Վարչապետ․ Համացանցում մանիպուլյացիաներ անողները պետք է շատ կոշտ հակահարված ստանան

Armenia -- Prime Minister Nikol Pashinian speaks at a cabinet meeting in Yerevan, April 4, 2019.

Քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը, մինչդեռ, ահազանգում է, որ նման գործընթացը կարող է սահմանափակել խոսքի ազատությունը:

Այսօր կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիան ազգային անվտանգության խնդիր որակեց և ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին հանձնարարեց հակահարված տալ նման ինֆորմացիա տարածողներին:

Վարչապետը միաժամանակ պնդեց՝ խոսքի ազատության իրավունքը Հայաստանում անառարկելի արժեք է և կարմիր գիծն այս գործընթացի արդյունքում չպետք է հատվի․ - «Եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է: Եվ ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ․․․ Սոցիալական ցանցերում կան ընդհուպ հեղափոխական դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում ընդհուպ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հասցեին՝ ցույց տալու համար, թե դա իրոք մեր հեղափոխական շրջանակների հետ կապ ունի: Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան»:

Արդեն նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը վստահեցրեց, թե ֆեյքերի դեմ պայքարը պետք է շատ զգույշ տանել, և եթե գրառման մեջ չկա հանցակազմ, իրավապահ համակարգը այդտեղ անելիք չունի։

Հարցին՝ հասկանալի՞ է Փաշինյանի հանձնարարականը, մասնավորպես ի՞նչ ասել է մանիպուլյացիա, Վանեցյանն արձագանքեց․ - «Մանիպուլյացիան դա է, որ արտահայտությունները կամ գրառումները կամ այն թեմաները, որոնք տարածվում են սոցիալական ցանցերում անանուն օգտատերերի կողմից, կամ ոչ հայտնի օգտատերերի կողմից, կարող են հասարակության շրջանում բերել այնպիսի տրամադրությունների, որոնք կարող են հանգեցնել ինչ-ինչ հետևանքների: Ես հիմա չեմ ուզում մտնել այդ բառախաղի մեջ, բայց հավաստիացնում եմ, որ այդ գործընթացը կատարվելու է շատ ուշադիր, շատ զգույշ, և որևէ դեպքում չի վնասվելու խոսքի ազատությունը»:

ԱԱԾ պետը անպատասխան թողեց մեր «Ազատության» հարցը, թե ովքեր են մանիպուլիացիաների համար միլիոններ ծախսող վարչապետի նշած հանցավոր շրջանակները և արդյոք հանձնարարականին հաջորդած փակ քննարկման ժամանակ անուններ Փաշինյանը հնչեցրե՞լ է, թե՞ ոչ: Վանեցյանը միայն վստահեցրեց, թե ամեն ինչ լինելու է օրենքի շրջանակներում:

Հարցին, թե արդյոք այդ գործընթացը ենթադրում է օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն, Վանեցյանն արձագանքեց․ - «Անկեղծ ասած, այս պահին ես պատրաստ չեմ այդ հարցին պատասխանելու, որովհետև դուք ինքներդ տեսաք, որ նոր եղավ այդ խոսակցությունը, և այս հարցերը նոր առաջացան,: Այդ իսկ պատճառով թույլ տվեք մեզ որոշ ժամանակ ուսումնասիրենք և բոլոր հուզող հարցերին կպատասխանենք»:

«Կեղծ լուրեր հրապարակելը հանցագործություն չէ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը, որի ղեկավարած կազմակերպությունը փաստերի ստուգման և կեղծ լուրերի բացահայտման հարթակ ունի: Նրա պարզաբանմամբ՝ Հայաստանում գործող օրենսդրությամբ գրեթե չկան կարգավորումներ, որոնք ԱԱԾ-ին հնարավորություն կտան պայքարել կեղծ լուրերի դեմ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նույն մարդիկ նաև այլ հանցագործություն են կատարել:

Դանիել Իոաննիսյան

«Կեղծ լուրեր հրապարակելը որևիցե ժողովրդավարական երկրում ինքնին հանցագործություն չէ: Որոշակի դեպքերում կեղծ լուրերը կարող են դիտվել հանցագործություն, օրինակ, երբ որ ուղղված են ընտրություններին մասնակցող սուբյեկտների դեմ, կամ հանցագործության մասին ակնհայտ կեղծ հաղորդում են պարունակում, ու նմանատիպ այլ երևույթներ: Բայց դա պետք է օրենքով սահմանվի: Իսկ Հայաստանի քրեական օրենսգիրքը այս առումով բավականին թերի է, այն երբեք չի քննարկվել հենց կեղծ լուրերի ռակուրսի ներքո և այժմ որևիցե լծակ չի նախատեսում իրավապահներին՝ պայքարելու կեղծ լուրերի դեմ»:

Դանիել Իոաննիսյանը ահազանգում է՝ գործընթացը կարող է սահմանափակել խոսքի ազատությունը: Կեղծ լուրերի դեմ պայքարը քաղհասարակության ներկայացուցիչը տեսնում է այլ կերպ: Նրա կարծիքով, առաջին հերթին պետք է բարձրացացնել հանրության մեդիագրագիտության մակարդակը: