Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ-ի և դրա կառույցների աշխատանքներում. Արմեն Սարգսյան

Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ-ի և դրա կառույցների աշխատանքներում: Այդ մասին ասել է Հորդանանում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթ օրը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը։

Կարևորելով ՄԱԿ-ի հետ Հայաստանի համագործակցությունը՝ նախագահն ասել է. «Ունենք բավականին ընդգրկուն և արդյունավետ համագործակցություն, նաև մեծ ցանկություն այն ավելի ինտենսիվ դարձնելու հատկապես ՅՈւՆԵՍԿՕ-ի և ՅՈւՆԻՍԵՖ-ի շրջանակներում»։

Արմեն Սարգսյանն ընդգծել է նաև Անտոնիո Գուտերեշի մեծ ներդրումը Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի գործունեության մեջ, որի հոգաբարձուների խորհրդի անդամ է եղել երկար տարիներ։

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել ՄԱԿ-ում և դրա կառույցների շրջանակներում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ։

Հայաստանի նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափ։ Հանրապետության նախագահը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել են Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի վերջերս կայացած հանդիպումը և ընդգծել, որ ԼՂ հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի։