Արմեն Սարգսյանն ապրիլի 5-ին կմեկնի Հորդանան

Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Հորդանան։

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ապրիլի 5-ից 7-ը տեղի կունենա Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված հանդիպումը, որին նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրված է որպես բանախոս:

Համաշխարհային տնտեսական համաժողովի հանդիպումը կազմակերպվել է Հորդանանի Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմի և թագուհի Ռանիա Ալ-Աբդալլահի աջակցությամբ և նրանց բարձր հովանու ներքո:

Ներկա են լինելու տարբեր երկրների պետական, գործարար ու քաղաքացիական շրջանակը ներկայացնող ավելի քան 1000 առաջնորդներ, ովքեր կքննարկեն այն մարտարհրավերները, որոնց առերեսվում է տարածաշրջանը: Մասնավորապես, հանդիպման մասնակիցները կխոսեն էներգետիկ անվտանգության, մաքուր և վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման, կիբերանվտանգության և մի շարք այլ հարցերի շուրջ:

Հանրապետության նախագահը ելույթ կունենա «Նոր էներգիա Մերձավոր Արևելքի համար» խորագիրը կրող քննարկման շրջանակում:

Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և գործադիր նախագահ, հայտնի տնտեսագետ Կլաուս Շվաբի հետ:

Արմեն Սարգսյանը ֆորումի երկարամյա մասնակիցներից է և Կլաուս Շվաբի հետ վաղեմի բարեկամություն ունի:

Հորդանան կատարած այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև գործարար շրջանակի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: