Նիկոլ Փաշինյանի երեկվա կտրուկ արձագանքից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել մաքսային ծառայության երիտասարդ աշխատակից Հայկ Մարտիրոսյանը: Հենց նրան վարչապետը նկատողություն արեց կեցվածքի ու այնուհետ էլ՝ աշխատասենյակի ոչ պատշաճ վիճակի համար։
«Ով որ էս սենյակում աշխատել է էդ դրոշի պայմաններում, ոչ մեկ չաշխատի, ոչ մեկ», - նշեց Փաշինյանը։
Գործադիրի ղեկավարի զայրույթի պատճառը մաքսատան աշխատասենյակում տեղադրված անխնամ դրոշն էր։ Պետեկամուտների կոմիտեից տեղեկացնում են՝ աշխատակցին մաքսատան ղեկավար կազմից ոչ ոք չի ճնշել աշխատանքից հեռանալու նպատակով. մաքսային ծառայողն իր կամքով է դիմումը գրել, հերթափոխի մյուս աշխատակցի հեռացման վերաբերյալ էլ դեռ տեղեկություն չկա։ Նա, ի դեպ, այսօր ծառայության էր. հրաժարվեց մեր հարցերին պատասխանել։
«Ես ինֆորմացիա իրավունք չունեմ ձեզ տալու առանց իմ վերադասի թույլտվության», - ասաց մաքսայինի աշխատակիցը։
Երեկ մեզ հետ զրույցում դիմումը գրած Հայկ Մարտիրոսյանն ասել էր՝ իրենք նոր են տեղափոխվել այդ աշխատասենյակ, դրոշն էլ այլ տեղից է բերվել։
Վարչապետի այցից հետո արդեն տարածքում նոր ցուցանակներ էին հայտնվել՝ պահպանել մաքրությունը, չծխել գրություններով, իսկ սարդոստայնները՝ դեռ տեղում էին։ Վարչապետն այսօր «Ազատությանն» ասաց՝ դեռ չի ստացել մաքսային ծառայողների աշխատանքից հեռացվելու վերաբերյալ զեկույցը, սակայն իր մտադրությունը չի փոխել։
Հարցին՝ շարունակո՞ւմ է պնդել, որ ազատվեն աշխատանքից այդ աշխատողները, նա արձագանքեց. - «Ես մի բանը մի անգամ եմ ասում»։
«Ազատության» դիտարկմանն էլ, որ իրավական առումով խնդիր կա և իրեն մեղադրում են, վարչապետն արձագանքեց. - «Եթե որևէ մեկը իրավական առումով գտնում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը չի կարող պաշտպանել Հայաստանի Հանրապետության դրոշը, ուրեմն մեր պատկերացումները պետության մասին տարբեր են»։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը երեկվա միջադեպը «տհաճ» բառով է որակում։ Նրա խոսքով՝ գործադիրի ղեկավարը չարաշահել է իր լիազորությունները։ Ըստ իրավապաշտպանի՝ Նիկոլ Փաշինյանը իրավասու չէր նման կարգադրություն անելու։
«Նրան կարող էր ազատել հենց ՊԵԿ կոմիտեի նախագահը, ընդ որում՝ ՊԵԿ կոմիտեի նախագահի պահվածքն էլ է շատ տարակուսելի, որ վարչապետի այդ մի զայրացած, այսպես ասած, հրահանգը նա փորձի կատարել և չընդվզի, եթե դա անօրինական է և չկան այդ իրավական հիմքերը ազատելու և ազատեն այդ տղային աշխատանքից՝ համարում եմ խայտառակություն», - ընդգծեց Ալեքսանյանը։
Իրավապաշտպանին նաև վրդովեցրել էր վարչապետի պահվածքը։ Ալեքսանյանի համոզմամբ՝ անտեղի էին Փաշինյանի կտրուկ քայլերը։
«Երեկ էլ հաստատել էին չէ՞ քաղաքացու օրը։ Քաղաքակիրթ երկրի վարչապետ, որը տենց սպառնալիքով էդպիսի տոնով նկատողություններով և մենք չենք տեսել, ճիշտն ասած։ Ես հասկանում եմ, որ դիտողությունը դրոշի հետ կապված տեղին է, կարող էր դա լինել, բայց ինչպե՞ս ես դու դա մատուցում», - ընդգծեց իրավապաշտպանը։
Մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանները, քաղաքական տարբեր գործիչներ քննադատում են գործադիրի ղեկավարի պահվածքը՝ ասելով, որ մաքսային ծառայողներին նման կերպ աշխատանքից հեռացնելու որևէ իրավական հիմք չկա, Մարդու իրավունքների գրասենյակից դեռ մեկնաբանություն չեն տալիս երեկվա միջադեպի վերաբերյալ։
«Օրենքը նախատեսում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը կոնկրետ պաշտոնատար անձի գործողությունների վերաբերյալ կարող է գնահատականներ հնչեցնել բացառապես փաստերի բազմակողմանի և օբյեկտիվ քննարկումից հետո՝ ըստ ընթացակարգի համապատասխան արդյունքի»:
Մարդու իրավունքների գրասենյակի աշխատակազմում իրականացվում է համապատասխան ուսումնասիրություն: