Այս օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը մարդու իրավունքներին վերաբերող լսումների ժամանակ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթն ու դրան հաջորդած Նաիրա Զոհրաբյանի (ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ) արձագանքն է, որը իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ խտրական ու մարդու արժանապատվությունը նվաստացնող գնահատեցին:
Մարտիրոսյանն ամբիոնից խոսել էր սեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումներից: Նիստը նախագահող Նաիրա Զոհրաբյանը նրան նկատողություն էր արել՝ «օրակարգից դուրս թեմա» քննարկելու համար:
Վարչապետ Փաշինյանն այս կապակցությամբ ասաց․ - «Դա Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստ էր, լսում էր։ Հիմա հարց եմ տալիս բոլորին․ Հանրապետականի իշխանության օրոք Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մարդ է՞, թե՞ մարդ չէ: Թող բոլորն այս հարցին պատասխանեն՝ հոգևորականները, հանրապետականները, բարգավաճականները, պահպանողականները: Երկրորդ, այն պահվածքը, որ այս ամեն ինչի վերաբերյալ ցուցաբերում է Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը, դա ընդհանրապես կասկածի տակ է դնում Հայաստանում մարդու իրավունքների վիճակը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պետք է մտածի՝ ինքը ընդհանրապես համապատասխանո՞ւմ է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշներին»:
Փաշինյանի հայտարարությանը ծանոթացած ԲՀԿ խմբակցության անդամները մի քանի րոպեանոց հրատապ հավաք անցկացրին ու հայտարարեցին, որ Նաիրա Զոհրաբյանը պետք է շարունակի պաշտոնավարումը։
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն այդ հավաքին չմասնակցեց, բայց երեկ ի պաշտպանություն Նաիրա Զոհրաբյանի հայտարարություն արել էր՝ նա [Զոհրաբյանը] իրեն շատ ճիշտ է պահել, եթե այլ կերպ պահեր, իրենց կողքին չէր լինի։
Գևորգ Պետրոսյանը իրենց որոշումը հրապարկեց․ - «Մենք խմբակցությունով գտնում ենք, որ Նաիրա Զոհրաբյանի կողմից ո՛չ պատգամավորի վարքագծի էթիկայի կանոնների, ո՛չ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի, ո՛չ էլ որևէ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթի խախտում չի եղել: Հետևաբար հիմքեր չկան իր թեկնածությունը վերանայելու»:
«Ազատության» հարցին, թե արդյոք անձամբ Նաիրա Զոհրաբյանը ցանկություն չունի վայր դնելու իր լիազորությունները, Պետրոսյանն արձագանքեց․ - «Անձամբ չեմ զրուցել, բայց որքանով գիտեմ, նման ցանկություն չկա»:
Իվետա Տոնոյանը փոխանցեց «Բարգավաճ Հայաստանի» տեսակետը Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբեյալ․ - «Կարծում ենք, որ այստեղ կա՛մ տեղեկատվության թյուրըմբռնում կա, կա՛մ ամբողջապես վարչապետը չի տիրապետում ինֆորմացիային միգուցե: Որովհետև Նաիրա Զոհրաբյանը կանոնակարգով սահմանված իր գործառույթները բոլորը իրականացրել է հավուր պատշաճի»
Իշխանական «Իմ քայլից» Վահագն Հովակիմյանի կարծիքով, ԲՀԿ-ն պետք է գնահատեր՝ արդյո՞ք բարձրացած աղմուկն իրենց ուժին օգուտ է․ - «Եթե իրենք կարծում են, որ նման պահվածը, նման մարտավարությունը, նման գործելաոճը, նման հայացքներով, մոտեցումներով հանդես գալը իրենց օգուտ է բերում, քավ լիցի, իրենք են որոշողը: Հետո էլ ընտրողները կորոշեն, թե ում օգտին քվեարկեն»:
Գյումրիի նախկին քաղաքապետ, տարիներ շարունակ Հանրապետականին անդամակցած, ապա ԲՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Վարդան Ղուկասյանը կարծում է, թե Հայաստանում ոչ բոլորն ունեն հավասար իրավունքներ․ - «Բոլոր մարդիկ հավասար իրավունքներ չունեն: Դա Եվրոպայում ունեն: Բռնության կողմնակից չեմ, բայց այլասեռվածներին վտարելուն Հայաստանից կողմնակից եմ: Ուղարկեք Հոլանդիա: Մենք ուզում ենք, որ․․․ էգը էգ լինի, որձը որձ լինի: Հիմա էգն ու որձը խառնել եք իրար, էդպես չի կարելի: Ամոթ է: Եվրոպա, Եվրոպա․․․ հասկացա՛նք Եվրոպա: Եվրոպան էլ չափ ու սահման ունի»:
Ղուկասյանն ավելի հեռուն գնաց․ - «Էդ ամբիոնը պետք է մաքուր լինի: Կողմնակից եմ, որ քահանան գա, օրհնի մի հատ: Ես, օրինակ, շատ վատ եմ զգում, որ էդ սրբապիղծը էդտեղից ելույթ է ունեցել, մենք էլ պիտի ելույթ ունենանք»:
Հայաստանում փոքրամասնությունների և իրավապաշտպանների նկատմամբ հնչող սպառնալիքներն անհանգստացնում են եվրոպացիներին։ Եվրամիության պատվիրակությունն ու Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանություններն այսօր տարածած համատեղ հայտարարությամբ հորդորեցին բոլորին դատապարտել ատելության խոսքը, և իրավապահներին կոչ արեցին ձեռնարկել անհապաղ քայլեր հայաստանցիների ֆիզիկական անվտանգությունը երաշխավորելու և ատելության հանցագործություններ հրահրելու մեջ կասկածվող անձանց դեմ ներկայացված ենթադրյալ մեղադրանքները քննելու համար:
Դառնալով վարչապետի այսօրվա հայտարարություններին: Փաշինյանը պատասխանել է նաև ՀՀԿ-ականների կողմից հնչեցվող քննադատությանը՝ հատուկ շեշտելով, որ չորս տարի առաջ հանրապետականների պահպանողական իշխանությունն է այն ժամանակ դեռ Վաղարշակ Մարտիրոսյանին տվել Լիլիթ Մարտիրոսյանի անուն-ազգանունով անձնագիր․ - «Այն պահին, երբ այդ հանրապետական իշխանությունն էդ մարդուն տվել է ՀՀ քաղաքացու անձնագիր Լիլիթ Մարտիրոսյան, սեռը՝ արական, նրան ընդգրկել է ընտրական ցուցակների մեջ, ուրեմն նրան օժտել է ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով և պարտականություններով։ Ես որ իրենց ասում էի, որ «դուք գեյ ակտիվիստ եք», իրենք չէին հավատում, իրենք էդ կարգավիճակից չեն կարող խուսափել, և սա ևս մեկ ապացույց է: Էդ ո՞ւմ են եկել ինչի մեջ մեղադրում»:
Փաշինյանը կարծում է, որ բարձրացված աղմուկը լավ կազմակերպված պրովոկացիա է հեղափոխության և կառավարության դեմ: Կազմակերպիչների անուններ Փաշինյանը չտվեց:
ԲՀԿ-ից հերքում են, թե իրենք կարող էին պրովոկացիա անել․ - «Իսկ ինչի՞ չեք մտածում, որ սա դիտավորյալ բերել էին, որ ցույց տան, որ հետագայում էդ ամեն ինչը ընդունելու ենք ոնց որ օրենքով» (Վարդան Ղուկասյան):