«Ազատություն»․ - Տրանսգենդեր կնոջ ելույթը Ազգային ժողովի ամբիոնից․ ինչ-որ արտառոց բան տեղի ունեցե՞լ է: Ի վերջո մեր օրենսդրությունը դա չի արգելում, և երկրորդ, այդ համայնքի իրավունքները պաշտպանված են՝ գոնե փաստաթղթերով, օրենսդրությամբ:
Արտակ Զեյնալյան․ - Անձնական կյանքի իրավունքը արժանի է հարգանքի: Հանրային, հասարակական, պետական, այլ մասնավոր անձանց միջամտությունից պաշտպանված է այս իրավունքը: Միևնույն ժամանակ, հասարակությունը ևս պիտի պաշտպանված լինի անձի անձնական կյանքից: Անձը իր անձնական կյանքը չպիտի ի ցույց դնի հասարակությանը: Մի շարք իրավունքներ, այդ թվում արտահայտվելու ազատության իրավունքը, բացարձակ իրավունքներ չեն, որովհետև շատ հաճախ առնչվում են այլ իրավունքների հետ, և այս իրավունքներին պետության կողմից միջամտությունը իրավաչափ է: Կարող է պետությունը, հասարակությունը միջամտել այս իրավունքներին: Օրինակ, արտահայտվելու ազատությունը բացարձակ չի, և պաշտպանված չի ասենք վուլգար խոսքը, պաշտպանված չի ատելության խոսքը: Եվ պետությունը պիտի հասարակությանը պաշտպանի այսպիսի խոսքից:
«Ազատություն»․ - Այդ ելույթում կայի՞ն այդպիսի տարրեր:
Զեյնալյան․ - Հասարակությունը սա շատ սուր է ընկալում: Յուրաքանչյուրը ունի իր ինքնությունը, բայց մենք մեր ինքնությունը չենք դարձնում միակ շփման թեմա: Մենք խոսում ենք ամեն ինչից, մեզ միավորող բազմաթիվ խնդիրների մասին ենք խոսում, և անկախ նրանից, թե մարդը ինչպիսի հայացքներ ունի, կամ ինչպիսի անձնական կյանք է վարում, սա ընդհանրական խնդիրներ են:
«Ազատություն»․ - Ինքը հակառակն է ասում: Ասում է՝ իմ ինքնության պատճառով ես խոցելի եմ, ինձ ծեծում են, հետապնդում են, և ոստիկանությունը դրա հետքերով չի գնում:
Զեյնալյան․ - Կան մարդիկ, ովքեր որ ընկալում են, որ սա միջամտություն էր իրենց իրավունքներին, անհարգալից վերաբերմունք էր հասարակության բարքերի ու բարոյականության նկատմամբ․․․ Մեր երկրում խտրականության ցանկացած ձևը արգելված է: Ատելության խոսքից պետք է պաշտպանված լինեն բոլորը: Արտահայտվելը կարող է դրսևորվել նաև այնպիսի խոսքով, որը հասարակությանը կամ մարդկանց ցնցում է և շոկի մեջ է գցում, գրգռում է: Բայց չպետք է այդ խոսքը լինի բացառապես գրգռող․ գրգռողը, խոցողը, ցնցողը պիտի լինի բացառություն ընդհանուր կանոնից, և ոչ թե հակառակը: Չպետք է լրատվամիջոցը կամ անձը, ով արտահայտվում է, մշտապես պահի ցնցումի մեջ հասարակությանը, որովհետև հասարակության անդորրը, խաղաղությունը ևս պաշպանվող արժեք է:
«Ազատություն»․ - Այսօր Գագիկ Ծառուկյանն ասել է, որ դա արատ է: Նրանց խմբակցության մեկ այլ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասել է՝ պիտի պայքարենք իրենց դեմ:
Զեյնալյան․ - Դրանք իրենց տեսակետներն են: Մեր երկրում սահմանադրորեն ամրագրված է, որ խտրականության ցանկացած դրսևորում սահմանափակված է և արգելված է:
«Ազատություն»․ - Բայց այդ խմբակցությանը տրվել է մարդու իրավունքների հանձնաժողովը խորհրդարանում:
Զեյնալյան․ - Սա թեմա է, որը ենթակա է քննարկման: Մարդիկ, ովքեր հանդես են գալիս քննադատությամբ, պիտի նաև պատրաստ լինեն, որ իրենց քննադատությունը կարող է քննադատվել․․․ Բայց որևէ կողմ իրավունք չունի ատելության խոսք տարածելու, կոչեր անելու բռնության, հաշվեհարդարի: Սա խտրականություն է: Որևէ մեկը իր տարբերակված հատկանիշների պատճառով չպետք է զրկվի իր հիմնական իրավունքներից ու ազատություններից: Ժողովրդավարական հասարակարգում, ճիշտ է, փոքրամասնությունները պետք է պաշտպանված լինեն, բայց մեծամասնությունը ևս չպետք է լինի փոքրամասնության գերին: Պետք է այս իրավունքները հավասարակշռվեն:
«Ազատություն»․ - Եթե, օրինակ, վաղը-մյուս օրը նույնասեռականների ամուսնությունը հարցը բարձրացնեն, ընդհանուր առմամբ տպավորություն է, որ նոր իշխանությունը ևս չի ուզում առերեսվել այդ խնդրին, որովհետև գործ կունենա հանրության այդ զգայուն խմբերի հետ:
Զեյնալյան․ - Եվրոպական դատարանը այս իրավունքին կամ այս երևույթին վերաբերվում է որպես անձնական կյանքի հարգանքի խնդրի: Եվրոպական երկրներից հատուկենտերն են, որ ընդունել, և դեռևս մասսայական բնույթ չի կրում սա թույլատրելը: Կան նաև առանձնահատկություններ․ մեզ մոտ Սահմանադրությամբ այս իրավունքը թույլատրված չի: Պետությունը սահմանադրորեն չի կարող ճանաչել այս իրավունքը և այս իրավունքից բխող այլ հարակից իրավունքներ: Մարդիկ կարող են իրար հետ գտնվել ցանկացած հարաբերությունների մեջ, բայց դրանից ծագող, ասենք, ամուսնությանը ներհատուկ հարաբերությունները սահմանադրորեն արգելված են»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․