Երեքշաբթի երեկոյան՝ ժամը 22-ին, փակվեցին Իսրայելի բոլոր ընտրատեղամասերը, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացրեց, որ 21-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 71,8 տոկոսը, կայացել են:
Ընտրություններին մասնակցել էին 43 կուսակցություններ, որոնք մանդատ կստանան, եթե հաղթահարեն 3,25 տոկոսի շեմը:
Իսրայելի տարբեր հեռուստաալիքներ իրենց էքզիթ փոլերի արդյունքներն են հրապարակում:
Չնայած արդյունքները նախնական են և ոչ պաշտոնական, հիմնական պայքարը գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիքուդ» և նորաստեղծ ձախ կենտրոնամետ, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Բենի Գանցի գլխավորած «Կախոլ լավան» (թարգմանաբար՝ «կապույտ-սպիտակ»՝ ի պատիվ Իսրայելի դրոշի գույների) կուսակցությունների միջև էր: Ըստ որոշ աղբյուրների՝ 37 մանդատ ստացել է Գանցի կուսակցությունը, իսկ 35՝ «Լիքուդ»-ը: Մեկ այլ էքզիթ փոլի արդյունքներով՝ 36 մանդատ բաժին է հասել «Լիքուդ»-ին, 33՝ «Կախոլ լավան»-ին: Թվերն անընդհատ փոփոխվում են:
Ամբողջ գիշերվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուղիղ միացմամբ ներկայացնում էր քվեաթերթիկների հաշվարկի արդյունքները:
Դեռևս անհասկանալի է, թե որ կուսակցությունն է շատ ձայներ հավաքել և ի վերջո ով է հաղթել՝ «Բենի՞ն, թե՞ Բիբին», և ում է երկրի նախագահը հանձնարարելու կոալիցիոն կառավարություն ձևավորել:
Գիշերը Բենի Գանցը ընտրական շտաբում հայտարարեց, որ իրենք են կոալիցիոն կառավարություն կազմելու, և ինքը դառնալու է բոլոր իսրայելցիների վարչապետը:
Նրա ելույթից մեկ ժամ անց Թել Ավիվում իր կուսակցության առջև հանդես եկավ Բենյամին Նեթանյահուն, ով հայտարարեց, թե երբևէ «Լիքուդ»-ը այդքան քվե չէր ստացել: «Ես այս գիշեր զգացի, որ այն իրոք մեծ հաղթանակի գիշեր է», - շնորհակալություն հայտնելով իր թիմակիցներին՝ ասաց Նեթանյահուն և վստահեցրեց, որ ամբողջ գիշերվա ընթացքում արդեն բանակցություններ է վարելու կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար:
Իսրայելի պատմության մեջ մի քանի անգամ պատահել է, որ ընդդիմադիր կուսակցություններն ավելի շատ քվեներ են ստացել, բայց արդյունքում չեն կարողացել կառավարություն ձևավորել, ու կրկին Նեթանյահուն է այն կազմավորել:
Կոալիցիոն կառավարություն կազմելու համար «Կախոլ լավան»-ը բավականին բարդ իրավիճակի մեջ է հայտնվել ու ստիպված է լինելու արաբական կուսակցությունների հետ բանակցություններ վարել, ինչը քիչ հավանական է այժմ համարվում:
Շատ վերլուծաբաններ էլ նշում են, որ Նեթանյահուի կառավարությունը երկար կյանք չի ունենա:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագծի հեղինակ «Մերես» կուսակցությանը, այն ևս հաղթահարել է անցողիկ շեմը և նոր Քնեսեթում 4 կամ 5 պատգամավոր կունենա: