Մոտ երեք տարի առաջ Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ Մատենադարանում ստեղծվեց Միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների գիտահետազոտական խումբը, որը ղեկավարում է Մատենադարանում ավելի քան 40 տարվա աշխատող, բանասիրական և պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրունի Սահակյանը:
Այսօր հրավիրած ասուլիսին Սահակյանը հայտարարեց, որ իր ղեկավարած խմբի գործունեությունը օրերս տեղի ունեցած Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ դադարեցվել է՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի առաջարկած կառուցվածքային փոփոխությունների պատճառով: Իսկ խմբի գիտաշխատողներն ընդգրկվել են այլ բաժիններում:
«Այդ խումբը մինչև օրս աշխատել է լուռ ու մունջ, սուս ու փուս: Իր գործին լծվել է և հիմնել է «Միջնադարյան ժողովրդական մշակութի նյութեր և հետազոտություններ» անունով մատենաշար: Մատենաշարում երեք մենագրություն արդեն լույս է տեսել: Այդ կարճ ժամանակում մենք արել ենք այդ մատենաշարը, երեք հատ լույս ենք ընծայել, չորրորդը պատրաստ է, հինգերորդը պլանի մեջ է: Այսինքն մենք ունենք հեռանկար: Բայց այս ամենը, պարզվեց, որ ոչինչ է կառուցվածքային փոփոխությունների դիմաց», - ասաց պրոֆեսոր Սահակյանը:
Նրա խոսքով, Մատենադարանի տնօրենը իրենց բաժինը փակելու համար ոչ թե գիտական, այլ միմիայն անձնական դրդապատճառ է ունեցել, քանի որ ինքը եղել է նրա դոկտորական ատենախոսության գաղտնի գրախոսը և անաչառ կարծիք է ներկայացրել․ - «Ինքը որպես ժամանակավոր պաշտոնակատար երջանկահիշատակ Թամրազյանից հետո, պետք է պաշտպաներ դոկտորական, որպեսզի դառնար տնօրեն, պետք է արագ պաշտպաներ: Հիմա ի՞նչ կա որ, արագության մեջ մեկ-մեկ մարդ ձախողվում է․ արագ պաշտպանելու նպատակով թերի աշխատանք է ներկայացրել, որը տրվել է ինձ՝ գրախոսելու: Ես եղել եմ ԲՈՀ-ի՝ այսօրվա ԲՈԿ-ի գաղտնի գրախոսը: Ես էլ, հավատարիմ իմ գիտական սկզբունքներին, անաչառ կարծիք եմ տվել: Անաչառ կարծիքը գաղտնազերծվել է, օրենքի խախտում է դա: Եթե անգամ գան իրեն ասեն՝ լսիր, էս մարդը վատ բան է գրել, ինքը իրավունք չունի այդ ինֆորմացիայից օգտվելու, որովհետև դա գաղտնի ինֆորմացիա է, և պետք չէ ընդունել ի գիտություն կամ համարել ճշմարտություն»:
«Ազատության» հետ հարցազրույցում այսօր Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը շեշտեց, որ իր նախաձեռնած կառուցվածքային փոփոխություններն ամբողջովին ուղղված են Մատենադարանի գիտական գործունեությունն է՛լ ավելի արդյունավետ դարձնելուն․ - «Նախ և առաջ, կառուցվածքային փոփոխությունները նախատեսված են եղել իմ նախընտրական ծրագրի մեջ, որի հիման վրա ես ընտրվել եմ հինգ տարով և, բնականաբար, այդ ծրագիրը պիտի իրականացնեմ: Խնդիրը ընդամենը մեկ խմբի կամ մեկ անձի չի վերաբերում, այլ դա ամբողջի մի մաս է կազմում: Կառուցվածքային փոփոխությունների հետևանքով որևէ գիտաշխատող իր գործը չի կորցնում, Մատենադարանից դուրս չի մնում: Եվ ոչ էլ որևէ գիտական թեմա ընդհատվում է»:
Իր դոկտորական ատենախոսության առնչությամբ Տեր-Ղևոնդյանն ասաց․ - «Գաղտնի գրախոսը հատուկ թուղթ է ստորագրում, որ նա պարտավորվում է որևէ ձևով չհրապարակել, որ ինքը էս բանի գրախոսն է: Իսկ այս մարդը հպարտությամբ ասում է, որ ինքը եղել է իմ ատենախոսության գրախոսը և ուզում է ցույց տալ, որ այս ամեն ինչը ես անում եմ ինչ-որ անձնական թշնամության հիման վրա: Եթե ես իսկապես ունենայի որևէ անձնական խնդիր իր հետ ու ուզենայի ինչ-որ մի վատություն անել կամ վրեժխնդիր լինել, անցյալ տարի իր պլանային գիտական թեման ավարտվում էր և չէր հասցրել ժամկետում իր գործը, խնդրեց մի տարով երկարացնել: Մենք կարող էինք դա չանել և համարել, որ աշխատանքը չի արված և ազատել աշխատանքից: Բայց ես երկարացրեցի մի տարով, որպեսզի հնարավորություն տամ աշխատելու: Կամ՝ երկու տարի առաջ ինքը գիրք պիտի հրատարակեր, մենք չունեինք այդ միջոցները, ես եմ դիմել բարերարին, և այդ գիրքը հրատարակել ենք: Այսինքն, անձնական խնդիր չի եղել»:
Արծրունի Սահակյանի ղեկավարած խմբի փակման գիտական հիմնավորումը, Մատենադարանի տնօրենի խոսքով, հետևյալն է․ - «Ես ցույց տվեցի, որ խմբի չորս մասնակիցների, գիտաշխատողների թեմաները ո՛չ իրար հետ կապ ունեն, ո՛չ էլ խմբի անվանման հետ: Մի հոգու համար ստորաբաժանում ստեղծելը որևէ իմաստ չունի որևէ ձևով»:
Արծրունի Սահակյանն ասաց նաև, որ դիմելու է դատական ատյաններին, նաև աշխատելու է ստուգման ենթարկել Մատենադարանում վերջերս տեղի ունեցած աուդիտի արդյունքները․ - «Ես քառասուն տարի աշխատել եմ ազնիվ հիմնարկում: Չպիտի կասկածներ ունենամ, որպեսզի մաքուր, գիտական, ազնիվ այդ գործը շարունակեմ: Ես ուզում եմ, որ մեր տնօրենը, և եթե պետք է, ես պատրաստ եմ իրեն օգնել, վերադարձնի հիմնարկի գիտական մթնոլորտը»:
Մատենադարանի տնօրենը կրկին պնդեց, որ անձնական որևէ խնդիր չունի Արծրունի Սահակյանի հետ՝ շեշտելով․ - «Ոչ ոք չի կորցրել իր աշխատանքը․ գնացել են տարբեր բաժիններ և շարունակելու են իրենց աշխատանքը: Ես սա համարում եմ «մեծ աղմուկ ոչնչից» կամ «փոթորիկ մի բաժակ ջրի մեջ»»: