Աֆրիկայում ամերիկյան ուժերի հրամանատարությունն այսօր հայտարարել է ամերիկացի զինծառայողներին Լիբիայից ժամանակավորապես դուրս բերելու մասին:
Հայտարարությունը հնչել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի օդանավակայանի համար սկսված մարտերի ֆոնին:
Լիբիացի հրամանատար Խալիֆա Հաֆթարի ստորաբաժանումները փորձում են վերահսկողության տակ վերցնել օդանավակայանը: Անցած հինգշաբթի նա հայտարարեց, որ երկրի արևելքում գտնվող իր զորքերը սկսում են գրոհը Տրիպոլիի վրա:
Տարածաշրջանում ամերիկյան ուժերի հրամանատարն ասել է, որ իրավիճակը բարդ է ու անկանխատեսելի:
Լիբիայում ամերիկացի զիծառայողներն ապահովում էին դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը, աջակցում ահաբեկչության դեմ պայքարին ու տարածաշրջանային կայունությանը:
Լիբիայից դուրս բերվող ամերիկացի զինծառայողների թվաքանակի ու նոր տեղակայման մասին չի հաղորդվում: