Կոնստանտին Օրբելյան․ Ես չեմ խնդրել, որ ինձ նշանակեն այս պաշտոնին

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակազմը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Կոնստանտին Օրբելյանի տնօրենի պաշտոնից ազատման հրամանի հակափաստարկները:

Այսօր այդ մասին լրագրողներին հայտնեց անձամբ Օրբելյանը․ - «Վարչապետը ստացել է մեր հակափաստարկները, և թերևս հիմա իր իրավաբանները ստուգում են մեր հիմնավորումները: Եվ եթե կան որոշ հարցեր, մենք պատրաստ ենք պատասխանել: Վարչապետն ասաց, որ եթե նախարարության ներկայացրած որևիցե կետ ճիշտ չլինի, իսկ այնտեղ, ցավոք, շատ են այդպիսիք, 13 կետում էլ անճշտություններ կան: Կտեսնենք վարչապետի արձագանքը: Ես շատ ծրագրեր ունեմ, լուրջ բանակցություններ եմ հիմա վարում»:

Անցած շաբաթ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով Օրբելյանը ազատվել էր Օպերայի և բալետի թատրոնի տնօրենի պաշտոնից, ինչը կրքեր էր բորբոքել: Հրամանը չեղարկելու, ինչպես նաև Ղարիբյանի հրաժարակի պահանջով շաբաթվա սկզբին Կառավարութան շենքի դիմաց բողոքի ակցիայի էին դուրս եկել ոչ միայն օպերային թատրոնի աշխատակազմը, այլև այլ թատրոնների ներկայացուցիչներ:

Նույն օրը պետք է ներկայացվեր թատրոնի նոր տնօրենը, որի անունը դեռ գաղտնի է պահվում, սակայն վարչապետի և թատրոնի աշխատակազմի հանդիպումից հետո այդ քայլը կասեցվեց:

Նախարարի պաշտոնակատարը իր արձակած հրամանը հիմնավորում է նրանով, որ 2017 թվականին Օրբելյանը խախտումներով է զբաղեցրել տնօրենի պաշտոնը:

Մինչ երկու կողմերի իրավաբանները փորձում են հասկանալ խնդրի ճիշտ ու սխալ կողմերը, Կոստանտին Օրբելյանը շարունակում է պնդել՝ ինքը օրենք չի խախտել․ - «Ի՞նչ լեգիտիմություն է ձեզ անհանգստացնում: Ինձ ասում են՝ կա կառավարության որոշում, որով ձեզ տնօրենի պաշտոնին նշանակել է Արմեն Ամիրյանը: Ես էլ ասում եմ՝ այդ դեպքում դուք կառավարության հետ խնդիր ունեք, ուրեմն կառավարությանը դատի տվեք, և թող դատարանը որոշի՝ լեգիտի՞մ եմ, թե՞ ոչ: Բայցևայնպես իմ պայմանագիրը ձեզ հետ օրինական է: Ես ոչ մեկից ոչինչ չեմ խնդրել, առավել ևս՝ անօրինական ճանապարհով: Ինչի՞ս է դա պետք: Ես չեմ խնդրել, որ ինձ նշանակեն այս պաշտոնին: Դա իմ կյանքի նպատակը չէր: Այստեղ ինչ-որ անհասկանալի վիճակ է, և թերևս Նազենի Ղարիբյանն այնքան էլ լավ խորհրդատուներ չունի: Եթե ամեն ինչ իրոք այնպես լիներ, ինչպես նա է ասում, ապա ինձ դեռ 9 ամիս առաջ կհանեին աշխատանքից: Ինչո՞ւ սպասել»:

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն ավելի վաղ հայտնել էր, որ թատրոնը 92 միլիոն դրամի պարտք է կուտակել տասնյակ տարիների ընթացքում, և վերջին 4 տարում մարվել է ընդամենը 10 միլիոնը:

Օրեբլյանն այսօր պնդեց, որ ինքը այդ պարտքերին որևէ առնչություն չունի և ժառանգություն է ստացել նախորդ իշխանություններից․ - «Տնօրենի պաշտոնը ստանձնել եմ 2017թվականի փետրվարին, երբ արդեն դեկտեմբեևից աուդիտ էր իրականացվում շենքում: Արդյուքները ստացանք մարտին և դա վերաբերում էր 2014,2015, 2016 վականներին: Խոսքը վարչական խախտումների մասին էր՝ Մշակույթի և Ֆինանսերի նախարարություններին առնչվող: Մենք հիմա մարում ենք այդ պարտքը, որը ես ժառանգել եմ նախորդ ղեկավարներից»:

Նկատենք, որ տնօրենի պաշտոնից ազատվելու հրամանի տակ որևէ քաղաքական ենթատեքստ Օրբելյանը չի տեսնում: Ի պատասխան «Ազատության» դիտարկմանը, թե արդյոք սկզբունքային հարց է զբաղեցնել երկու պաշտոններն էլ, և եթե խնդիրը հանգուցալուծվի ոչ իր ուզած սցենարով, արդյո՞ք կմնա գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, մաեստրոն արձագանքեց, որ նախ Օպերայի թատրոնում գլխավոր պաշտոնը պետք է լինի գեղարվետսական ղեկավարինը, ոչ թե տնօրենինը, և շատ խնդիրներ ծագել են հենց օրենքում առկա թերությունների հետևանքով: Ապա հարց բարձրացրեց՝ իսկ Նազենի Ղարիբյանը նախարարի պաշտոնակատար լինելուց բացի, իրավունք ունի՞ աշխատել նաև Մատենադարանում:

Հայտնի չէ, թե ում է նշանակել նախարարի պաշտոնակատար Ղարիբյանը նոր տնօրենի պաշտոնում: Մամուլում շրջանառվող անուններից է մոսկվայաբնակ կինոռեժիսոր, կոմպոզիտոր, պրոդյուսեր Բորիս Հայրապետյանը: Նախարարությունից ընդամենը տեղեկացին, որ նա թեկնածուների ցանկում եղել է:

Նախարարի պաշտոնակատար Ղարիբյանը գործուղման մեջ է, հետևաբար նրա հետ կապ հաստատել չհաջողվեց:

Հայրապետյանին ճանաչում է նաև Օրբելյանը: Ասաց, որ մի քանի անգամ սուրճ են խմել, ավելին ոչինչ չգիտի:

Թեպետ Հայաստանից հեռանալու մտադրություն առայժմ չունի, սակայն, եթե այդուհանդերձ այդպես ստացվի, ապա իր գնած դաշնամուրներն ու ռոյալները կթողնի հորեղբոր անունը կրող երաժշտական դպրոցին: Հիմա նոր ծրագրերի վրա է աշխատում: Իսկ այսօր երեկոյան նախագահ Արմեն Սարգսյանին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում է «Կախարդական սրինգը» ներկայացմանը: