Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բրյուսելին կրկին խնդրում է հետաձգել Բրեքզիթը մինչև հունիսի 30-ը: Եվրամիության առաջնորդներին ուղարկած նամակում Մեյն առաջարկում է հետաձգել ապահարզանի ժամկետները՝ ժամանակ տալով խորհրդարանին հաստատելու Բրեքզիթի համաձայնագիրը:
Հիշեցնենք՝ Լոնդոնի և Բրյուսելի միջև ավելի քան երկու տարի տևած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները բրիտանական խորհրդարանը ամիսներ շարունակ հրաժարվում է ընդունել:
Մեծ Բրիտանիան Եվրամիությունը պետք է լքի ապրիլի 12-ին, կառույցի հետ հետագա հարաբերությունների կարգավորումները, սակայն, մնում են օդում կախված, բրիտանացի օրենսդիրների համար, ընդ որում՝ թե՛ լեյբորիստների, թե՛ պահպանողականների, դրանք անընդունելի են:
Թերեզա Մեյի խոսքով՝ Լոնդոնը կփորձի Եվրամիությունից դուրս գալ մինչև մայիսի 23-ը՝ Եվրախորհրդարանի ընտրությունների օրը, բայց և այնպես, թեկնածուներ կառաջադրի ընտրություններում՝ դաշինքի օրենսդրությունը չխախտելու համար: Բրեքզիթի կողմնակիցները, մինչդեռ, մտավախություն ունեն, որ այդ դեպքում Եվրամիությունից դուրս գալու գործընթացը կարող է է՛լ ավելի ձգձգվել՝ ընդհուպ անհնարին դարձնելով Բրեքզիթը:
Եվրամիության անդամ երկրների ղեկավարները Լոնդոնի հերթական խնդրանքին պետք է պատասխանեն ապրիլի 10-ին, մերժելու դեպքում Մեծ Բրիտանիան եվրոպական ընտանիքը պետք է լքի ապրիլի 12-ին առանց գործարքի, ինչը հղի է քաղաքական, տնտեսական և իրավական անհաշիվ խնդիրներով:
Արևմտյան մամուլի տեղեկություններով՝ Դոնալդ Տուսկը հակված է Լոնդոնին Բրեքզիթի համար տալ ևս մեկ տարի: Եվրոպական հանձնաժողովի նախագահի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում «ամենախոհեմ ելքը դա է»:
Պաշտոնական Վիեննան արդեն արձագանքել է: «Պատճառ չկա լրացուցիչ երկարաձգման», - հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:
Ֆրանսիայում էլ վաղաժամ են համարում Բրեքզիթը 12 ամսով երկարաձգելու մտադրությունները, Reuters-ի հետ զրույցում հայտարարել է Ելիսեյան պալատի անանուն աղբյուրը:
«Ոչ Մեծ Բրիտանիայի և ոչ էլ Եվրամիության շահերից չի բխում Եվրամիությունից դուրս գալու երկարաժամկետ հետաձգումը», - այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը՝ առանց ասածը հստակեցնելու:
Թերեզա Մեյը, ով երկու տարի շարունակ հավաստիացնում էր, թե Եվրամիությունը կլքեն 2019 թվականի մարտի 29-ին, խորհրդարանի ստեղծած հերթական խոչընդոտներից հետո արդեն երկրորդ անգամ է հավելյալ ժամանակ խնդրում:
Բրյուսելը, սակայն, մերժել էր մինչև հունիսի 30-ը տարբերակը, փոխարենը թույլ տալով գործընթացը հետաձգել միայն մինչև ապրիլի 12-ը` հորդորելով բրիտանական խորհրդարանին և կառավարությանը ընդհանուր հայտարարի գալ այդ ժամանակահատվածում: Դա, այդուհանդերձ, տեղի չունեցավ՝ խորհրդարանը երրորդ անգամ մերժեց գործարքը:
Իր նամակում, որը հասցեագրված է «թանկագին Դոնալդին»՝ Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին, Մեյը գրում է․ - «Փակուղում մնալն այլևս անթույլատրելի է, այդ իրավիճակն անորոշություն է ստեղծում Միացյալ Թագավորությունում և հարվածում քաղաքական գործիչների նկատմամբ վստահությանը»:
Մեծ Բրիտանիայի վարչապետի վերջին հույսը Բրեքզիթի հակառակորդներն են՝ ընդդիմադիր լեյբորիստները, որոնց հետ պահպանողականների առաջնորդը փորձում է պայմանավորվածություն ձեռք բերել: Լեյբորիստները՝ Ջերեմի Քորբինի գլխավորությամբ, հանդես են գալիս Բրեքզիթից հետո Եվրամիության հետ հնարավորինս սերտ կապերի, փաստացի Եվրամիության միասնական տնտեսական տարածքում մնալու օգտին՝ ի տարբերություն իշխանությունների, որոնք ցանկանում են, որպեսզի Բրիտանիան լքի Եվրամիության միացյալ շուկան, մաքսային միությունը և ինքնուրույն վարի իր տնտեսությունը:
Լեյբորիստներին զիջելով մաքսային միության հարցում՝ Մեյն ընդդիմության աջակցությունը կստանա, սակայն դրան զուգահեռ կարող է կորցնել կուսակիցների քվեները: Մինչդեռ, ինչպես նկատում է բրիտանական մամուլը, վարչապետը քաղաքական հակառակորդների աջակցության հույսին է մնացել սեփական կուսակիցների անզիջում դիրքորոշումից դրդված: