Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը հայտարարում է, որ մտահոգված է վերջին ժամանակներս շատացած ատելության խոսքի և մարդու իրավունքների և ԼԳԲՏԻ ակտիվիստների նկատմամբ բռնության սպառնալիքների դեպքերով:
«Ոչ բռնության սպառնալիքները, ոչ էլ որևէ խմբի կամ անհատի նկատմամբ խտրականության ցանկացած ձև հնարավոր չէ հանդուրժել: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և Հայաստանի Հանրապետության միջազգային իրավական պարտավորությունները, ներառյալ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և Հայաստանի կողմից ստորագրված և վավերացված Մարդու իրավունքների ՄԱԿ-ի այլ կոնվենցիաները արգելում են խտրականությունը: Հետևաբար, մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ըստ օրենքի հետաքննել և դատական կարգով հետապնդել ԼԳԲՏԻ համայնքի անդամների նկատմամբ ոտնձգությունների և չարաշահումների դեպքերը` նպատակ ունենալով երաշխավորել թիրախավորված անձանց ֆիզիկական անվտանգությունը և նպաստել ատելության խոսքից զերծ մարդկային արժանապատվության միջավայրին:
Խտրականության դեմ և հանդուրժողության սկզբունքները ներառում են բոլոր մարդկանց, այդ թվում՝ էթնիկ, կրոնական և սեռական փոքրամասնությունների մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը։ Հայաստանը այս սկզբունքների խթանման ուղղությամբ ստանձնել է գովելի հանձնառություններ և այդ ոլորտում հասել է առաջադիմության: Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանի ժողովրդին` կյանքի կոչելու այդ պարտավորությունները հանուն ավելի լավ կյանքի բոլորի համար», - ասված է հայտարարությունում:
Երեկ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանություններն էին համատեղ հայտարարությւոն տարածել՝ հորդորելով Հայաստանում բոլորին դատապարտել ատելության խոսքը և կոչ անելով իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել անհապաղ քայլեր Հայաստանի քաղաքացիների ֆիզիկական անվտանգության երաշխիքների ապահովման ուղղությամբ։
«Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանն անցած շաբաթ Ազգային ժողովում մասնակցել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հրավիրած լսումներին: Ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից՝ Մարտիրոսյանը բողոքել է սեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումներից և նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքից:
Տրանսգենդերի ելույթից հանկարծակիի եկած Նաիրա Զոհրաբյանը նկատողություն էր արել օրակարգից դուրս թեմաներ քննարկելու համար, ապա դուրս հրավիրել նրան նիստերի դահլիճից: