Ֆերմերները Շիրակի մարզպետարանում գյուղատնտեսության փոխնախարարին ներկայացրեցին իրենց խնդիրները

Ֆերմերներն այսօր Շիրակի մարզպետարանում գյուղատնտեսության փոխնախախարար Գառնիկ Պետրոսյանի հետ քննարկեցին իրենց խնդիրները և հետաքրքվեցին կառավարության առաջարկած լուծումներից:

Գառնիկ Պետրոսյանը Հայաստանի համար լրջագույն խնդիր համարեց վարելահողերը անմշակ թողնելը: Իսկ թե ինչու գյուղացին հողը չի մշակում, դրա պատճառն էլ գիտեն:

«Մեր հանրապետությունում այսօր շուրջ 45 տոկոսը հողատարածքների, վարելահողերի չեն օգտագործում։ Պատճառները միանշանակ տարբեր են, մենք խորը ուսումնասիրություններ ենք կատարել և տասնյակ պատճառներ ենք բացահայտել հողերի չօգտագործման հետ կապված, դրանցից առաջինը ցածր եկամտաբերությունն է», - նշեց Գառնիկ Պետրոսյանը։

Կառավարությունը գյուղատնտեսության զարգացման մի քանի ծրագրեր է իրականացնում: Փոխնախարարը խոստովանեց, որ շատ ծրագրեր նախկինում ձախողվել են, գումարներն էլ անարդյունավետ են ծախսվել: Օրինակ բերեց հացահատիկի սերմացուի ծրագրիր․ տեղում ավելի էժանը արտադրելու փոխարեն նախկինում ավելի շատ ներկրել են:

«Մենք, օրինակ, Գյումրու սելեկցիոն կայանում, երբ աշնանացան ցորենի էլիտան վաճառվում էր 180-200 դրամով, դրսից ներմուծված առաջին վերարտադրության հացահատիկի սերմնացուն երբեմն մինչև 380 դրամ արժեք էր ունենում։ Այսինքն, համեմատելու մենք ոչինչ չունենք, մենք հսկայական միջոցներ անտեղի կորցնում էինք և էդ դեպքում մենք կարող էինք այդ միջոցների մի մասը ուղղել մեր սերմնաբուծության ոլորտ, խրախուսել, խթանել մեր սերմարտադրողներին: Եվ մենք կազմակերպենք տեղում սերմնաբուծությունը», - ասաց Պետրոսյանը։

Կառավարությունն այսօրվա նիստում անասնապահության զարգացմանն ուղղված մի ծրագիր է հաստատել՝ խելացի անասնագոմ: Գյուղացին այն կառուցում է ըստ անասնագլխաքանակի, պետությունը 50 տոկոս գումարը հետ է վերադարձնում, զուգահեռ՝ նաև անասնագլխաքանակ ձեռք բերելու համար էժան վարկ տրամադրում:

Հավաքվածները բազմաթիվ հարցեր ունեին կառավարության ներկայացուցչին: Գյուղացիները նոր վարկեր վերցնելու ցանկություն ունեն, բայց գրավ չունեն:

«Անասնաբուծության համար, տոհմային անասունների համար մեծ վարկեր են պետք, հինգ հատով, 10 հատով անասնաբուծության զարգացում չենք ապահովի։ Այսօր գաղտնիք չէ, որ ոչ մի գյուղացի չունի 20 միլիոն դրամի կապիտալ, որը գրավ կհանդիսանա: Հնարավոր չէ՞, որ էդ տոհմային անասունները գրավ հանդիսանան», - հարցրեց հավաքվածներից մեկը։

«Եթե հաջողվի ապահովագրել կենդանիները, այդ դեպքում բանկերի ռիսկը նվազագույնի կհասցվի, և հույս ունեմ, որ այդ դեպքում արդեն բանկերը կկարողանան անասունները որպես գրավ վերցնել», - պատասխանեց փոխնախարարը։

Ոչխարաբուծությունից էլ հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ծրագիր կա գյուղացուն այս հարցում օգնելու: Գառնիկ Պետրոսյանը ասաց, որ ոչխարի միսը թերևս միակ մթերքն է, որի իրացումը խնդիր չէ: Հարևան Իրան ու Արաբական Էմիրություններ են արտահանում, մեծ պահանջարկ կա: Սպանդանոցներում մահմեդական պետություններ արտահանվող միսը նույնիսկ հատուկ ծեսով է սպանդի ենթարկվում:

«Առանց համապատասխան ծիսակարգի սպանդի ենթարկված կենդանին չի կարող իսլամական երկրներում պահանջարկ ունենալ: Այդ կապակցությամբ հանրապետությունում կառուցվել են մի քանի սպանդանոցներ, որոնք իսլամական ծիսակարգով սպանդ են իրականացնում և արտահանում», - ընդգծեց Պետրոսյանը։

Գյուղատնտեսական մթերքի իրացման հարցում մարզում լուրջ խնդիր կա: Տեղում որակյալ արտադրանք են արտադրել, բայց ներկրվածն ավելի էժան է՝ չհաշված միջնորդները, որ գյուղացուց կրկնակի եկամուտ են իրենց համար ապահովում:

Արտահանման հիմնական շուկան գյուղմթերքի համար Եվրասիական միությունն է, 90 տոկոսը՝ Ռուսաստանը: Գառնիկ Պետրոսյանը, սակայն, այստեղ էլ է խնդիր տեսնում․ պարզվում է, որ Ռուսաստանում հայ գործարարը Լարսի անցակետը անցնելուց հետո ավելի լուրջ խնդիրների է հանդիպում։

«Երբ դուրս ենք գալիս Լարսից, արդեն մենք սկսում ենք տարբեր խոչընդոտներ հաղթահարել, մինչև մոտենում ենք խոշոր քաղաքներին: Էնտեղ շուկա մտնելը բավականին դժվար է, որովհետև էլի կան որոշակի ուժեր, ազդեցություններ և այլն», - ասաց փոխնախարարը։