Վերաքննիչ քրեական դատարանն այսօր քննում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը:
Ռոբերտ Քոչարյանը ներկա է նիստին։
Մինչև նիստի սկսվելը լրագրողների հետ զրույցում նախկին նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը, անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, թե բողոքը քննող դատավոր Ռուզաննա Բարսեղյանին նախկինում Ռոբերտ Քոչարյանը պարգևատրել է, ասաց՝ Քոչարյանը փոխանցել է, թե չի հիշում նման բան։
«Ես լսել եմ, որ նա պարգևատրված է եղել պարոն Քոչարյանի կողմից, պարոն Քոչարյանը էդպիսի բան չհիշեց, բայց ինչը հաստատ գիտեմ՝ որ նաև ամերիկյան դեսպանատան կողմից էլ է պարգևատրված եղել, և եթե էս ամեն ինչը իրար գումարեն, կստացվի, որ երևի լավ դատավոր է։ Դա մեզ միայն ուրախացնում է, և ինքնաբացարկի հիմք, ես կարծում եմ, դա հանդիսանալ չի կարող», - նշեց Ալումյանը։
Պաշտպանն ասաց, որ նախ իրենք ուզում են ճշտել, թե ինչպես է գործը հայտնվել դատավոր Բարսեղյանի վարույթում: «Նաև ուզում ենք իմանալ ինչ լուծում է ստացել՝ մենք միջնորդել ենք, որպեսզի դատախազների վերաքննիչ բողոքը թողնվի առանց քննության։ Երևի տեղյակ եք, որ դատախազներն էլ են վերաքննիչ բողոք գրել», - հավելեց փաստաբանը:
Ալումյանը հայտնեց, որ Քոչարյանի հետ այս ընթացքում հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպանը։ Հարցին՝ Սերժ Սարգսյանը փորձե՞լ է հանդիպել Քոչարյանին, նա պատասխանեց. «Չէ, իհարկե, չէ»։
Մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:
Միաժամանակ դատարանը մերժել էր պաշտպանական խմբի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը: Դատարանը հիշյալ որոշմամբ արձանագրել էր նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է:
«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից: