«Առինջ մոլում» հաճախորդներ չկան, առևտրականները անգործ են ու դժգոհ

«Առինջ մոլում» այսօր առավոտից ամայի է, հաճախորդներ չկան։ Տաղավարների առևտրականները անգործ են և շատ դժգոհ, ասում են՝ երեկվա աժիոտաժն է պատճառը:

Նախօրեին Պետեկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ողջ օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլում» էին։ Կոմիտեի տեղեկացմամբ՝ խուզարկություն էր հարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: «Առինջ մոլի» փոխտնօրեն Արմեն Ներսիսյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ ՀԴՄ կտրոն տալիս են, չգրանցված աշխատողներ չունեն, գործում են օրենքի շրջանակներում․ - «Մենք իրենց բաց, թափանցիկ ձևով տրամադրում ենք, ասում ենք՝ համեցեք, ինչ եք ուզում: Իրենց հետաքրքրող ցանկացած հարց ո՛չ խոչընդոտել ենք, ո՛չ էլ ընդհանրապես իրենց հակառակ ինչ֊որ մի բան ենք արել»:

Օպերատիվ հետախուզության աշխատակիցները արկղերով, պարկերով փաստաթղթեր դուրս բերել մոլի վարչական տարածքից։ Փոխտնօրենն ասաց՝ իրենց 3 տարվա վարչարարությունն է, պայմանագրերն են: Հարկային մարմինների ստուգումները, «Առինջ մոլի» ղեկավարների տեղեկացմամբ, պայմանավորված են ահազանգով, թե առևտրականները վճարում են ավելին՝ քան ֆիքսված է պայմանագրերում։ Մոլում սա էլ են հերքում, պնդում են՝ վարձավճար սկզբում չկար, հիմա էլ սիմվոլիկ է՝ քառակուսի մետրը 800 դրամ։ Տնտեսական հատվածի տաղավարների տերերը ընդհանրապես չեն վճարում։ Մաթեմատիկայի նախկին ուսուցչուհի Ռուզաննա Մինասյանը, որ երեք տարի է ինչ տաղավար է վարձել ու դերձակություն է անում, պատմեց՝ վճարում է ամսական 25 հազար դրամ և դժգոհ չէ: - «Իհարկե մեծ սթրես ապրեցինք երեկ: Բա ըսենց բան կանե՞ն: Միակ մարդը երկրի մեջ՝ լավություն անող, ժողովրդին օգնող․․․ Ժողովուրդը, եթե մի բան եղավ, ընդհանրապես կթողնի կգնա»:

«Առինջ մոլի» փոխտնօրեն Արմեն Ներսիսյանը բացատրեց՝ այդ 25 հազարը էլեկտրաէներգիայի դիմաց վճարումն է։ Բոլոր առևտրականները միաձայն պնդեցին՝ ոչինչ չեն վճարում, եթե վճարում էլ են՝ փոքրիկ գումար է, շնորհակալ են Ծառուկյանին:

Արմեն Ներսիսյանը պնդում է՝ առևտրի կենտրոնը շահույթով չի աշխատում, ավելին՝ հաճախ փող են խնդրում Ծառուկյանից: - «Մենք էլ, որ պետք է լինում, մեր տան զարդեղենը բերում դնում ենք, գումարներ ենք վերցնում, որ էդ հարցերից մենք էլ լուծենք: Անհարմար ենք զգում՝ ամեն անգամ պարոն Ծառուկյանին դիմենք», - հավելեց «Առինջ մոլի» փոխտնօրենը:

Ի դեպ, վերջին օրերին ստուգումներ են սկսվել նաև «Մուլտի գրուպ» ընկերության գազալցակայաններում։ Արդյոք հարկային ստուգումները կապ ունեն տրանսգենդեր կնոջ խորհրդարանական ելույթից հետո ծավալված ԲՀԿ-իշխանություն հակամարտության հետ․ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, պատգամավոր Իվետա Տոնոյանը չի շտապում քաղաքական ենթատեքստ փնտրել․ - «Ցանկացած դեպքում, իհարկե, գնահատականները տարբեր կարող են լինել և կարող են այս գործընթացները մեկը մյուսի հետ կապված լինել: Այս պահին, համենայնդեպս, ես չէի ուզենա նման գնահատական հնչեցնել»:

«Առինջ մոլում» տեղի ունեցածը Իվետա Տոնոյանը համարում է տարօրինակ, հարցնում է՝ կարող էին չէ՞ մի քանի հոգով գնալ վարչարարություն ստուգել: - «Եթե շատ հակիրճ գնահատական տալու լինեմ, ապա այսպես՝ ահաբեկչական ֆիլմի գործողություններ էին պարզապես հիշեցնում այդ գործողությունները, որոնք իրականացվում էին «Առինջ մոլում», - ասում է պատգամավորը:

«Առինջ մոլում» իրական շրջանառությունը պարզելու նպատակով հարկային աղմկոտ ստուգումներ էին անցկացվել 2017-ին։ Մոլի փոխտնօրենն ասում է՝ բոլոր առևտրականների հետ են աշխատում, բացատրում որ պետք է ՀԴՄ կտրոնով աշխատեն։ Օրինականության կողմնակից են, և այս պահին մի անհրաժեշտ հիշեցում էլ ունեն: - «Մենք ինքներս էլ Թավշյա հեղափոխության մասնակից ենք: Երբ որ պարոն Նիկոլ Փաշինյանին ձերբակալել էին, ամբողջ «Առինջ մոլը» իր ժողովրդով գնացել ենք, մասնակից ենք եղել հեղափոխությանը», - ասում է Արմեն Ներսիսյանը:

Պետեկամուտների կոմիտեն խուզարկությունից հետո որևէ տեղեկություն առայժմ չի հրապարակել։ Ե՞րբ կվերականգնվի առևտուրը՝ «Առինջ մոլում» ենթադրում են երեք ամիս կտևի, մինչև հաճախորդները տեղեկանան, որ այն չի փակվել ու վերադառնան: