ԵՄ-ն Հայաստանում բոլորին հորդորում է դատապարտել ատելության խոսքը

ԵՄ-ն Հայաստանում բոլորին հորդորում է դատապարտել ատելության խոսքը, և կոչ անում իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել անհապաղ քայլեր Հայաստանի քաղաքացիների ֆիզիկական անվտանգության երաշխիքների ապահովման ուղղությամբ։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների համատեղ հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները խորապես մտահոգված են վերջին շրջանում տեղի ունեցող մի շարք դեպքերի առնչությամբ, երբ Հայաստանում փոքրամասնությունների և իրավապաշտպանների նկատմամբ լուրջ սպառնալիքներ, այդ թվում մահվան սպառնալիքներ են հնչել: Ատելության խոսքը, այդ թվում մահվան սպառնալիքներն ուղղված Լիլիթ Մարտիրոսյանին, նրա գործընկերներին և ամբողջ ԼԳԲՏԻ համայնքին հանդիսանում են այդ անհանգստացնող միտումների ամենաթարմ դրսևորումը և հանդիսանում են խտրականություն, որն արգելվում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի դրույթներով, որին Հայաստանը մասնակից է, որը նաև արտացոլված է ՀՀ Սահմանադրության մեջ:

ԵՄ-ն հորդորում է Հայաստանում բոլորին, որոնք խթանում են և հավատում են մարդու իրավունքների հիմնարարության սկզբունքին՝ դատապարտել ատելության խոսքը, և կոչ անում իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել անհապաղ քայլեր ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգության երաշխիքների ապահովման ուղղությամբ և քննություն անցկացնել ատելության հանցագործություններ հրահրելու մեջ կասկածվող անձանց դեմ ներկայացված ենթադրյալ մեղադրանքների վերաբերյալ»։

«Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանն անցած շաբաթ Ազգային ժողովում մասնակցել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հրավիրած լսումներին: Ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից՝ Մարտիրոսյանը բողոքել էսեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումներից և նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքից:

Տրանսգենդերի ելույթից հանկարծակիի եկած Նաիրա Զոհրաբյանը նկատողություն էր արել օրակարգից դուրս թեմաներ քննարկելու համար, ապա դուրս հրավիրել նրան նիստերի դահլիճից:

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով տեղի ունեցածին, նախ այն քաղաքական սադրանք որակեց, ապա ասաց. - «Այն պահվածքը, որը ցուցաբերում է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը, դա ընդհանրապես կասկածի տակ է դնում մարդու իրավունքների վիճակը, և այս պրովոկացիայի կազմակերպման արդյունքում, կարծում եմ, որ ԲՀԿ-ն պետք է մտածի՝ ընդհանրապես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում իրենց ներկայացրած հանձնաժողովի նախագահն արդյո՞ք Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է և ինքը համապատասխանո՞ւմ է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշներին, թե՞ ամբողջ խնդիրը նա է, որ կազմակերպել պրովոկացիա, սա քաղաքական պրովոկացիա է, և թիրախներն ուղղել «Իմ քայլը» խմբակցության դեմ»։

ԲՀԿ-ից այսօր արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանն ասացին, որ Նաիրա Զոհրաբյանը բարեխղճորեն է կատարել իր աշխատանքային պարտականությունները և այդ իմաստով որևէ հիմք չկա նրա կարգավիճակը վերանայելու