Հունիսի 9-ին Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն

Ղազախստանի նախագահի պաշտոնակատար Կասիմ-Ժոմարտ Տոկաև, արխիվ

Արտահերթ նախագահական ընտրությունները Ղազախստանում կայանալու են հունիսի 9-ին, այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ղազախստանի նախագահի պաշտոնակատար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

«Երկրի սահմանադրության համաձայն ես հունիսի 9-ին Ղազախստանում նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ որոշում եմ կայացրել: Այս հարցի շուրջ ես խորհրդակցել եմ ազգային առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի և խորհրդարանի երկու պալատների նախագահների հետ», - հայտարարում էր Տոկաևը:

Ղազախստանի նախագահի պաշտոնակատարի խոսքով` «արտահերթ ընտրությունների անցկացման մասին որոշումը կարևոր է և անհրաժեշտ»:

Հետխորհրդային տարածքի ամենաերկարակյաց ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը մարտի 19-ին հրաժարական տվեց, բայց չհեռացավ քաղաքականությունից՝ 78-ամյա Նազարբաևը կղեկավարի Ղազախստանի Անվտանգության խորհուրդը:​

Ղազախստանի Սենատի խոսնակ, նախկին վարչապետ և արտաքին գործերի նախարար 65-ամյա Քասիմ-Ժոմարտ Տոկաևը մարտի 20-ին հանդիսավոր երդմամբ ստանձնեց երկրի նախագահի պաշտոնակատարի լիազորությունները։