«Չեմ կարծում, որ որևէ ընկերություն կարող է Հայաստանի քաղաքացու կամ կառավարության հետ շանտաժով խոսել»․ Փաշինյանը՝ «Սպայկայի» մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անթույլատրելի է համարում խոսակցություններն այն մասին, որ հարկային պարտավորությունները չկատարելու կասկածանքով «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման հետևանքով ընկերությունը կարող է դադարեցնել գյուղմթերքի մթերումները:

«Ես չեմ կարծում, որ որևէ ընկերություն կարող է Հայաստանի քաղաքացու, գյուղացու կամ կառավարության հետ շանտաժով խոսել», - այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին: - «Ցանկացած ընկերություն էլ կարող է ասել՝ հարկեր եք ուզում մեզանից, ուզում եք, որ հարկ վճարենք կամ մեր չվճարած հարկերը վճարենք, ուրեմն մենք գյուղացու նկատմամբ էս կանենք, էն կանենք․․․ դա ի՞նչ խոսակցության ձև ա»:

Պետեկամուտների կոմիտեն անցած շաբաթ հայտարարեց, որ գյուղմթերքի խոշոր փոխադրող «Սպայկան» չի կատարել իր հարկային պատրավորությունները՝ պետությանը պատճառելով 7 միլիարդ 36 միլիոն դրամի վնաս։ «Սպայկա» ընկերության սեփականատեր և տնօրեն Դավիթ Ղազարյանն էլ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվեց։