Դատախազությունը տեղեկություն չի ստացել Նարեկ Սարգսյանի արտահանձնման դիմումի մերժման և արգելանքից ազատելու վերաբերյալ

Դատախազությունը չեխական կողմից պաշտոնապես չի տեղեկացվել հետախուզման մեջ գտնվող և Չեխիայի իրավապահ մարմինների կողմից էքստրադիցիոն կալանքի տակ գտնվող Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման դիմումի մերժման, նրան արգելանքից ազատելու վերաբերյալ, այս մասին «Ազատությունը» հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Ըստ այդմ, նշված անձի՝ Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնման գործընթացը այս պահի դրությամբ գտնվում է ընթացքի մեջ:

Հայաստանի իրավապահները Նարեկ Սարգսյանին մեղադրանք են ներկայացրել անցած ամռանը, երբ վերջինիս՝ Երևանի կենտրոնում գտնվող բնակարանում ապօրինի զենք ու թմրանյութեր էին հայտնաբերել:

Սարգսյանը ձերբակալվել է 2018 թվականի դեկտեմբերին Չեխիայի մայրաքաղաքի բնակելի շենքերից մեկում: