Զելենսկին ու Պորոշենկոն կբանավիճեն մարզադաշտում

Պետրո Պորոշենկո, Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուները՝ Վլադիմիր Զելենսկին ու Պետրո Պորոշենկոն կբանավիճեն մարզադաշտում: Գործող նախագահն ընդունել է մրցակցի՝ առաջին փուլում իրենից երկու անգամ ավելի շատ ձայն ստացած Զելենսկու մարտահրավերը: «Թող լինի մարզադաշտում, ես սպասում եմ Ձեզ, Վլադիմիր Ալեքսանդրովիչ», - գրել է Պորոշենկոն Ֆեյսբուք սոցիալական կայքում:

Դերասան, շոումեն Վլադիմիր Զելենսկին երեկ իր հայտնի հեռուստատեսային սերիալների ոճով դիմել էր մրցակցին և առաջարկել հանդիպել 65 հազարանոց մարզադաշտում: «Բանավեճը կլինի Ուկրաինայի ժողովրդի աչքի առաջ, բոլոր հեռուստակայանները կկարողանան ուղիղ հեռարձակում ապահովել: Որպես հարգանք Ուկրաինայի քաղաքացիների առնվազն մեկ երրորդի հանդեպ՝ Դուք պետք է հրապարակավ ասեք, որ բանավեճը կայանալու է ոչ թե Կրեմլի խաղատիկնիկի, ոչ թե ռուսամետ անջատականների աջակցի, ոչ թե ծաղրածուի, այլ՝ Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու հետ: Ես Ձեզ 24 ժամ եմ տալիս», - հայտարարել էր Զելենսկին:

Անցած կիրակի օրը կայացած ընտրություններում Զելենսկին ստացել էր ձայների մոտ 30 տոկոսը, Պորոշենկոն՝ շուրջ 15: Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 21-ին: