«Մենք չենք պատրաստվում որևէ մեկի դեմ ռազմական գործողություն սկսել, բայց եթե որևէ մեկը մեր դեմ ռազմական գործողություն սկսի, մենք նրան պարտադրելու ենք խաղաղություն», - երեկ Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետք չի ամեն բանակցային գործընթացից առաջ, հետո խոսել պատերազմի մասին։ Երբ որ մենք խոսում ենք պատերազմի մասին, մենք դրանով շեշտում ենք բանակցային գործընթացի կարևորությունը և մեր հավատարմությունը բանակցային գործընթացին», - ասաց Փաշինյանը։
Հարցին, թե բանակցությունները տալի՞ս են երաշխիք, որ Ադրբեջանը չի փորձի դիմել պատերազմական գործողությունների, Փաշինյանը պատասխանեց. - «Կողմերը՝ հղում անելով Դուշանբեի պայմանավորվածություններին, պայմանավորվել են պահպանել և ուժեղացնել հրադադարի ռեժիմը, սա մեր պայմանավորվածությունն է, սա մեր քաղաքական պայմանավորվածությունն է։ Կա՞ հնարավորություն, որ մենք դրժենք էս քաղաքական պայմանավորվածությունը, ո՛չ, էդպիսի հնարավորություն չկա, բայց եթե հանկարծ որևէ մեկը դրժի այդ քաղաքական պայմանավորվածությունը, դա չի նշանակում, թե մենք չենք պաշտպանվելու, և հույս ունեմ, որ Ադրբեջանի իմ գործընկերը չի դրժի էդ պայմանավորվածությունը։ Մենք շատ հստակ պայմանավորվել ենք և գրավոր էդ պայմանավորվածությունն արձանագրել ենք և գրավոր այդ պայմանավորվածությունն արձանագրված է նաև Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ և ստորագրությամբ, խոսքը դրա մասին է, բայց մեր սկզբունքների մեջ ի՞նչն է, որ նաև ոչ միայն ուժ չկիրառել, այլև ուժի կիրառման սպառնալիք չկիրառել, և մենք ընդամենը բոլորի ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ, ցավոք սրտի, Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ ուժի կիրառման սպառնալիքը որպես բանակցային գործոն փորձում է օգտագործել, մենք ընդամենը սա ենք ասում՝ եկեք չօգտագործենք դա, որովհետև, եթե շարունակեք օգտագործել, մենք էլ կօգտագործենք, արդյունքում ի՞նչ կստացվի։ Եկեք խաղաղության օրակարգը ձևավորենք և աշխատենք խաղաղության օրակարգի շուրջ, սա է մեր ուզածը»։
«Ազատության» հարցին, թե բանակցությունները սկսել է ա՞յն կետից, որ կետից որ կանգ է առել Սերժ Սարգսյանը, Փաշինյանը պատասխանեց. - «Ոչ, ես այդ կետից չեմ սկսել, ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից, սա կարևոր նրբություն է»։