ԲՀԿ-ն պետք է մտածի՝ արդյոք Զոհրաբյանը համապատասխանում է իր զբաղեցրած պաշտոնին. Նիկոլ Փաշինյան

«Ես որ իրենց [ՀՀԿ] ասում էի, որ «դուք գեյ ակտիվիստ եք», իրենք չէին հավատում, իրենք էդ կարգավիճակից չեն կարող խուսափել», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով օրերս Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների ժամանակ տրանսգենդերի ելույթին հաջորդած աղմուկին։

Վարչապետն ընդգծեց՝ 2015 թվականին «Հայաստանի պահպանողական իշխանությունը, ընտանեկան արժեքների և ավանդական արժեքների պահապան իշխանությունը» Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է և իրեն տվել է Հայաստանի քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր՝ նրան օժտելով ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով և պարտականություններով։

«Ես ինչքան հասկացա, Հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչներ հիմա շատ ակտիվ էդ թեման քննարկում են և իշխանության առաջ հարց են դնում, թե «էս ի՞նչ է կատարվում» և այլն։ Ես ուզում եմ ասել հետևյալը՝ 2015 թվականին Հայաստանի պահպանողական իշխանությունը, ընտանեկան արժեքների և ավանդական արժեքների պահապան իշխանությունն, ինչպես իրենք են իրենց անվանում, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է և իրեն տվել է Հայաստանի քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր, ընդ որում գրել է Լիլիթ Մարտիրոսյան, սեռն՝ արական, հիմա հանրապետականների մեջ ընդունված բա՞ն է, որ արական սեռի ներկայացուցիչների անունը Լիլիթ է։ Այն պահին, երբ ՀՀ իշխանությունն էդ մարդուն տվել է ՀՀ քաղաքացու անձնագիր Լիլիթ Մարտիրոսյան, սեռն՝ արական, նրան ընդգրկել է ընտրական ցուցակների մեջ, ուրեմն՝ նրան օժտել է ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով և պարտականություններով։ Ես որ իրենց ասում էի, որ «դուք գեյ ակտիվիստ եք», իրենք չէին հավատում, իրենք էդ կարգավիճակից չեն կարող խուսափել, և սա ևս մեկ ապացույց է: Էդ ում են եկել ինչի մեջ մեղադրում», - ասաց Փաշինյանը։

Վարչապետն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ խնդրի շուրջ գրավոր բացատրություն է պահանջել Պետական պահպանության ծառայությունից։

«Ինձ տվել են փաստաթուղթ, որ քաղաքացիների ցուցակը տվել է Նաիրա Զոհրաբյանը, ստորագրել է, և էդ ցուցակով մարդիկ ընդգրկվել են», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Դա Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստ էր։ Հիմա բոլորը թող պատասխանեն՝ հանրապետականները, բարգավաճականները, հոգևորականները, պահպանողականները ՝Լիլիթ Մարտիրոսյանը մարդ է՞, թե՞ մարդ չէ, եկեք սկսենք այս եզրույթից, երկրորդն՝ այն պահվածքը, որը ցուցաբերում է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը, դա ընդհանրապես կասկածի տակ է դնում մարդու իրավունքների վիճակը, և այս պրովոկացիայի կազմակերպման արդյունքում, կարծում եմ, որ ԲՀԿ-ն պետք է մտածի՝ ընդհանրապես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում իրենց ներկայացրած հանձնաժողովի նախագահն արդյո՞ք Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է և ինքը համապատասխանո՞ւմ է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշներին, թե՞ ամբողջ խնդիրը նա է, որ կազմակերպել պրովոկացիա, սա քաղաքական պրովոկացիա է, և թիրախներն ուղղել «Իմ քայլը» խմբակցության դեմ»։

«Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանն անցած շաբաթ Ազգային ժողովում մասնակցել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հրավիրած լսումներին: Ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից՝ Մարտիրոսյանը բողոքել է սեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումներից և նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքից: Տրանսգենդերի ելույթից հանկարծակիի եկած Նաիրա Զոհրաբյանը նկատողություն էր արել օրակարգից դուրս թեմաներ քննարկելու համար, ապա դուրս հրավիրել նիստերի դահլիճից: ԲՀԿ խմբակցության առանձին պատգամավորներ և ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր սուր քննադատեցին, որ թույլ է տրվել տրանսգենդերին մուտք գործել Ազգային ժողով: Լիլիթ Մարտիրոսյանի աջակիցներն էլ գործընթաց են սկսել Նաիրա Զոհրաբյանի դեմ՝ պահանջելով զրկել նրան Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից, քանի որ, ըստ նրանց, վերջինս խտրական մոտեցում է ցուցաբերել: