ենք գնալ արտակարգ բողոքարկման ճանապարհով». ընտրություններից հետո Ստամբուլում կրքերը չեն հանդարտվում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպում է Մեջլիսի «Արդարություն և զարգացում» խմբակցության հետ, արխիվ

Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից ավելի քան մեկ շաբաթ անց կրքերը չեն հանդարտվում:

Ստամբուլում իշխանությունն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը զիջած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի հաշտվում պարտության հետ:

Մի շարք վարչական շրջաններում ձայների վերահաշվարկի գործընթացը շարունակվում է, ընդդիմության թեկնածուն՝ Էքրեմ Իմամօղլուն 0,25 տոկոսով, այն է՝ շուրջ 15 հազար ձայնով, առայժմ հաղթում է իր մրցակցին՝ Թուրքիայի նախկին վարչապետ, Մեջլիսի նախկին խոսնակ Բինալի Յըլդըրըմին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի ամփոփել ընտրությունների վերջնական արդյունքները, իսկ իշխանական կուսակցությունն օրակարգ է բերել նոր ընտրություններ անցկացնելու հարցը:

«Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը նախօրեին հայտարարել է, թե մտադիր են օգտվել իրենց իրավունքից և գնալ արտակարգ բողոքարկման ճանապարհով: Ավելի վաղ այս մասին հայտարարել էր նաև կուսակցության փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը՝ հղում կատարելով Ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթներին:

Ստամբուլում ընտրությունները կրկնելու անհրաժեշտության մասին խոսել է նաև Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը: Ռուսաստանից վերադարձի ճանապարհին պատասխանելով լրագրողների հարցերին՝ Էրդողանը նշել է, թե Թուրքիայի ամենամեծ քաղաքում ընտրությունների արդյունքները կարող են չեղարկվել՝ հաշվի առնելով ի հայտ եկած զանգվածային ընտրախախտումները:

«Եթե Ստամբուլի պես 11 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում թեկնածուների հավաքած ձայների տարբերությունը ընդամենը 30 հազար է, իսկ բողոքարկումներից հետո այդ ցուցանիշը նվազում է մինչև 13 հազար, ապա մենք պետք է շարունակենք պայքարել: Պետք է ցրենք բոլոր կասկածները: Եթե անկեղծ լինեն, ապա այս գործընթացը կարող է հանգեցնել ընտրությունների արդյունքների չեղարկմանը», - ասել է Էրդողանը:

Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հակադարձում է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անհապաղ պետք է ճանաչի իր թեկնածուի հաղթանակը:

«Հանձնաժողովն իր որոշմամբ կա՛մ Թուրքիային դեպի լույս կտանի, կա՛մ դեպի քաոս: Մենք լույսի, միասնության, խաղաղության, ժողովրդավարության և օրենքի գերակայության կողմնակից ենք», - հայտարարել է ԺՀԿ-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:

Ստամբուլում հաղթած ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ևս Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կոչ է արել արդար որոշում կայացնել՝ հայտարարելով, թե այդ վճռից է կախված գալիք սերունդների ապագան:

Մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել է՝ ստանալով քաղաքացիների ձայների 44,33 տոկոսը: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը 30,12 տոկոսով երկրորդ տեղում է: Քեմալականներին հաջողվել է հաղթանակ արձանագրել երկրի խոշոր քաղաքներում՝ Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում, Անթալիայում, Ադանայում: