Փաշինյանը վարչապետի պաշտոնում երկրորդ անգամ այցելեց Գյումրի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արագընթաց գնացքով մեկնում է Գյումրի, 5-ը ապրիլի, 2019թ․

Այսօր Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում երկրորդ անգամ այցելեց Գյումրի՝ այս անգամ ժամանելով Հարավկովկասյան երկաթուղու երկրորդ արագընթաց գնացքով, որը թույլ է տալիս երկու ժամում մայրաքաղաքից հասնել Գյումրի: Կայարանում բազմաթիվ գյումրեցիներ էին հավաքվել նամակներով ու փաստաթղթերով, ամեն մեկն եկել էր իր խնդիրը անձամբ վարչապետին փոխանցելու:

Վարչապետը ոտքով քայլեց Տիգրան Մեծ պողոտայով, որտեղ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ ճանապարհաշինական ծրագիր է իրականացվում, վերջնաժամկետը հունիսի 30-ն է: Փաշինյանը քայլեց ու հասկացավ, թե շինարարությունը ինչ անհարմարություններ է պատճառում բնակիչներին՝ արդարացի համարելով նրանց դժգոհությունը․ - «Հիմի էս մայթ ա եղել, քանդել ենք, չէ՞: Բայց քանդելուց առաջ մտածում ե՞ք՝ ստեղ որ շատ լավ ա, շատ պոզիտիվ ա, շինարարություն անելու ընթացքում մեր քաղաքացին որտեղո՞վ ա քայլելու»:

Վարչապետի աշխատանքային այցի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության գյումրեցի պատգամավոր Սարիկ Մինասյանի ու Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջև, Փաշինյանը սաստեց երկուսին էլ:

Ճանապարհաշինական ծրագրի գլխավոր խնդիրը մնում է այն, որ շինաշխատանքները անբարենպաստ եղանակին են սկսվում, և քաղաքը աշնանը կրկին նույն խնդրի առաջ կկանգնի: Վարչապետը փորձեց հասկանալ՝ մի՞թե հնարավոր չէ այնպես անել ու կազմակերպել աշխատանքները, որ բնակիչներին քիչ անհանգստացնեն:

«Ասենք, մենք որ մի տեղ շինարարություն ենք սկսում, դրա կանխավարկածն էդ ա, որ «վերջ, շինարարություն ենք սկսել, ինչ կուզենք՝ կանենք»: Տենց չի: Էդ շինարարություն իրականացնողը, նախագծողը պետք ա միջավայրի մասին մտածի: Հիմա, էս շինարարությունը ենթադրենք մի տարի տևեց, մի տարի էս մարդուն ասում ենք՝ «գնա Գյումրիից ուրիշ տեղ ապրի, մի տարուց հետ կգա՞ս»: Էդ մի տարվա ընթացքում պարտավոր են նրա միջավայրը ապահովել: Հիմա մեր շինարարական հրապարակների 90 տոկոսը աղբանոց է, բայց մենք նորմեր ունենք, չէ՞, պետք ա հետևե՞նք էդ նորմերին, թե՞ չպետք ա հետևենք», - ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետն առանց լրագրողների ուղեկցության այցելեց ռուսական 102-րդ ռազմաբազա: Թե ինչ հարցեր են քննարկվել բազայի հրամատարության հետ, Նիկոլ Փաշինյանը խոստացավ առաջիկա ասուլիսում անդրադառնալ:

Կառավարության ղեկավարը եղավ նաև ավտոկայանում ու դրան հարակից տնակային ավանում: Այստեղ բոլորն իրենց տնակներ էին հրավիրում վարչապետին, որ գա տեսնի, թե ինչ պայմաններում են ապրում:

Այս նույն տնակային թաղամասում 2008 թվականին Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգն էր եղել, ով զարմացավ, թե երկրաշարժից 20 տարի անց ինչ պայմաններում են ապրում մարդիկ: 11 տարի անց՝ երկրորդ պաշտոնյան վարչապետն էր, որ այցելեց թաղի տնակային ավան: Երկու տնակ մտավ, տեսավ պայմաններն ու ասաց, որ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը և մինչև հունիսի 30-ը կավարտի տնակների գույքագրումը, որից հետո նոր հնարավոր կլինի հարցին լուծում տալ:

«Տնակների հետ կապված ուրիշ հարցեր կան՝ էդ տնակները տեղից պետք ա հանվեն, թե չհանվեն, պետությունը ում նկատմամբ ինչ պարտավորություն ունի: Առանց էդ հարցերի պարզաբանման՝ մնացածը ուղղակի խոսակցություն ա: Մենք եթե չգիտենք՝ էդ հարցի լուծման արժեքը ինչ ա, ո՞նց ասենք, ո՞նց լուծենք էդ հարցը: Եթե նախագիծ չկա, նախահաշիվ չկա, պլան չկա, էդ հարցը չի լուծվի: Հիմա մենք կոնկրետ զբաղված ենք էդ հարցով: Մենք հիմի մինչև ամսի 30-ը էդ մեր հանձնաժողովը կաշխատի, ամսի 30-ին կգա մեզ կներկայացնի՝ ա) պետությունը քանի՞ տնակում ապրող քաղաքացու նկատմամբ ունի պարտավորություն», - նշեց Փաշինյանը՝ մանրամասնելով․ - «Հիմի ինձ ասում են, որ կա դեպք, երբ որ մարդը տուն ա ստացել, տունը վաճառել ա՝ հետ ա եկել: Հիմա էդ մարդու նկատմամբ, պետք ա հասկանանք, պետությունը պարտավորություն ունի՞, թե՞ չունի, հասկանո՞ւմ եք: Էնպես չի, որ եթե մարդը տնակում ա ապրում, էդ նշանակում ա՝ պետությունը իր պարտավորությունը չի կատարել: <...> Պետք ա թացը չորից մի հատ տարբերենք, հասկանանք՝ ով ով ա... »:

Վերջին կանգառը «Շիրակ» օդանավակայանում էր: Վարչապետին ներկայացվեց օդանավակայանի ներդրումային ծրագիրը, որը թույլ կտա ավելացնել ուղևորահոսքը: Առայժմ միակ ընկերությունը, որը թռիչքներ է իրականացնում, ռուսական «Պոբեդա»-ն է: Առաջիկայում հնարավոր է՝ «Տարոն Ավիա»-ն ևս վերադառնա Գյումրի: